«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը պետական գնումների ոլորտն ուսումնասիրելուց հանգել է այն եզրակացության, որ մեկ անձից կատարվող գնումները ռիսկային են: Մասնավորապես, մեկ անձից գնումները կատարվում են պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններից:
Օրինակ` ինչպես ներկայացրել էր հակակոռուպցիոն կենտրոնը, Արագածոտնի մարզի մարզպետարանը մեկ անձից գնում է կատարել «Ես եւ նա» ՍՊԸ-ի միջոցով, իսկ այս ընկերությունը մարզպետի եղբորն է պատկանում, Վանաձորի քաղաքապետարանը մեկ անձից գնում է կատարել քաղաքապետին պատկանող «Արգիշտի 1» ընկերության միջոցով:
Այսօր ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը լրագրողներին ներկայացրեց պետգնումների ոլորտում կատարված բարեփոխումները: Aravot.am-ը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչ բարեփոխում են կատարել, որպեսզի մեկ անձից կատարվող գնումները չլինեն պաշտոնյաների ընկերությունների հետ եւ օրինակ բերեցինք հակակոռուպցիոն կենտրոնի բացահայտումները:
Փոխնախարարն այս առնչությամբ ասաց, որ որպեսզի կառավարությունը մեկ անձից գնման թույլտվություն տա, անհրաժեշտ է երեք անձի առաջարկ ներկայացնել, ապա ցույց տալ, որ հենց այդ մեկն է էժան գին ներկայացնում: Դիտարկմանը, որ համաձայնեցված առաջարկներ են ներկայացնում, փոխնախարարը հետաքրքրվեց, ինչպե՞ս կարելի է պարզել, որ դրանք պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ են, մենք էլ մատնանշեցինք ամենակարճ ու հավաստի աղբյուրները` պետռեգիստրի եւ ընտրողների ռեգիստրի կայքէջերը, որտեղ գրանցվում են ընկերությունների մանրամասն տվյալներն ու հասցեն:
Կարդացեք նաև
Մեր պատասխանից հետո Լիանա Հունանյանն ասաց` «Այ հենց դրա համար էլ այդ ամենը դարձրել ենք թափանցիկ, որպեսզի դուք գտնեք, վերլուծեք, ահազանգեք մեզ, մենք էլ դրա հետքերով գնանք»:
Մենք կրկին հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ կանխարգելիչ աշխատանքներ կարող եք կատարել նման դեպքերում: Մեր այս հարցին էլ պատասխանեց ասուլիսի մեկ այլ մասնակից,: Ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանն ասաց, որ նման երեւույթները հակամրցակցային են, եւ դրանով զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, եւ ֆիննախը նման դեպքերում համագործակցում է հանձնաժողովի հետ ու տվյալներ ներկայացնում: Իսկ թե մինչ օրս որ ընկերությունների վերաբերյալ է ֆիննախը տվյալներ ներկայացրել ՏՄՊՊՀ-ին, պարոն Ղամբարյանը չբացահայտեց:
Մանրամասն` տեսանյութում
Հարցին էլ` արդյոք նախարարությունը տեղյա՞կ է, որ ազգային անվտանգության խորհուրդը մեկ անձի գնումների ձեւով ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ է ձեռք բերել «Օրանժ Արմենիայից» եւ «Ղարաբաղ տելեկոմից», որոնք ֆիքսված հեռախոսակապի ծառայություն չունեն, պարոն Ղամբարյանը խոստովանեց, որ ծանոթ չէ այդ գնումին, բայց կուսումնասիրեն խնդիրը:
Մայրաքաղաքի ասֆալտապատման վերաբերյալ գնումների կայքէջում պայմանագրերի բացակայության մասին` տեսանյութում
Վերջերս կառավարությունը որոշեց ինսուլին եւ մի քանի այլ դեղեր բանակցային ճանապարհով ձեռք բերել, եւ դրանով մի քանի 100 միլիոն դրամի խնայողություն է լինելու. այն գինը, որը առաջարկում են մատակարարները 4 անգամ ավելի էժան է, քան մինչեւ հիմա պետգնումներով հնարավոր էր ձեռք բերել: Արդյոք հնարավոր է այդ դեպքն ուսումնասիրել` թե ինչպե՞ս կարող է պատահել, որ գնումների միջոցով մրցակցային պայմաններ է առաջարկվել եւ նույն ընկերությունը, որը գնումներին մասնակցել է, մայր գրասենյակն ավելի էժան գին է առաջարկել: Այս առնչությամբ էլ պարոն Ղամբարյանն ասաց. «Գնի նվազ լինելը կապված է գնման պայմաններից, տվյալ դեպքում առաջարկվում է պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով: Առավել շահավետ պայմանների դեպքում, հնարավոր է նվազ գնային առաջարկ ներկայացնել` օգտվելով մասշտաբի էֆեկտից»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ