Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «240 հազար դրամն էլ է շատ` կոճակ սեղմելու համար»

Հոկտեմբեր 25,2013 12:16

«Ոչ Գալուստ Սահակյանի, ոչ Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը պետք չէ, որ բարձրացնեն: 240 հազար դրամն էլ է շատ` կոճակ սեղմելու համար: Այդ ոհմակը նույնիսկ հաճախ գալիս են միմյանց փոխարեն էլ են քվեարկում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն` անդրադառնալով անցած քառօրյայի հիմնական քննարկվող թեմաներից մեկի`«Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» նախագծին:

Այս նախագիծը պատգամավորը համարում է խտրական մոտեցմամբ օրենք: Նա բերեց պատգամավորների աշխատավարձի կրկնակի բարձրացման օրինակը` համեմատելով մանկավարժների աշխատավարձերի հետ ու եկավ այն եզրակացության, որ մանկավարժներն ավելի լավ են աշխատել: «Ինչո՞վ են թերացել պետական ծառայության մեջ գտնող անձինք, որ նրանց աշխատավարձը չի բարձրանալու այնքան, ինչքան վարչապետինը կամ կառավարության աշխատողներինը: Նախարարական էլիտան իր համար ավելի լավ պայմաններ է ստեղծում, մինչդեռ մեր քաղաքացիները եւ պետական ծառայության մեջ գտնվող ցանկացած այլ պաշտոնյա ավելի ոչ բարվոք վիճակում է»,- ասաց բանախոսը`ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է հուլիսի մեկից ու մինչ այդ թանկացումներ են լինելու:

Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, աշխատավարձերի նման սանդղակով բարձրացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում վերնախավի`շուրջ հազար մարդու համար, կեղծում են ընտրությունները`այդպիսով ևս իրենց համար նպաստավոր պայմաններ ստեղծելով:

Լրագրողներից մեկի հարցին`պատրաստվումո՞ւմ է հետեւել Գալուստ Սահակյանի խորհրդին, որ եթե չի ցանկանում բարձր աշխատավարձ ստանալ, թող այն փոխանցի մանկատներին, տիկին Փոստանջյանը հիշեցրեց, որ պատգամավորական գործունեությունը պրոֆեսիոնալ գործունեություն է ու պետությունն ինքն է պարտավոր հոգ տանել սոցիալապես անապահով խավի մասին, ոչ թե խորհուրդներ տալ: «Բյուջեի տնօրինումը չպետք է կամայականորեն տեղի ունենա: Դա անբարոյականություն է. մեկ միլիոնից ավել մարդ գտնվում է վատ վիճակում, կան երեխաներ ու տարեց մարդիկ, ովքեր քաղցած քնում են»,- ասաց բանախոսը` հավելելով, որ հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի այս ամենում, քանի որ տարիներ շարունակ թույլ է տվել իրենց օգտագործել, հինգ հազար դրամով տանելով ընտրատեղամաս:

Իրեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս թողնելու մասին վերաբերվող հարցին էլ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, Հովիկ Աբրահամյանը կատարողն է ու ինքն անպայմանորեն բողոքարկելու է այդ որոշումը, բայց երեկվա դրությամբ պաշտոնական գործընթաց դեռ չկար:

Այս առիթով տիկին Փոստանջյանն ասել էր, որ Հովիկ Աբրահամյանին դժվարին օրեր են սպասվում, լրագրողներից մեկը խնդրեց հստակեցնել`հատկապես ինչ դժվարությունների մասին է խոսքը, տիկին Փոստանջյանը դարձյալ չհստակեցրեց`ասելով, որ տարբեր ճակատներում իրենք պայքար են տանելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031