Հոկտեմբերի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելեց Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության երևանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի հետ զրույցից հետո, որին ներկա էր նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Արթուր Բաղդասարյանը Վիկտոր Կրիվոպուսկովին պարգևատրեց Ազգայի անվտանգության խորհրդի պատվո շքանշանով` հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի և ծառայությունների համար:
«Վիկտոր Վլադիմիրի, ես ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մասնագիտական-ստեղծագործական գործունեություն ընթացքում այս տարիներին ձեր կատարած աշխատանքների համար: Դուք մեկնում եք, բայց, վստահ եմ, ապագայում ևս մեզ սպասվում է ակտիվ համագործակցություն»,- իր խոսքում նշեց Արթուր Բաղդասարյանը:
Իր հերթին Վիկտոր Կրիվոպուսկովը, որպես սպա, որպես դիվանագետ և գիտնական, շնորհակալություն հայտնեց Արթուր Բաղդասարյանին բարձր պարգևի համար:
«Վերադառնալով Մոսկվա ես կշարունակեմ իմ գործունեությունն այնպես, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսուհետ ևս զարգանան, ընդլայնվեն և խորանան: Սրանք ուղղակի խոսքեր չեն: Դրա համար կա մեծ ցանկություն գործընկերների հետ շարունակելու այդ աշխատանքը հայ-ռուսական համատեղ ծրագրերում, որպեսզի Հայաստանը հասնի տիեզերական բարձունքների»,-ընդգծեց վիկտոր Կրիվոպուսկովը:
Արթուր Բաղդասարյանը Վիկտոր Կրիվոպուսկովի ուղեկցությամբ նաև շրջայց կատարեց Ռուսհամագործակցության վարչական շենքում` ծանոթացավ իրականացված բազմաթիվ ծրագրերին, ներկայացուցչության աշխատանքի պայմաններին և առանձնահատկություններին:
ԱԱԽ մամուլի հաղորդագրություն