Երեկ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը բացահայտեց Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի այդ ղեկավար մարմնի ներքին պրոբլեմներն ու հակասությունները, որոնք անկասկած լուրջ քննություն են նորաստեղծ ինտեգրացիոն միավորման համար։
Ինչպես նիստի նախօրեին, այնպես էլ նրա ընթացքում քաղաքական մեծ ակտիվություն էին դրսեւորում Մաքսային միության, այսպես ասած, կրտսեր անդամները՝ Ղազախստանն ու մանավանդ Բելառուսը։ Վերջինիս եռանդուն նախագահը անընդհատ մեղադրանքներ էր ուղղում ռուսական կողմին՝ ինտեգրացիոն գործընթացից միակողմանիորեն օգտվելու, Բելառուսի շահերն անտեսելու, տարեկան 4 միլիարդ կորուստների եւ նմանօրինակ այլ թեմաներով։
Եվ ահա, հոկտեմբերի 24-ի նիստի նախօրեին այս մեղադրանքների կողքին Ա.Լուկաշենկոն սկսեց բարձրացնել նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը։
Եթե ուշադրությամբ ծանոթանանք Լուկաշենկոյի հայտարարություններին, ակնհայտ կդառնա, որ ինքն էլ չգիտեր, թե ի՞նչ է ուզում Հայաստանից, քանզի նրա առաջադրած պահանջները անընդհատ աճում էին եւ սկսում հակասության մեջ մտնել մեկը մյուսի հետ։
Դա վերաբերում էր ե՛ւ Հայաստանի անդամակցության հանդեպ բացասական գնահատականների «խտությանը», որը մեկ նոսրանում էր, մեկ էլ աճելով՝ լուրջ կասկածի տակ էր թողնում նման հեռանկարը։ Զուգահեռաբար սկսվել էր նաեւ Ղարաբաղի հարցի օգտագործումը՝ ոչ թե Հայաստանի առջեւ է՛լ ավելի անանցանելի պատնեշ ստեղծելու, այլ Մինսկում սպասվող նիստից առաջ նոր հարցեր բարձրացնելու, ի վերջո՝ Ռուսաստանի հետ նոր կոնսենսուս ձեւավորելու համար։
Որոշակի ակտիվություն էր դրսեւորում նաեւ Ղազախստանի նախագահը, որն էլ սկսել էր «մասնագիտանալ» Մաքսային միության ներսում եղած տնտեսական լուրջ խնդիրների վրա։ Նազարբաեւը բողոքում էր Մաքսային միության երկրներ ղազախական ապրանքների մուտք գործելու հարցում եղած խոչընդոտներից ու արգելքներից եւ փորձում պաշտպանել սեփական երկրի իրավունքները։
Այս ամենից ակնհայտ էր դառնում, որ սկիզբ են առել սկզբունքային քննարկումներ, մի կողմից, Բելառուսի ու Ղազախստանի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջեւ, որոնց նպատակը պարզ էր. նախքան Հայաստանի ու այլ նոր անդամների մուտքը Ռուսաստանի այս ավանդական գործընկերները փորձում էին կոնկրետ տեսք տալ խաղի միասնական կանոններին, որոնց զգալի մասը շարունակում է մնալ թղթի վրա։
Այն բանից հետո, երբ Մաքսային միություն մուտք կգործեն Հայաստանը եւ Ղրղըզստանը, է՛լ ավելի կդժվարանա նման խնդիրների լուծումը Մինսկի ու Աստանայի համար, որովհետեւ Մոսկվան կարող է խաղարկել ճիշտ այն նույն քաղաքական տեխնոլոգիաները, որոնց միջոցով ԱՄՆ-ը կարողանում է մանեւրել Եվրամիության «հնաբնակների» ու «նորեկների» միջեւ։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում