Վրաերթի գործը բեկանվել է, ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության
Հանրապետության տարաբնույթ լրատվամիջոցների կողմից հաճախակի են դարձել ահազանգումները դատարանների կողմից երկրում գործող օրենքների հետ աղաղակող հակասության մեջ գտնվող դատական որոշումներ կայացնելու կապակցությամբ։ Դատական նիստերին առնչվող հաղորդագրություններում ներկայացվում է դատական գործերում առկա փաստերին ու փաստարկումներին ցուցաբերվող բացահայտ կողմնակալությունը, իրական, ծանրակշիռ փաստերի ու փաստարկումների անտեսումն ու շրջանցումը եւ, շատ հաճախ, ոչ միայն ոչ հավաստի, այլ նաեւ շինծու, հորինվածք հանդիսացող «հավաստիացումների» հիմք ընդունելը դատական վճիռներ կայացնելիս։ Անշուշտ, դատարանների ընդունած անօրինական, կոռուպցիոն «շահախնդրություններից» բխող որոշումներում իրենց ծանրակշիռ ավանդն են ունենում նաեւ ոստիկանության քննչական մարմինների եւ դատախազների կողմից դատարան ներկայացվող «անորակ», «անփութորեն» կազմված, դարձյալ խիստ կողմնակալ բնույթ կրող մեղադրական եզրակացությունները։
Ահավասիկ, ներկայացնենք մեկ տարուց ավելի ձգձգվող քրեական գործերից մեկի ոդիսականը։
2012թ. օգոստոսի 31-ին քաղաքացի Արտակ Ավդալյանն իր «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել է Կոմիտասի պողոտայի կողմից դեպի Դավիթաշեն թաղամաս։ Տ. Պետրոսյան փողոցով ընթանալիս, երբ դիմացի մեքենաները կանգնել են, ինքն էլ կանգ է առել։ Այնուհետեւ մի քանի մետր գնալուց հետո, նրա դիմացի մեքենան միանգամից դեպի ձախ է թեքվել եւ արագորեն հեռացել։ Այդ մեքենայի թեքվելուց հետո, նաեւ մթնշաղի պատճառով, Ա. Ավդալյանը նկատել է, որ առջեւից, հորդառատ անձրեւի պատճառով, փորձում են փողոցը վազքով անցնել մեկ տղամարդ եւ մեկ կին։ Նրանցից Ա. Ավդալյանի ավտոմեքենան գտնվելիս է եղել ընդամենը 4-5 մետր հեռավորության վրա։ Նա նախ փորձել է մեքենան արգելակել եւ այն կտրուկ ձախ է թեքել, որպեսզի չհարվածի երկու հետիոտներին։ Տղամարդ հետիոտնը՝ Հակոբ Քոչարյանը, տեսնելով ավտոմեքենան, արագացրել է վազքը եւ նորից հայտնվել Ա. Ավդալյանի մեքենայի առջեւի մասում։ Հ. Քոչարյանը ցատկել է առաջ, իսկ նրան վրաերթի չենթարկելու պատճառով Ա. Ավդալյանը մեքենան մի փոքր աջ է թեքել եւ հարվածել վազքը շարունակող կնոջը՝ Գոհարիկ Ավալյանին։ Հետիոտներին տեսնելու եւ նրանցից մեկին՝ Գ. Ավալյանին հարվածելու ողբերգական պահը տեւել է ընդամենը մեկ վայրկյան, որի ընթացքում մեքենայի անմիջական արգելակման գործողությունը հնարավոր չի եղել իրականացնել նաեւ հորդառատ անձրեւի եւ թաց ասֆալտի պատճառով։ Ա. Ավդալյանը մեկ րոպե անց զանգահարել է շտապօգնություն, սակայն վրաերթի ենթարկված կինը՝ Գ. Ավալյանը, 1,5 ժամ անց հիվանդանոցում մահանում է։ Սկսվում է նախաքննության եւ ապա՝ Երեւանի Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ոդիսականը։ 01.09.2012թ. ՀՀ ոստիկանության Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Ա. Ասատուրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցում է թիվ 60122112 քրեական գործը։ 27.12.2012թ. Երեւանի դատախազության ավագ դատախազ Ա. Մնացականյանը հաստատում է մեղադրական եզրակացությունը Արտակ Ավդալյանի նկատմամբ եւ գործն ուղարկում վերոնշյալ առաջին ատյանի դատարան։
Կարդացեք նաև
Ոստիկանության ավագ քննիչ Ա. Ասատուրյանը դեպքի խեղաթյուրված պատկերը ներկայացնելու եւ վարորդին միանշանակ մեղադրյալ ճանաչելու բացահայտ մտադրությամբ դիմում է հետեւյալ քայլերի։ Դեպքի օրը Արտակ Ավդալյանն իր ցուցմունքում նշել է, որ դեպքի ժամանակ ուժեղ անձրեւ էր գալիս։ 15.09.2012թ. նախաքննության ընթացքում գլխավոր վկա, վերոնշյալ Հ. Քոչարյանը ցուցմունք է տվել, որ «դեպքի պահին ուժեղ անձրեւ է տեղացել, ինչն իր կարծիքով՝ սահմանափակել է վարորդ Արտակ Ավդալյանի տեսադաշտը»։ Ինքը եւ վրաերթի ենթարկված Գ. Ավալյանը փողոցը վազքով են անցել հորդառատ անձրեւի պատճառով եւ չեն նկատել իրենցից 4-5 մետր հեռավորության վրա գտնվող մեքենան։ Հ. Քոչարյանը վերջին պահին է ձախ նայել եւ ցատկել առաջ։ Այնուհետեւ, քննիչը հարցում է կատարում Երեւանի օդերեւութաբանական կայան, որտեղից պատասխանում են, որ ժամը 19.10-20.00 անձրեւ է տեղացել, այսինքն՝ դեպքի ժամանակ՝ 19.30-ին անձրեւ էր տեղում եւ ասֆալտը թաց էր։
Դեպքի հաջորդ օրերին հարցաքննված վկաներին հարց չի տրվում անձրեւի առկայության վերաբերյալ։ Քննիչ Ա. Ասատուրյանը Հ. Քոչարյանին ամենայն հավանականությամբ հասկացրել է, որ նման ցուցմունքի դեպքում ինքը վկայից կարող է վերածվել երթեւեկության կանոնները կոպտորեն խախտած եւ վրաերթի պատճառ հանդիսացած մեղադրյալի, եւ վերջինս տրամագծորեն փոխում է իր ցուցմունքը եւ պնդում, որ դեպքի պահին անձրեւ չի տեղացել, ասֆալտը չոր է եղել, փողոցը՝ լուսավորված եւ այլն։ Այնուհետեւ քննիչը դեպքից 3 ամիս անց «հայթայթում» է եւս 3 վկաների, որոնք հանդես են գալիս նրան անհրաժեշտ կեղծ ցուցմունքներով (մնացած վկաների ցուցմունքները քննիչն անշուշտ չի արձանագրում)։ Քննիչ Ա. Ասատուրյանի վկան էլ վրաերթի ենթարկված կնոջ՝ Գ. Ավալյանի 3 ամիս անց հետո «գտնված» քույրն էր՝ Հասմիկ Ավալյանը։ Հ. Ավալյանի հակասական ցուցմունքներն էլ հիմք են ընդունվում ոչ միայն նախաքննության (թիվ 60122112 քրեական գործը հարուցելու), այլեւ 08.04.2013թ. կայացած դատաքննության եւ առաջին ատյանի դատարանի դատավճռի համար։
Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում ոչ միայն լիովին անտեսում է մեղադրյալի ցուցմունքները, այլեւ նրա դատապաշտպան Ռուբեն Բալոյանի ներկայացրած փաստերն ու փաստարկումները։ Մասնավորապես տվյալ դատական գործում առկա են հետեւյալ փաստաթղթերը. ըստ Երեւանի (Դավիթաշեն) օդերեւութաբանական կայանի տվյալների, 2012թ. օգոստոսի 31-ին, ժամը 19.10-ից 20.00 ժամանակահատվածում, Դավիթաշեն համայնքում տեղացել է անձրեւ, իսկ ըստ «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրենի կողմից ստացված պատասխանի, 2012թ. օգոստոսի 31-ին Դավիթաշենի Տ. Պեւորոսյան փողոցում արտաքին լուսավորության ցանցը միացվել է միայն 19 .45-ին, այսինքն՝ վթարից մոտ 15 րոպե անց (վթարը տեղի է ունեցել 19.30-ի սահմաններում, համաձայն շտապօգնության կանչի թիվ 380 թերթիկի՝ սույն դեպքով առաջին հեռախոսազանգը գրանցվել է 19.31-ին): Ինչպես քննիչ Ա. Ասատուրյանը, այնպես էլ դատարանը, «հաջողությամբ» շրջանցելով գործում եղած նշված եւ այլ փաստաթղթերը, գործ հարուցելու եւ դատավճիռ կայացնելու «առաքելությունում» հիմնվեցին անգամ վրաերթի ժամանակ դեպքի վայրում չգտնված տիկին Հ. Ավալյանի, նրա 3 հարեւանների եւ վրաերթի պատճառ հանդիսացած՝ նշված Հ. Քոչարյանի կեղծ ցուցմունքների վրա։ Մեղադրյալի պաշտպան Ռ. Բալոյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան, որում ծանրակշիռ փաստերով ապացուցել է, որ առաջին ատյանի դատարանի իրականացրած դատավարությունում կոպտորեն ոտնահարվել են ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից բխող պահանջները։ ՀՀ վերաքննիչ դատարանը 19.06.2013թ. կայացած դատական նիստում ընդունում է որոշում, որով բավարարում է վերաքննիչ բողոքը, բեկանել Աջափնյակ եւ Դավիթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08. 04. 2013թ. կայացրած որոշումը եւ գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, այլ կազմով…
ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ