Քամանչահար, գեղանկարիչ Հակոբ Խալաթյանը Aravot.am-ին պատմեց այսօր «Նարեկացի» արվեստի միությունում կայանալիք իր վարպետի՝ քամանչահար, մանկավարժ Մարտին Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հուշ-երեկոյի մասին: Նշեց, որ կցուցադրվեն իր գեղանկարչական աշխատանքները,
վավերագրական ֆիլմ: Կա նաեւ համերգային մաս՝ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Հովիկ Սահակյան) և վարպետի սաների մասնակցությամբ:
Հակոբ Խալաթյանը հայտնեց, որ դեռեւս 10 տարի առաջ, երբ կազմակերպում էր վարպետի 80-ամյակին նվիրված միջոցառումը, հավաքել է նրան նվիրված արխիվային նյութերը եւ ամեն ինչ ի պահ տվել Գրականության եւ արվեստի թանգարանին: Այդտեղ էլ կայացել է առաջին միջոցառումը, կատարվել են Մարտին Խաչատրյանի երգերը, հրավիրվել երգիչ-երգչուհիներ, որոնք տարբեր տարիների աշխատել էին իր խմբերում:
Հակոբ Խալաթյանը լուսահոգի Մարտին Խաչատրյանին նորարար ու բազմաշնորհ մարդ է անվանում ոչ միայն մանկավարժական գործունեության առումով :
«Վարդան Բունին քսան-երեսնական թվականներին գործիքներ էր պատրաստում, Մարտին Խաչատրյանը 60-ականներից սկսեց նորովի մոտենալ դրան ու ստեղծեց փանդիռներ: Դա մեծ խթան հանդիսացավ նվագախմբերի համար, մեր պետական նվագախմբերը օգտագործում էին մեծ ու փոքր փանդիռները: Ինչ վերաբերում է մանկավարժական գործունեությանը, 1963 թվականից նա դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, որը ժամանակին միակ մշակութային կենտրոնն էր, քանի որ կոնսերվատորիան դեռ չկար»,- նշեց մեր զրուցակիցը:
Նաեւ հավելեց, որ Մարտին Խաչատրյանի նախաձեռնությամբ են բացվել քամանչայի, ապա՝ սանթուրի դասարանը Ալ. Սպենդիարյանի անվան դպրոցում:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս երիտասարդ սերնդի մեջ սեր արթնացնել ժողովրդական նվագարանների հանդեպ: Հակոբ Խալաթյանը նշեց, որ այդ առումով վիճակն այսօր բարվոք է, ժողգործիքների դասարանները երաժշտական դպրոցներում անվճար են, սակայն հիմա էլ այլ խնդիր կա:
«Այն ժամանակ աշխատանք կար, մարդիկ ավարտելուց հետո գիտեին, որ կընդունվեն այսինչ տեղն աշխատելու, հիմա դա էլ չկա: Եթե պրոպագանդում ես, որ երիտասարդը սովորի, հետո ի՞նչ է անելու: Կարող է ծնողը հարցնել՝ դուք ի՞նչ եք անում: Ես պիտի ասեմ՝ ոչի՛նչ, ես հիմա նկարում եմ: Ծնողը բնականաբար կհարցնի՝ իսկ եթե իմ երեխան նկարելու շնորհք չունի՞… Մի խոսքով, սոցիալ- տնտեսական հարցեր են առաջ գալիս, երաժշտական գործիք հայթայթելու ու հետագայում աշխատանքի տեղավորվելու հարց…»,-ասաց քամանչահարը:
Ցուցադրությունում շեշտադրված է քամանչան, այն երաժշտական ուղղվածություն ունի: Գեղանկարներում տարբեր սերունդների քամանչահարներ կան: Կան նաեւ բացառիկ լուսանկարներ, օրինակ, Մարտին Խաչատրյանի մանկապարտեզի լուսանկարը: Հակոբ Խաչատրյանը նշում է. «Քանի որ հայրը հացթուխ է եղել, Մարտին Խաչատրյանը չի քաղցել ու համեմատաբար լավ է ապրել: Նա տարբեր տարիների լուսանկարներ ունի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ