Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական անխոհեմություն

Հոկտեմբեր 25,2013 13:40

18 հազար դրամ գործազրկության նպաստների վերացման ֆոնի վրա պետական բարձրագույն բյուրոկրատիայի աշխատավարձի բարձրացումը իսկապես արտառոց քայլ է: Կառավարությունն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է ուզում գործազուրկներից խլել այդ՝ թեկուզեւ չնչին, նպաստը: Գուցե կան պատճառներ, որոնց մասին բարձրաձայն չի՞ ասվում: Օրինակ՝ ինչ-որ գաղտնի ծրագիր կա՝ մոտակա ամիսներին աշխատատեղերի «բում» ապահովելու:

Կառավարության եւ Ազգային ժողովի այդ անխոհեմ եւ անտրամաբանական քայլը սեփական աշխատավարձի բարձրացման հետ զուգորդելը վկայում  է տարրական քաղաքական հոտառության բացակայության (կամ գուցե իսկապես ցինիզմի) մասին: Մինչդեռ աշխատավարձերի բարձրացման խնդիրն իսկապես գոյություն ունի, եւ եթե նպատակ չդնենք մեր քաղաքացիների մեծամասնությանը հաճոյանալու եւ բուռն ծափահարությունների արժանանալու, ապա առաջարկում եմ մտածել:

Երբ Սաակաշվիլին եկավ իշխանության եւ ստացավ ամերիկացիների լիակատար աջակցությունը, բնականաբար, հարց առաջացավ՝ ինչպե՞ս անենք, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի քիչ գողանան: Ամերիկացիները Սաակաշվիլիին ասացին՝ ոչինչ, դու քո ջահելներին գործի դիր, մենք փողը կտանք: Անկախ նրանից, թե ինչ եղավ հետո, առաջին փուլում դա իր դրական արդյունքը տվեց: Այլ կերպ հնարավոր չէ. նախարարին տալ 240 հազար դրամ եւ ասել՝ ղեկավարիր ոլորտ, որտեղ միլիարդներ են շրջանառվում, անտրամաբանական է: Դուք կասեք՝ եթե միլիոն էլ ստանա, միեւնույն է՝ կգողանա:  Այո, հնարավոր է: Բայց այս՝ 240 հազար դրամի դեպքում նա պարտադրված է դա անել:

Կառավարությունում եւ Ազգային ժողովում կան մարդիկ, որոնք ոչ մի բիզնես չունեն, ոչ մի տեղ «տանիք չեն կանգնում», կաշառք չեն վերցնում, ապօրինի «նալոգ» չեն հավաքում: Ինչպե՞ս է լուծվում նրանց հարցը: Նրանք, բացի «սպիտակից», հավանաբար ծրարով ստանում են «սեւ» աշխատավարձ: Բացի անբաններից եւ թալանչիներից՝ կառավարությանը երբեմն, բացառության կարգով, մասնագետներ են պետք, պրոֆեսիոնալներ, օրինակ՝ Վաչե Գաբրիելյանի նման մարդիկ: Այդպիսի մարդիկ կան նաեւ ավելի ստորին օղակներում: Ինչո՞վ շահագրգռել նման մասնագետներին, որպեսզի նրանք աշխատեն պետության համար: Գուցե պետք է հրաժարվել նրանցից, եւ աշխատանքի ընդունել մարդկանց ցածր աշխատավարձով՝ a priori իմանալով, որ նրանք կաշառք են վերցնելու կամ (որը գրեթե նույնն է) բիզնեսների մեջ են խցկվելու:

Մի խոսքով՝ սկզբունքորեն խնդիրը ճիշտ է դրված: Պարզապես համատարած աղքատության մեջ գտնվող երկրում բացարձակապես չի ընկալվում եւ չի ընկալվի, որ կերած-խմած պատգամավորները, որոնց մեծ մասը բիզնեսմեններ են ու բացարձակապես աշխատավարձի հույսին չեն, բարձրացնում են իրենց եւ իրենց «օրթաղ» գործադիրի աշխատավարձը: Դրա համար, եթե ես պատգամավոր լինեի, կառաջարկեի հետեւյալը՝ օրենքն ընդունել, բայց այն կիրառել հաջորդ կառավարության, հաջորդ գումարման Ազգային ժողովի, հաջորդ նախագահի համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները՛ դիտմամբ դիմում են այնպիսի քայլերի որ ժողովուրդը դուրս գա փողոց։ Սակայն կարծես թէ ոչինչ չի ստացվում։ Լավ էլ ինչ անի այս իշխանությունը, որ մարդիկ ընդվզեն։ Մի հին անեկդոդ հիշեցի սովետի ժամանակներից։ Գործարանի տնօրենը ժողովի ժամանակ հայտարարում է “վաղը բոլորիդ կախաղան են բարձրացնելու՛ կան հարցեր։ Մեկը բարձրանում է տեղից և հարց է տալիս. – ընկեր դիրեկտոր, պարանը մենք ենք բերելու թէ պռովսայուզի կողմից ա”

  2. Գայանե says:

    Սա, իրոք, խոսում է մեր կառավարության ցինիզմի մասին: Գալուստ Սահակյանի հայտարարությունը դրա վառ օրինակը:

  3. Անահիտ says:

    Ես համրանում եմ:

  4. Ալեքսանդր says:

    Հոդվածը և’ նալին է խփում, և’ մեխին; Բայց սա գրողի մեղքը չէ; Մի կողմից շատ ճիշտ է` ավելացնել այն պաշտոնյաների աշխատավարձը, որոնք ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ գործարարություն ունեն; Ազնիվ պաշտոնյան պետք է մտածի գործի մասին, այլ ոչ թե այն բանի, թե ինչպես կերակրի ընտանիքը; Մյուս կողմից էլ` ավելացնել մնացած երկու տեսակի պաշտոնյաների աշխատավարձը անարդար է: Որովհետև ակնհայտ է, որ նրանք իրենց պաշտոնը օգտագործում են ոչ այնքան գործի, որքան հարստանալու համար;
    Մի առաջարկ ունեմ, որը կարող է զավեշտալի թվալ; Թող այդ երկու տեսակի պաշտոնյաները (կամ գոնե գործարարները) կամավոր հրաժարվեն այդ հավելումից; Ասենք ստեղծեն` Հավելյալ աշխատավարձի հիմնադրամ’, և հավաքված գումարները օգտագործեն մի հանօգուտ գործի; Կամ բարեգործությոն անեն:

  5. Համլետ says:

    Ես՝ հոդվածի վերջին նախադասությունը մի փոքր կձևափոխեմ՝
    ,,Դրա համար, եթե ես պատգամավոր լինեի, կառաջարկեի հետեւյալը՝ օրենքն ընդունել, բայց այն կիրառել հաջորդ կառավարության, հաջորդ գումարման Ազգային ժողովի, հաջորդ նախագահի ու ՀԱՋՈՐԴ ԺՈՂՈՎՐԴԻ համար,,:

  6. Կարո Մելիքյան says:

    Իշխանությանը բնութագրող՝ լկտիություն,ցինիզմ բառերը շատ մեղմ է ասված,հավանաբար մեր բառապաշարում մտցնենք նոր՝ «գալուստիզմ» բնորոշիչը…

  7. Կարո Մելիքյան says:

    ՀՀԿ-ի «բրենդ»՝ Գ.Սահակյանը ԱԺ-ի իր ելույթում՝արդարացնելով իր եւ իշխանավորների աշխատավարձների բարձրացումը՝այն է ,պետության հեղինակության,իշխանավորների ֆին.անկախության եւ այլն, եւ այլն, բայց, այդ ամբողջ ելույթի տեքստից իսպառ բացակայում էին հետեւյալ բառերը՝«նվազագույն զամբյուղ»,գործազուրկներ,թոշակառուներ,ԺՈՂՈՎՈՒՐԴ….գ.սահակյանի պետությունը անժողովուրդ է…։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031