Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձապետարանները փակում են, անունը դնում՝ բարեփոխո՞ւմ

Հոկտեմբեր 25,2013 14:22

Գանձապետարանները լուծարելու դեպքում մարզերի շուրջ 200 մասնագետներ կունենան գործազուրկի կարգավիճակ

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժինների մի խումբ աշխատակիցներ  մտահոգություն են հայտնում ներկայումս մեր երկրում ընթացող գանձապետական բաժինների լուծարման առնչությամբ: Ըստ «Առավոտին» իրենց դժգոհությունը հայտնած աշխատակիցների՝ բարեփոխումների անվան տակ ի վերջո համակարգը կազմալուծվելու է: Նրանց դիտարկմամբ. «1996թ.-ից ի վեր՝ նախկին շրջանային  խորհուրդների գործկոմների լուծարումից հետո, երբեմնի ֆինանսական բաժիններին փոխարինելու եկան տեղական գանձապետական բաժինները (ՏԳԲ), որոնք ՀՀ ֆինանսների նախարարության, այսպես ասած, դեսպաններն են տեղերում եւ իրականացնում են գործառույթներ՝ հիմնականում բյուջետային հիմնարկների եւ համայնքների բյուջեների կատարման սպասարկում, բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ  նախնական վերահսկողության իրականացում:

Այսպես արդեն 17 տարի, որը մեզանից շատերի համար աշխատանքի անփոփոխ տարեգրություն է: Ու մինչ մեզ թվում էր՝ համակարգի  արդյունավետությունը բարձրացնելու համար այն առավել է  կատարելագործվելու, փոխարենը  սկսվել է լուծարման գործընթաց: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ լուծարման հետեւանքով ՀՀ մարզերի շուրջ 200 բարձրակարգ եւ փորձառու մասնագետներ կունենան գործազուրկի կարգավիճակ:

Սա մեզ համար, իհարկե, մտահոգիչ է: Իսկ ափսոսը թերեւս գանձապետական ողջ համակարգի վերացումն է, համակարգ, որը մեր համոզմամբ՝ կենսունակությունը չի կորցրել եւ առավել արդյունավետ կառավարվելու դեպքում լուրջ դերակատարում կունենա ֆինանսական կարգապահության ամրապնդման, բյուջետային  միջոցների ծախսման նկատմամբ նախնական հսկողության ուժեղացման եւ կանխիկ հոսքերի արդյունավետ կառավարմանը նպաստելու գործում: Այս կապակցությամբ ունենք որոշակի նկատառումներ, որոնց վրա կուզեինք հրավիրել ձեր ուշադրությունը:

Մեր հաշվարկներով՝ ՊՈԱԿ-ների հաշիվները գանձապետարան տեղափոխելու դեպքում, որը նախատեսված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այն շուրջ ութ տարի գտնվում է ՀՀ Ազգային ժողովում), հանրապետական բյուջեն  կստանա շուրջ 1.2 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ (այդ միջոցները կարելի է օգտագործել որպես կարճաժամկետ վարկային ռեսուրս):

Նախարարությունների, գերատեսչությունների կողմից իրականացվող ծախսերը գանձապետական նախնական հսկողությունից հանելու պատճառով զգալի չափերի են հասել ոչ նպատակային, անարդյունավետ  օգտագործման դեպքերը: Դա են հաստատում նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվություններում արձանագրված բազում նման փաստարկները:

Նույն վիճակն է առաջանալու նաեւ համայնքներում՝ ՏԳԲ-ների լուծարումից հետո:

Մենք կարծում ենք նաեւ, որ սոցիալական փաթեթներով նախատեսված գումարների ծախսերը գանձապետարանից բանկային համակարգ տեղափոխելու հետեւանքով լուրջ դժգոհություններ են առաջանալու հատկապես մանկավարժների շրջանում, որոնք իրենց ամառային հանգիստը կազմակերպելու համար բանկերին իրենց միջոցներից վճարում են որոշակի միջոցներ՝ որպես օգտագործված վարկի տոկոսներ:

Եվս մի նկատառում. գանձապետական բաժինների լուծարման պարագայում համայնքների գերակշիռ մասը կունենա լուրջ խնդիրներ, ինչպիսին արդեն առաջ են եկել, օրինակ, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում` Աբովյանի եւ Էջմիածնի ՏԳԲ-ների փակվելուց հետո: Նույն մտավախությունը կա Արագածոտնի եւ դարձյալ Արմավիրի մարզերում, որտեղ նոյեմբերի 15-ից դադարելու են գործել մարզկենտրոններ Աշտարակի եւ Արմավիրի ՏԳԲ-ները: Բանն այն է, որ գանձապետական գործառույթներն իրականացնելու համար շատ համայնքներ չունեն համապատասխան մասնագետներ եւ աշխատանքները կատարելու համար ստիպված են լինելու հավելյալ գումարներ ծախսել:

Այս ամենից բացի՝ բազմաթիվ  այլ խնդիրներ եւս կարելի է լուծել ՏԳԲ-ների միջոցով, քանի որ դրանք, իսկապես, կայացած կառույցներ են, համալրված են որակյալ մասնագետներով, որոնց այսօր սպառնում է գործազրկության վտանգը»:

Գանձապետարանների աշխատակիցները դիմելով ՀՀ նախագահին՝ կոչ են անում ավելորդ օղակ չհամարել տեղական գանձապետական բաժինները մեր երկրի ֆինանսական համակարգում՝ ակնկալելով նախագահի հանձնարարականը՝ դադարեցնելու ՏԳԲ-ների լուծարման գործընթացը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էմիլիա says:

    Գանձապետական բաժինները ավելորդ օղակներ են և չարիք են դարձել համայնքների համար: Նրանց բյուրոկրատական քաշքշուկը չափ չի ճանաչում: Ինտերնետային կապի միջոցով փոխանցումների կատարումը հոյակապ միջոց է համայնքների համար: Հարկային հաշվետվությունների նման:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031