Երաժիշտ Արա Թորոսյանը՝ նույն ինքը՝ ՄՈՒՐԶԻԿԸ, որոշ ժամանակ ԱՄՆ-ում աշխատելուց հետո այժմ նորից գործունեություն է ծավալում Հայաստանում։ Հարցին, թե ինչու էր հեռացել, հայտնի գործիքավորողը պատասխանեց, թե ինքը չէր հեռացել, պարզապես աշխատանքի բերումով հաճախ է մեկնում՝ նորից վերադառնալու պայմանով։
– Քանի՞ տարի մնացիք ԱՄՆ–ում։
– Ես անընդհատ գնում-գալիս եմ, այնտեղ երկար չեմ մնացել։ Ես ունեմ երեք երկրի քաղաքացիություն։
– Ո՞ր երկրների։
– Ամերիկայի Միացյալ Նահանգների ռեզիդենտ եմ, նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի։ Դա հեշտացնում է իմ տեղաշարժը։ Բայց եւ այնպես, նույն ԱՄՆ-ում էլ ես գործ ունեմ ոչ թե օտարերկրացիների, այլ հայերի հետ։
– Բա ասում են, թե դրսում շատ ավելի շահավետ է օտարազգիների հետ աշխատելը, որովհետեւ, միեւնույն է, հայը «գցում է»:
– Ինձ համար շատ ավելի հեշտ է աշխատել հայերի հետ, քանի որ հենց նրանք են քեզ գնահատում։ Գուցե բիզնեսմենի համար հեշտ է օտարների հետ աշխատելը, քանի որ հայն առաջին հերթին մտածում է՝ ինքը «գցի», ոչ թե «գցվի»։ Դե իսկ երկու հայ իրար չեն կարողանում «գցել»։
– Այստեղի ու այնտեղի հայության տարբերությունը մե՞ծ է։
– Այո՛, մենք մեր երկրում մեզ անկարգ ենք պահում, իսկ այլ երկրներում վախենում ենք ուրիշի փայտից, որ կտա մեր գլխին։ Դրա համար էլ դրսում օրինապահ ու օրինավախ ենք, իսկ այստեղ օրինազանց ենք բոլորս։
– Երբ ԱՄՆ–ում էիք, ինչն էր Ձեզ ձգում դեպի Հայաստան։
– Հայրենիքն ինձ համար իմ Երեւանն է, ընկերներս, բարեկամներս, ինձ սիրող ու իմ սիրելի մարդիկ։ Իսկ թե ինչու եմ այս պահին այստեղ, որովհետեւ հիմա այստեղ ավելի կարեւոր եմ, բայց դա էլ ժամանակավոր է, շուտով կվերջացնեմ այստեղի ծրագրերս ու նորից հետ կգնամ։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում