Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան խաղաքարտը սկսեցին գործի դնել

Հոկտեմբեր 25,2013 14:35

Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին «անվտանգության» գործոնով արդարացնողներին դժվարին օրեր են սպասվում

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 23-ի նիստում կողմ քվեարկեց Արեւելյան հարեւանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ բանաձեւի փոփոխություններին: Դրանում անդրադարձ կար հակամարտություններին, որոնք, ըստ Եվրախորհրդարանի, պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:

Եվրախորհրդարանը վերահաստատել էր տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը` որպես Արեւելյան գործընկերության նպատակ, կոչ անելով հնարավորինս արագ լուծել հակամարտությունները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում: Բանաձեւում նշվել էր, որ ԵՄ-ն ակտիվ պետք է ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում, եւ հիշատակել էր մեկ երկրի կողմից մյուս երկրի՝ «տարածքների օկուպացման» մասին եւ մասնավորապես հիշեցվել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերն ու ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքները, որոնք ամրագրվել էին 2009-ին լ’Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ: Լ’Աքվիլայի հայտարարությունը հիմնված էր Մադրիդյան սկզբունքների վրա: Հիշեցնենք, Մադրիդյան սկզբունքներով պահանջվում է Լեռնային Ղարաբաղին հարակից «օկուպացված տարածքների վերադարձ», ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի տրամադրում` ապահովելով անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանն ու ԼՂ-ն իրար կապող միջանցք, իսկ ապագայում ԼՂ կարգավիճակի որոշում՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, ներառյալ՝ խաղաղարար օպերացիա:

Իհարկե, այս բանաձեւը Հայաստանի ու Ադրբեջանի համար իրավական ուժ չունի, այն խորհրդատվական է, բայց, այնուամենայնիվ, սա այդ կառույցի կողմից դիրքորոշում է, որը բոլորովին էլ ԼՂ-ի հարցում հայկական կողմի շահերից չի բխում: Եվրախորհրդարանի բանաձեւում, իհարկե, շեշտվել են նաեւ Հայաստանում արձանագրված առաջընթացը եւ բարեփոխումները, նաեւ ընդգծվել են ժողովրդավարության ոլորտում առկա թերությունները տարբեր ոլորտներում, սակայն նաեւ ափսոսանք են արտահայտվել Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության առիթով։

Անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին՝ պաշտոնական Երեւանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մակարդակով արձանագրեց, որ բանաձեւում ԼՂ խնդրին վերաբերող ձեւակերպումները հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաեւ հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների դիրքորոշմանը։

Ինչպիսի՞ դիրքորոշում կունենար Եվրախորհրդարանը, եթե Հայաստանը Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրեր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը՝ գտնվելով, ի տարբերություն Ադրբեջանի, այլ մակարդակի հարաբերություններում ԵՄ-ի հետ… Միանշանակ դժվար կլինի, իհարկե, պնդել, թե այլեւս նման բանաձեւեր չէին ընդունվի, սակայն մեկ բան պարզ էր՝ դեպի ասոցացման գնացող Հայաստանը ԼՂ-ի շահերի պաշտպանության հարցում այլ հարթությունում կարող էր գտնվել, քան հակամարտության մյուս կողմը՝ Ադրբեջանը:

Այսօր կարելի է արդեն կանխատեսել, որ Մոսկվայում սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, ունենալու է իր հետեւանքները Արեւմուտքի հետ փոխհարաբերություններում՝ անկախ նրանից, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կշարունակվի: Ժամանակ առ ժամանակ դեռ ականատես ենք դառնալու այսպիսի բանաձեւերի ընդունմանը: Խնդիրն այն չէ, որ գերտերություններն ու միջազգային հեղինակավոր կառույցները փոքր երկրների նկատմամբ մշտապես գործի են դնում ճնշման լծակներ, այլ այն, որ Հայաստանի ոչ ինքնուրույն քաղաքականությունը Հայաստանը դարձնում է խոցելի ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ ՌԴ-ի հետ փոխհարաբերություններում: Այսինքն՝ Հայաստանը չի կարողանում զսպել ճնշման լծակները, այլ, կարծես, ավելի շատ առիթներ է ստեղծում այդ լծակների գործածման համար:

Երեկ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդները Մինսկում հավաքվեցին՝ քննարկելու Մաքսային միության, Միասնական տնտեսական տիրույթի զարգացման հեռանկարները եւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման հարցը: Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաեւի հանդիպման նպատակներից մեկը նաեւ Մաքսային միությանը միանալու Հայաստանի հայտի քննարկումն է՝ այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Երեկ նաեւ Սերժ Սարգսյանը մեկնեց Բելառուս՝ Մինսկում մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:

Մինչ այդ՝ երկուշաբթի օրը, Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարություններ էր արել՝ նշելով, որ թեեւ մոտ ապագայում Հայաստանը Մաքսային միությանը չի կարող անդամակցել, բայց առաջիկայում կայանալիք ԱՊՀ երկրների եւ ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների գագաթնաժողովում այս թեման կարող է բարձրացվել։ Լուկաշենկոն չէր բացառել, որ Մինսկում ՄՄ-ին միանալու Հայաստանի մտադրության մասին փաստաթուղթ կստորագրվի։

Ի դեպ, ուշագրավ է, որ երեկ ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե Մինսկում Հայաստանի նախագահը որեւէ փաստաթուղթ կստորագրի՞ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, թե՞ ոչ։

Իսկ ինչ վերաբերում է Լուկաշենկոյին, ապա նա օրերս փոխանցել է նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ուշագրավ ցանկությունը: Պարզվում է՝ Նազարբաեւը դեմ չէ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն, սակայն նա ուշադրություն է հրավիրել Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքին. «Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից կլինեն հարցեր: Ինչպես ես եմ հասկացել, Իլհամ Ալիեւն այդ հարցն արդեն իսկ ուղղել է իր ղազախ գործընկերոջը: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ: Եվրոպան շատ չի ձգտում իր շարքերն ընդունել նմանատիպ տարածքային խնդիրներով երկրների»,- հայտնել է Լուկաշենկոն:

Դեպի Մաքսային միություն Հայաստանի բռնած ուղին «անվտանգության» ապահովման գործոնով արդարացնող հայաստանյան քաղաքական էլիտային, ինչպես երեւում է, դժվարին օրեր են սպասվում ապագայում… Հիմք ընդունելով Լուկաշենկոյի բացահայտումը՝ կարելի է եզրակացնել, որ Մաքսային միությանը չանդամակցող Ադրբեջանը, փաստորեն, արդեն իսկ Հայաստանին՝ ԼՂ խնդրով ՄՄ անդամ այլ երկրների օգնությամբ, «նեղը գցելու» գործին է լծվել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ես միշտ էլ համոզված եմ եղել,որ եվրոօլուխները երկակի ստանդարտներով առաջնորդվող,անբարոյական ու զերոարժեքային համակարգի կրողներ են…Համասեռամոլությունն ու թմրամոլությունը իսպառ վերացրել ու հարթեցրել են նրանց,այսպես ասած՝ ուղեղի ծալքերը…,,Եվրոմիություն,, կոչվածը մասշտաբային հասարակաց տուն է՝ իր բոլոր ատրիբուտներով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031