ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը 25-27-ը կազմակերպում է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովը, որն անց է կացվում արդեն 4-րդ անգամ, միավորում է 12 երկրներից ժամանած ոլորտի անվանի գիտնականներին: Միջազգային գիտաժողովի ծրագիրն ընդգրկում է երիտասարդ հոգեբանների համար նախատեսված թեմատիկ կլոր-սեղաններ, մասնագիտական սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ: Գիտաժողովի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում:
Ֆակուլտետի դեկան Գ. Գեւորգյանը ողջունելով ներկաներին ասաց, որ մեր ժամանակներում բարդ է նման գիտաժողովներ անցկացնելը, սակայն շփման այս ձեւը լավագույնն է համարում. «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնահարցերը այնքանով են կարեւոր մեզ համար, որ մի կողմից նայելու ենք հոգեբանության գիտության խնդիրներին, իսկ մյուս կողմից քննարկվելու են ժամանակակից մարդու հոգեկանի հետ կապված խնդիրները»,-ընդգծեց նա:
Նա կարծում է, որ այս բարդ ժամանակներում հոգեբանությունը որպես գիտաճյուղ եւ հասարակության համար անհրաժեշտ մասնագիտություն` մեր օրերում արդիական է:
Գիտաժողովի ընթացքում արտասահմանցի գործընկերներից մի քանիսին ԵՊՀ-ի ռեկտորի նախաձեռնությամբ եւ ֆակուլտետի դեկանի փոխանցմամբ հանձնվեցին շնորհակալագրեր:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ