Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քսանհինգերորդ
Կարդացեք նաև
ԻՄ ԱՆՈՒՆԻՑ
Եվ Հայկունին նեղսրտած ասաց՝ «էդ էսսեի թեման փակել ենք», եւ Արիկը ծիծաղելով Հայկունուն ասաց՝ «հըլը ուր ե՜ս. քո էդ տասնիննուկես բալը Ջավախյանի համար հավերժական թեմա ա», եւ Հայկունին թարս նայեց Արիկին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու հեչ էրկու բալի էլ արժանի չես», եւ Արիկը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «որպես ի՞նչ արժանի չեմ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «որպես պատմիչ» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «էդ հասարակ պատմությունը չկարեցար պատմես», եւ Արիկը փռթկացնելով հարցրեց՝ «ի՞նչ հասարակ պատմություն», եւ Հայկունին ասաց՝ «Անանիայի՝ աշխատանքի ընդունվելու պատմությունը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ, Անանիայի՝ աշխատանքի չընդունվելու պատմությունը», եւ Արիկը զարմացած ասաց՝ «էդ պատմությունը պատմեցի պրծա», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին ասաց՝ «քեզ ա թվում թե՝ պատմեցիր» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ես ավելի շատ պատմեցի, քան՝ դու», եւ Անանիան Ջավախյանին ասաց՝ «դու ավելի շատ խանգարում էիր», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն էի խանգարում», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «Արիկի պատմելուն», եւ Ջավախյանն ասաց՝ «Արիկն ի՞նչ ա պատմել, որ խանգարեի կամ չխանգարեի», եւ Անանիան ասաց՝ «չթողեցիք, որ մարդավարի պատմի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «մարդավարի պատմություն ա՞, որ մարդավարի պատմեր», եւ Հայկունին փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «որ մարդավարի պատմություն չի, բա դու ո՞նց մարդավարի պատմեցիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որ տեսա Արիկը չի կարում էշը ցեխիցը հանի, ստիպված մեր ընկերոջն օգնության հասա», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ընկերոջդ լավ էլ վիռուչատ արիր. դու որ չըլնեիր, էդ պատմությունից բան չէի հասկանա», եւ Արիկը մի քիչ մտածեց ու համեստորեն ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ Ջավախյանն ինձնից լավ պիտի պատմեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ արձակագիր մարդ ա», եւ Անանիան փռթկացնելով ավելացրեց՝ «էսսեիստ», եւ Օրթախն ասաց՝ «ճիշտը որ ուզում եք իմանաք, Ջավախյանը խանգարեց՝ չթողեց Արիկն էդ պատմությունը մարդավարի պատմի», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «որ Արիկի հույսին մնայինք, մինչեւ հիմի էդ պատմությունը կպատմեր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ Ջավախյանն էրկու բառով ու շատ հասկանալի ձեւով պատմեց պրծավ», եւ Բարդուղն ասաց՝ «Ջավախյանը ճիշտ կանի՝ Անանիայի էդ պատմության հիման վրա պատմվածք գրի», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «էսսե», եւ Բարդուղը փռթկացնելով ասաց՝ «թեկուզ էսսե», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, էս թեման ավելի շատ Արմենի գրչին ա համապատասխանում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ Ջավախյանն Արմենից պակաս գրի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս տեսակ հոգեբանական բաներն Արմենը սաղից էլ լավ ա գրում», եւ Օրթախ Աբոն ասաց՝ «բայց Արմենի գրածները մի հատ շատ մեծ թերություն ունեն», եւ Անանիան հարցրեց՝ «ի՞նչ թերություն», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «Արմենի գրածը մինչեւ «Առավոտում» տպվի, ամենաքիչը էրկու տարի կանցնի», եւ ես ժպտալով ասացի՝ «Անանիայի էդ պատմությունը մենակ մի հոգի կարա շատ լավ գրի», եւ Անանիան ինձ հարցրեց՝ «ո՞վ կարա», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «դու», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «կարող ա ճիշտ ես ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «քեզնից լավ ոչ ոք չի կարա էդ պատմությունը գրի», եւ Անանիան ժպտալով ինձ հարցրեց՝ «բայց իսկական գրելու պատմություն ա, չէ՞», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ պատմությունը չգրելը հանցագործություն ա», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «էս իրեքիցդ մեկն էդ պատմությունն անպայման պիտի գրի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրար մեջ որոշեք՝ ով պիտի գրի», եւ Արիկը ժպտալով Հայկունուն ասաց՝ «թող իրեքն էլ գրեն, տենանք ով ա ավելի լավ գրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինձ էլ ա թվում, որ Անանիայինն ամենաուժեղը կստացվի», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Արիկին ու քամահրանքով ասաց՝ «ինչքան քո պատմածն ուժեղ ստացվեց, էդքան էլ Անանիայի գրածն ուժեղ կստացվի», եւ Օրթախ Աբոն ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «դուք գրեք, հետո Հայկունը թվանշան կնշանակի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք դժվար թե կարենանք Արմենից լավ գրենք», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «լավ կանես՝ քո անունից խոսաս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես միշտ էլ իմ անունից եմ խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես համ իմ անունից խոսում եմ, համ էլ իմ անունից գրում եմ», եւ ես ժպտալով Անանիային ասացի՝ «որ էդ պատմությունը քո անունից գրես, շատ ուժեղ կստացվի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հըլը տաք եմ. մի որոշ ժամանակ որ անցնի, կարող ա մտածեմ», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «երկաթը տաք-տաք են ծեծում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո ասածը դարբնությունն ա, Հայկուն ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «գրականության մեջ լրիվ հակառակն ա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քմծիծաղով բացականչեց՝ «պահո՜», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում, պարոն Ջավախյան», եւ ես ժպտալով Անանիային ասացի՝ «շատ ճիշտ եք ասում, պարոն Մաղաքյան», եւ Ջավախյանը թարս նայեց ինձ ու ասաց՝ «ըսենց հանաքով գովաբանում եք, բայց ինքը լրիվ լուրջ ա ընդունում», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «իզուր էլ վիճում եք. դուք գրեք, հետո Հայկունը կգնահատի», եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «որ դու գրես, կարող ա կարդանք՝ հասկանանք. թե չէ՝ Արիկի պատմածից բան չհասկացանք», եւ Արիկը սրտնեղած ասաց՝ «թողեցի՞ք, որ պատմեի», եւ Ջավախյանն Արիկին հարցրեց՝ «ո՞վ չթողեց», եւ Արիկը Ջավախյանին ասաց՝ «մեկը՝ դու», եւ Անանիան Ջավախյանին ասաց՝ «Արիկը ճիշտ ա ասում. ամենից շատ դու էիր խանգարում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «էս մարդիկ լրիվ շառ են», եւ Բարդուղը Հայկունուն ասաց՝ «Ջավախյանը որ չըլներ, ես ու դու էդ պատմությունից վաբշե բեխաբար կմնայինք», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «ո՞ր պատմությունից», եւ Բարդուղն ասաց՝ «Անանիայի աշխատանքի ընդունվելու պատմությունից», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «թե՞ աշխատանքի չընդունվելու պատմությունից», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ թվում ա՝ էդ պատմությունն ամենից լավ Ջավախյանը կգրի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փնթփնթալով ասաց՝ «բանուգործ չունեմ, պիտի նստեմ՝ էդ անկապ պատմությունը գրեմ», եւ Արիկն ասաց՝ «ինչի՞ ա անկապ. իսկական գրելու պատմություն ա», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «Ջավախյանն էդ պատմությունը որ գրի, Անանիային լրիվ բացասական կներկայացնի», եւ Արիկը փռթկացնելով ավելացրեց՝ «Ջավախյանն Անանիային ավելի բացասական կներկայացնի, քան՝ էդ վարչության պետին», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու խնդմնդալով ասաց՝ «շատ էլ ճիշտ կանեմ», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «դո՞ւ Անանիայի դեմ ինչ ունես, ադա», եւ Անանիան ժպտալով Արիկին ասաց՝ «ինչ սկսել եմ պատմվածք գրել, հետս լրիվ թարսվել ա», եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «որովհետեւ դու ինչ գործ որ անում ես, գերազանց ես անում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ