«Ես կարծում եմ, վստահ եմ, որ առաջիկա օրերին, եթե ոչ առաջիկա ժամերին, ՀԱՕԿ-ը հստակ պարզաբանմամբ հանդես կգա եւ բոլորդ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը հիմնավոր կստանաք»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան հակամարտությանը` Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքների առիթով: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդու հետ կապված միջադեպին եւ նախարարի հրաժարականին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դա ցանկացած պաշտոնյայի անձնական պատասխանատվության, էթիկայի, բարոյականության եւ պետական պաշտոնյայից պահանջվող չափորոշիչների տիրույթում է գտնվում, այդ որոշումը պետք է կայացնի Յուրի Վարդանյանը։ Նա նշեց, որ ունեցել են նախադեպեր, երբ շատ ավելի փոքր զանցանքների համար պաշտոնյաները հրաժարականներ են տվել։
Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանին, 7-8 օր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս նրան ձերբակալել են, ապա՝ կալանավորել եւ ուղարկել Երեւան՝ քննչական մեկուսարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 268-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ