Զորի Բալայանը դարձյալ նամակ է գրել: Վերստին ռուսաց թագավորին: Ավելի կոնկրետ` ռուսաց հերթական թագավորին: Ռուսաց հերթական թագավորին հերթական անգամ բացատրել է ռուսական կայսրության և ռուս ժողովրդի շահը: Հանգամանորեն, ամենայն մանրամասնությամբ և չափազանց ծավալուն:
Ինչքան էլ Զորի Գայկովիչի նամակն անվերջանալի ու ծավալուն է, դրանց արձագանքներն առավել անվերջանալի ու բազմաթիվ են:
Այս առումով Բալայանի նամակը շատ էլ ժամանակին ու տեղին էր, որովհետև էդ նամակն առիթ էր, որպեսզի Ղարաբաղի հարցում մյուսներիս կարծիքներն արտահայտվեին ու ի հայտ գային: Արտահայտվեցին ու ի հայտ եկան, և, ըստ ամենայնի, կշարունակվեն արտահայտվել ու ի հայտ գալ, և, ըստ ամենայնի, էս խմորը շատ ջուր կվերցնի, և առավել վտանգավորն էս խմորն ու էս վերցնելիք ջուրն են, որովհետև, ինչպես շատ արագ պարզ դարձավ, Զորի Բալայանը Ղարաբաղի և հարակից այլ հարցերում ոչ միայն հակառակորդներ, այլև համախոհներ էլ ունի, և չի բացառվում, որ համախոհ իմաստուններից մեկնումեկն առաջարկությամբ հանդես գա` Զորի Բալայանի բարձրացրած հարցերի հետ կապված հանրաքվե անցկացնել` ինչպես որ Մաքսային միության խնդրի առթիվ էին հանրաքվեի առաջարկություններ արվում:
Այսուհանդերձ, Զորի Բալայանն արդեն լրացուցիչ պարզաբանմամբ հանդես է եկել և հայտարարել, որ իր նպատակն ամենևին էլ Ռուսաստանի ու Ղարաբաղի միացումը չէ, և սա մեզ համար միանգամայն հաճելի նորություն ու մխիթարություն է, որովհետև շատերս նախկինում համոզված էինք, որ Զորի Բալայանի նպատակը ոչ միայն Ռուսաստանի ու Ղարաբաղի, այլև Ռուսաստանի ու Հայաստանի վերամիավորումն է:
Կարդացեք նաև
Այսուհանդերձ, իմ կարծիքով, էականը ոչ էնքան Զորի Բալայանի կարծիքն է, ինչքան` նրա համախոհներինը, իսկ ավելի ստույգ` նրա է´ն համախոհներինը, որոնք իրենց կարծիքն այս և նմանատիպ հարցերում ոչ թե հրապարակայնորեն են արտահայտել ու արտահայտելու, այլ` միայն ու միայն պատերի տակ և լավագույն դեպքերում` սրճարաններում:
«Ղարաբաղը միանար Ռուսաստանին` պրծնեինք»: Այս մեջբերումը պատերի տակերի մեր իսկ խոսակցություններից է, և, փաստորեն, Զորի Բալայանը ոչ միայն իր կարծիքն է նամակի տեսքով հասցրել ռուսաց թագավորին, այլև` պատերի տակերի մեր իսկ քրթմնջոցները: Այլ հարց է, որ պատերի տակերի մեր իսկ քրթմնջոցները ոչ միայն անձամբ Պուտինը չի կարդալու, այլև, ըստ ամենայնի, Պուտինի համապատասխան գծով խորհրդականներն էլ: Կպահեն գզրոցներում. մի օր գուցեև պետք գա` ադրբեջանցիների դեմ ծածանելու նպատակով: Գուցեև հենց էդ նպատակով էլ նամակը հղացվել է: Եվ շատ հնարավոր է, որ անձամբ Պուտինի կարդալը Բալայանի նպատակների մեջ չի էլ եղել. այլապես մի քիչ կարճ կգրեր:
Նաև հնարավոր է, որ Զորի Բալայանն իր էս չափազանց բաց ու երկար նամակը հղացած լինի գրողի ու հրապարակախոսի իր միանգամայն մարդկային փառասիրությունից դրդված, որովհետև արդեն շատերն էին սկսել մոռանալ, որ Զորի Բալայանը նախ և առաջ ազգային գաղափարախոս ու հրապարակախոս է, հետո նոր միայն` նավապետ և այլն:
Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են` ներառյալ Հայաստանի իշխանությունների պատվերի տարբերակը:
Ինչևէ. ժամանակն է, որ նույնիսկ պատերի տակ զգույշ խոսենք ու արտահայտվենք, մանավանդ որ` պատերն էլ ականջ ունեն: Խոսքն առաջին հերթին վերաբերում է պատերի տակերի այն խոսողներին, ովքեր երեկոյան պատերի տակ Զորի Բալայանի ասածներն են ասում, իսկ առավոտյան վազում են նրա դեմ չափազանց խրոխտ ասուլիս տալու:
Այսքան բան: Չերկարացնեմ, որովհետև եթե մի քիչ էլ երկարացնեմ, էս գրածս էլ կարդացող չի լինի:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
Համաձայն եմ միայն հոդվածի վերջին նախադասության հետ,որին հասնելու համար էլ ահագին ջանք ու կամքի ուժ դրսևորեցի:
Հ.Գ.
Աննա ջան,մեկ անգամ ևս խնդրում եմ, հոդվածները թարգմանել հայերեն,նոր հրապարակել:)
Կեցցես Սահակյան .կտռել նպաստները եվ տալ մինիստրներին