Ռոբերտ Փլանթը հայտնաբերել է Led Zeppelin-ի՝ նախկինում չհրատարակված որոշ ձայնագրություններ: Ընդ որում` դրանցից մի քանիսում վոկալիստի դերում է խմբի բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսը: Այս մասին լեգենդար ռոք խմբի երգիչը պատմել է BBC 6Music-ի հետ հարցազրույցի ընթացքում, որը եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 16-ին: Նա ասել է, որ լսել է հայտնաբերված ձայնագրությունները կիթառահար Ջիմի Փեյջի հետ միասին, եւ մեծ հավանականություն կա, որ դրանք լույս կտեսնեն Led Zeppelin-ի ալբոմների` ռեմասթերինգի ենթարկած տարբերակներում, ինչի վրա Փեյջն այս պահին աշխատում է: Փլանթն ասում է, թե Ջոն Փոլ Ջոնսը փորձում է կաշառել իրեն, որպեսզի այդ ձայնագրությունները լույս չտեսնեն: Մասնավորապես, Ռոբերտ Փլանթն ասել է. «Վերջերս ես մի քանի քառորդ մատնաչափանոց ժապավեններ գտա: Ես հանդիպեցի Ջիմիի հետ, եւ մենք դրանք տեղադրեցինք եւ լսեցինք: Եվ այնտեղ կան շատ, շատ հետաքրքիր կտորներ ու հատվածներ, որոնք, հնարավոր է, կհայտնվեն վերաթողարկումներում: Ես անձնուրացորեն փորձում եմ օգտագործել այդ մի երգը կամ երկու երգերը, որտեղ Ջոն Փոլ Ջոնսը երգում է հիմնական վոկալային մասը»: Նա նաեւ կատակել է, թե Ջոն Փոլ Ջոնսն իրեն կաշառք է առաջարկում` միայն թե այդ երգերը չթողարկվեն. «Այս պահի դրությամբ նա պատրաստվում է ինձ տալ երկու ավտոմեքենա եւ ջերմոց, որպեսզի դրանք ալբոմում չհայտնվեն, – ծիծաղելով ասել է Փլանթը, – օհ, Ջոն, որտեղ էլ լինես քո օպերայով, դու չես համբերի, որ լսես ինքդ քեզ երգելիս` աշխարհով մեկ»:
Հիշեցնենք, որ Ջոն Փոլ Ջոնսը ներկայում աշխատում է շվեդ գրող Ավգուստ Ստրինդբերգի` 1907-ին գրված «Հոգիների սոնատ» պիեսի վրա: Վերջերս, The Pulse Of Radio-ի հետ հարցազրուցի ընթացքում Ջոնսը խոստովանել է, որ երաժշտություն գրելիս նա գերադասում է միայնակ լինել եւ ընդհանրապես լինել երաժշտությունից հեռու: «Ես գրում եմ երաժշտական գործիքներից հեռու, – ասել նա, – գիտե՞ք, եթե ես գործիքով նստեմ, ես կմոռանամ, որ երգ եմ գրում եւ դա կվերջանա նրանով, որ ես ուղղակի կսկսեմ աննպատակ նվագել: Այնպես որ, ես հիմնականում իմ ռիֆերը գրում եմ զբոսնելիս: Դուրս եմ գալիս զբոսանքի եւ հետս նոթատետրի թուղթ եմ վերցնում, որ կարողանամ հիշել եւ գրի եմ առնում այն, ինչ կա»:
Անցած տարի Led Zeppelin-ի կիթառահար Ջիմի Փեյջը հայտարարել էր, որ նա աշխատում է խմբի երաժշտական կատալոգի ռեմասթերինգի վրա: «Կատալոգը վերջին անգամ ռեմասթերինգի էր ենթարկվել 20 տարի առաջ, – ասել էր նա Rolling Stone ամսագրին` ի նկատի ունենալով 1990-ին լույս տեսած Led Zeppelin 4 սկավառակից բաղկացած փաթեթը, – դա երկար ժամանակ է: Ամեն ինչ փոխանցվում է անալոգային ֆորմատից ավելի բարձր հստակության թվային ֆորմատ: Դա Led Zeppelin-ի նյութի հետ կապված խնդիրներից մեկն է: Այն շատ անհեթեթ է հնչում MP3-ում: Դուք չեք կարող պատշաճ կերպով լսել, թե այնտեղ ինչ կա»: Փեյջը նաեւ հավելել էր, որ վերաթողարկումներում տեղ կգտնեն ծանոթ երգերի այլընտրանքային տարբերակներ:
Led Zeppelin-ի ալբոմների վերաթողարկումների լույս տեսնելու ժամկետների հետ կապված դեռեւս որեւէ տեղեկություններ չկան:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ