Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏՈԶ» զենքի «տզզոցն» ու Սուրիկ Խաչատրյանի խորը քունը. հիմա էլ պնդում են, թե Խաչատրյանի տան պատերն են հաստ

Հոկտեմբեր 25,2013 15:44

Գորիսի միջադեպի գործով եւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հարուցված գործով Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպի վերջին ձայնագրության շուրջ մեկնաբանություններն անիմաստ են:

Հիշեցնենք, որ սպանված Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը եւ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը գտնում են, որ համացանցում հայտնված Գորիսի միջադեպի առաջին տեսագրությունը մոնտաժված է, իսկ վերջին տարբերակում արդեն երեւում է, թե ինչպես է կրակոց լինում վերեւից՝ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտից:

Մարտին Զիլֆուղարյանի խոսքերով՝ «Նման բան չկա, դա նրանք են ենթադրում, դրանք ընդամենը ենթադրություններ են: Գնացեք դատարան եւ կիմանաք ողջ ճշմարտությունը՝ այդ գործի մասին»:

Մեր դիտարկմանը, որ հասարակությունն այդպես էլ չհամոզվեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից սպանությունը ինքնապաշտպանություն է՝ փաստաբանը պատասխանեց. «Չհամոզվեց, թող մասնակցի դատական նիստերին: Մասնակցեք, համոզվեք, թե ճշմարտությունը որն է»:

Մեր հարցին՝ Դուք երբ տեսագրությունները նայում եք, որեւէ տարբերություն չե՞ք գտնում մոնտաժված տարբերակի եւ վերջին տարբերակի միջեւ՝ նա պատասխանեց. «Ո՞ր մոնտաժված տարբերակի, ոչ մի մոնտաժված տարբերակ չի եղել, նույն կրկնօրինակն է: Առաջին տարբերակում, բնականաբար, այն հատվածներն են ներկայացրել, որտեղ որ դեպքը երեւա, մոնտաժված չի եղել ոչ մի բան: Եթե որեւէ մեկը կասկածում է որեւէ հարցում, թող խնդրի դատախազությանը, դատախազությունը կբացատրի գործի մանրամասները, իրական պատկերը, դրանից լավ բան կա՞»:

Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել եւ կրակոցների ձայնը չի լսել, քանի որ կրակել են «ՏՈԶ» զենքից: Նրա խոսքերով՝ «Տոզի» կրակոցը ձայն չի հանում, դա տզզոց է միայն»: Սակայն տեսագրության մեջ կրակոցների ձայներ են լսվում, հետեւաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր Սուրիկ Խաչատրյանը չլսել այդ ձայները: Մարտին Զիլֆուղարյանի մեկնաբանությամբ՝ «Այդպիսի բան չկա, դուք եք սխալ վերլուծում: Կրակել են 3 տեսակի զենքից, մեկը «ՏՈԶ», մյուսները՝ ուրիշ տեսակի, որոնցից էլ ձայն է գալիս: Բնականաբար, պիտի ձայն գար, ո՞վ է ասում միայն «ՏՈԶ»-ից են կրակել»:

Երբ մեջբերեցինք Ռուբեն Սահակյանի խոսքերը՝ «ՏՈԶ»-ի տզզոցի մասին՝ նա այսպես բացատրեց. « ՏՈԶ»-ից կրակել է Տիգրանը, այո՛, Տիգրանի պահով ճիշտ է ասել»:

Մեր հարցին՝ հետեւաբար ո՞նց կարող է մարդը քնած լինի սենյակում եւ կրակոցի ձայներ չլսի՝ փաստաբանը պատասխանեց. «Շատ լավ, հիմա եթե այս պատի հետեւը ինչ կատարվի մենք կարո՞ղ ենք լսել»: Մեր պատասխանին, որ եթե կրակոց լինի, կռիվ լինի, բնականաբար, կլսենք, բակային տարածքում երբ կռիվ է լինում, ամբողջ շենքը պատուհաններից դուրս է նայում, լսում է՝ նա պատասխանեց. «Շենքն ի՞նչ կապ ունի, եթե Սուրիկ Խաչատրյանը գտնվել է 3 պատ հետեւ, ո՞նց»: Ընդ որում, նա վստահեցրեց, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան պատերը շատ հաստ են. «Չի լսվում»:

Նա առաջարկեց գնալ Սուրիկ Խաչատրյանի տուն, մտնել նրա սենյակ եւ փորձարկում կատարել, տեսնել՝ լսելի՞ են այնտեղից ձայներ, թե՞ ոչ. «Կարծում եմ, թույլ կտան փորձարկում անել, իր սենյակը ցույց կտան եւ կհամոզվեք, որ չլսել հնարավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. չ-տգետ says:

    Մի ամբողջ կյանք քոռ ու խուլ ձևանալով ապրելու գինն էլ ասա, ու ՊՐԾ…

  2. չ-հաստագլուխ says:

    Գլուխներ կան, որոնց հաստության դեմ, ամենահաստ պատերն անգամ ղալաթ են արել

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031