Արթուր Բաղդասարյանը եւ Գագիկ Ծառուկյանը համագործակցել եւ համագործակցելու են. համենայնդեպս, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման հավաստիացում հնչեցրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա չցանկացավ անդրադառնալ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի «հակամարտությունը»: «Ես այդ հարցին չեմ պատասխանելու, որովհետեւ այդ հարցի շուրջ գրեթե չկա մի այնպիսի անկյուն, որը պարզաբանված չլինի, եկեք փակենք այդ հարցը: Քաղաքական դաշտում որպես թիմի ղեկավարներ բնականաբար համագործակցել են եւ համագործակցելու են, աշխատելու են»,- ասաց նա։ Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի՝ Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչեցված քննադատությանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ զարմանում է, որ նախագահի թեկնածու առաջադրված անձը դարձել է էժանագին մեկնաբանություններ գրող. «Ցավում եմ նաեւ, որ մարդը առաջադրվել է նախագահի թեկնածու։ Ընդհանրապես դիմացինին քննադատելուց առաջ՝ ամեն մեկը նախ պետք է տեսնի, թե ինքը ո՞վ է, ինչպիսի՞ ճանապարհ է անցել, կշիռը թո՞ւյլ է տալիս, որ ինքը քննադատի, թե ոչ»։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՕԵԿ-ը նայո՞ւմ է իր անցած ճանապարհին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, որ ՕԵԿ-ը լուրջ քաղաքական ուժ է, ունի «քո տարիքի կենսագրություն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև