Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յոթը հաջողակ թիվ է «Վերադարձի փառատոնի» համար

Հոկտեմբեր 25,2013 13:50

Դասական երաժշտության «Վերադարձի փառատոնն»  արդեն յոթերորդ տարին է իրականացվում: Այս տարի այն կբացվի հոկտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ կերկարաձգվի մինչեւ նոյեմբերի 20-ը: «Առավոտի» հետ զրույցում փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը հայտնեց, որ հետաքրքիր փառատոն է սպասվում՝ նոր ծրագրով, նոր մասնակիցներով: «Բացման համերգը նվիրված է կամերային պետական նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի ծննդյան 80-ամյակին: Այս համերգը կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ եւ  հյուրերը կներկայանան ինքնատիպ ծրագրով:  Հյուրերն են ջութակահարներ Միքայել Հախնազարյանը (Գերմանիա), Դավիթ Հարությունյանը (Ֆրանսիա) եւ նրանց հետ համագործակցող ալտահար Տոմոկո Ակասական: Երեւանից նրանց  կմիանա Մերի Մովսիսյանը:  Մեր հաջորդ համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին, նույն ծրագրով կներկայանանք Աբովյան քաղաքում՝ Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում: Նույն մասնակիցներով եւ հոկտեմբերի 31-ին Կամերային երաժշտության տանը կներկայացնենք կամերային երաժշտության երեկո՝ մեր հյուրերի՝ Միքայելի, Դավիթի եւ Տոմոկո Ակասակիի հետ, որոնց կմիանան տեղացի երաժիշտները՝ թավջութակահար Վահան Գրիգորյանը, ալտահար  Արմեն Թորոսյանը եւ ջութակահար Տիգրան Մաթեւոսյանը: Այս համերգը կներկայացվի նաեւ Ֆրանսիայում՝ միջազգային փառատոնին»,- նշեց տիկին Շահինյանը:

«Վերադարձի փառատոնը» հետամուտ լինելով իր գաղափարին, որ ոչ միայն համերգներ է ներկայացնում, այլեւ ստեղծում մթնոլորտ, որ հրավիրված եւ հայաստանցի երաժիշտների համար համագործակցության եզրեր գտնվեն ու համատեղ նախագծեր իրականանան: Նոյեմբերի 3-ին կներկայացնենք համերգ, որի մասնակիցն առաջին անգամ է ելույթ ունենալու «Վերադարձի փառատոնի» շրջանակներում: Խոսքը ամերիկաբնակ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի մենահամերգի մասին է,  որի ընթացքում կներկայացվեն տարբեր ժամանակաշրջանների ու կոմպոզիտորների ֆանտազիաները: Նոյեմբերի 8-ին Կամերային երաժշտության տանը  կունենանք վոկալ երաժշտության երեկո, հանդես կգան երկվորյակ քույրեր՝ շվեյցարաբնակ  Կարինե Մկրտչյանը եւ երեւանաբնակ Արմինե Մկրտչյանը: «Վերադարձի փառատոնի» շրջանակում մենք  թեկուզ մեկ համերգով Հայաստան ենք վերադարձնում հայ երաժիշտներին, տվյալ դեպքում՝ Կարինեին»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Փառատոնի հիմնադիրը հավելեց, որ եզրափակիչ համերգը կկայանա նոյեմբերի 20-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում. «Դա համատեղ համերգ է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Մենակատարը մեր հայրենակիցն է՝ իսրայելաբնակ  դիրիժոր եւ դաշնակահար Վահագն Պապյանը: Նա արդեն չորրորդ անգամ է մասնակից լինելու «Վերադարձի փառատոնին», բայց ամեն անգամ ներկայանում է նոր ծրագրով: Այս տարին եւս բացառություն չի լինի. Վահագն Պապյանը ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Ռախմանինովի երրորդ կոնցերտը: Շատ կարեւորում եմ այն փաստը, որ փառատոնի ընթացքում ելույթ կունենան երկու պետական նվագախմբերը՝ ֆիլհարմոնիկն ու կամերայինը, կարծում եմ՝ սա հետագայում էլ կլինի շարունակական»:

Հավելենք, որ «Վերադարձի փառատոնն» անցկացվում  է Առաջին տիկնոջ հովանու ներքո, հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերւթյունը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031