Գերմանացի ջութակահար Կոլյա Բլախերը՝ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, ՀՀ նախագահի տիկնոջ հովանավորությամբ յոթերորդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը:
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա հայաստանցի երաժշտասերին ծանոթ ռուս դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցը եւ առաջին անգամ կներկայանա գերմանացի ջութակահար Կոլյա Բլախերը (լուսանկարում): Վերջինիս հետ հանդիպեց «Առավոտը»:
Գերմանական տարբեր հայտնի նվագախմբերի, ինչպես նաեւ Տոկիոյի, Լոնդոնի եւ մյուս կոլեկտիվների հետ հանդես եկած, դիրիժորներ Կլաուդիո Աբբադոյի, Ալան Գիլբերտի, Դանիել Հարդինգի, Դմիտրի Կիտաենկոյի եւ այլ ճանաչված դիրիժորների հետ համագործակցած ջութակահարը նախ իր հիացմունքը փոխանցեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Թոփչյանի հասցեին, շեշտելով, թե ինքն այս հարցում այնքան էլ շռայլ չէ: Հետո էլ հատուկ նշեց, որ ժամանակին սովորել է Ջուլիարդի համալսարանում, Դորոթի Դելեի ղեկավարությամբ, ով ուսանողն է եղել անվանի ջութակահար, մանկավարժ Իվան Գալամյանի: Իսկ մինչ այցը Հայաստան՝ գիտեր, որ առաջինը քրիստոնեությունն ընդունած ժողովուրդ են հայերը, ունեն հնագույն պատմություն եւ բազմադարյա մշակույթ: Ասաց նաեւ, թե, իր խոսքերով՝ Խաչատրյանի ջութակի կոնցերտը չի կատարել, սակայն հիացած է այդ ստեղծագործությամբ: Հետաքրքրությանը՝ իսկ չի՞ պատրաստվում աշխարհահռչակ այդ կոնցերտին հաղորդել իր մեկնաբանությունը, ջութակահարը ժպտալով պատասխանեց. «Մանավանդ հայերդ այնպե՜ս եք կատարում այդ գործը, որ դրան մոտենալը շատ պատասխանատու է… Իսկ ամեն անգամ հիացմունքով եմ լսում այն»:
Դիտարկմանը, թե մանավանդ հյուրախաղորդ երաժիշտները հաճախ ներկայացնում են գործեր, որոնք վաղուց համաշխարհային երաժշտական գրականության գանձարանում են ու հաճախ են հնչում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ժամանակին նույնիսկ չընդունված ստեղծագործությունը 20-30 տարի հետո դարձել է սիրված ու ցանկալի: Մեր զրուցակիցն ասաց, որ մերօրյա կոմպոզիտորների երկերը տարբեր բեմերից չհնչեցնելը հիմնականում հրավիրյալ կողմի մեղքն է, չնայած Երեւանում Բրամս հնչեցնելը իր խնդրանքն է: «Ճանաչված շատ նվագախմբեր ու դիրիժորներ այսօր հրավիրում են մենակատարների՝ Չայկովսկու, Բեթհովենի, Բրամսի եւ այլ դասականների գործերը կատարելու նպատակով: Իրավացի եք, օրինակ, Շոստակովիչի, Մալերի, Ստրավինսկու հրաշալի երկերին 10-15 տարի պահանջվեց, որ դրանք ընդունի աշխարհը»,- հայտնեց Կոլյա Բլախերը:
Ռեպլիկին, թե դուք էլ ձեր նախաձեռնությամբ տարածեք ձեր սերնդակիցների գործերը, ջութակահարն ասաց. «Կոնկրետ իմ երկրում մենակատարն է կոմպոզիտորին վճարում գումար՝ նրա երկը հնչեցնելու համար, այն էլ մի քանի անգամ կատարելուց հետո «ավարտվում» է այդ ստեղծագործության ոդիսականը: Չեմ կարծում, թե մենակատարներից շատերը իրենց թույլ տան ստեղծագործություն գնել»:
«Առավոտը» Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանից հետաքրքրվեց, թե փառատոնի ավարտից հետո ի՞նչ ծրագրեր են պլանավորված: «Այս համերգաշրջանում էլ մենք հավատարիմ ենք արդեն ավելի քան 10 տարի որդեգրած մշակութային քաղաքականությանը, քանի որ մշտապես լսում ենք ջերմ խոսքեր մասնագետների եւ մեր մշտական հանդիսատեսի կողմից: Ֆիլհարմոնիկը կրկին կընդունի արտերկրյա ճանաչված երաժիշտների ու դիրիժորների, սակայն մենք ուշադրության կենտրոնում ենք պահում նաեւ մեր տաղանդավոր հայրենակիցներին: Այս ամենից բացի, մինչեւ Ամանոր կանցկացնենք երեկոներ՝ նվիրված խմբավար Հովհաննես Չեքիջյանի, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի եւ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան հոբելյաններին»,- տեղեկացրեց տիկին Սիրունյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ