Վրացական «Մոնիտորի» հեռուստաընկերությունը երեկ հրապարակել է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից Բորժոմիի շրջանի հայկական Տաբածղուրի գյուղի տարածքում օրենսդրական խախտումներով ձկնաբուծությամբ զբաղվելու մասին լրագրողական հետաքննություն։ Այվազյանը, ինչպես հայտնել էր վրացական մամուլը, այս տարվա հուլիսին, 2010թ. ձեւական աճուրդով գնելով Տաբածղուրիի լիճը, 3 տարի է, տեղի բնակչության համար լիովին սահմանափակել է այնտեղից ձկան որսը։ Սրանով, ըստ մամուլի հրապարակումների, Այվազյանը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքների։ Վարդան Այվազյանի «Լճեր» կազմակերպությունը որոշել էր զարգացնել խեցգետնի եւ ձկան գործը։
ՀՀ ԱԺ պատգամավորը «Մոնիտորիի» լրագրողի հետ զրույցում պնդում է, որ իր ընկերությունը 10 հազար հատ մանրաձուկ է լցրել լիճը, եւ որ արդեն հասուն ձուկը որսում է ոչ թե ընկերությունը, որը ներդրումներ է կատարել, այլ «սովորական որսագողերը»։ Այնինչ, վրացական հեռուստաընկերության տեսանյութում լճակի հարեւանությամբ ապրող ձկնորսը պատմում է, թե ինչպես են իրեն արգելել ձուկ որսալ լճից, իր ոետինե նավակն էլ դանակով ծակել։ Լրագրողի հարցին, թե՝ ձեզ հայտնի՞ է այս մասին, Այվազյանը պատասխանում է. «Ինձ հայտնի չէ, որ նավակը պատռել են։ Բայց տեղյակ եմ իրենց հայտարարությունների մասին, թե իբր չեն թողնում ձկնորսությամբ զբաղվել։ Ես կարող եմ ցանկացած ժամանակ ձեզ ցույց տալ, որ այդ ձուկը վաճառվում է (գյուղացիների կողմից – խմբ.)»։
Տարածքը, որտեղ բիզնես է ծավալում Վարդան Այվազյանը, պարզվում է, ներառված է Վրաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում։ Եվ, ըստ հետաքննության մեջ որպես փորձագետ հանդես եկող անձանց, ընկերության ներկայացրած նախագիծն իրականում մինչ հիմա հաստատված չէ որոշ դետալների պատճառով։ «Դուք շատ լավ հետաքրքրված եք ու տեղեկացված այդ դետալներից»,- լճի՝ բնության հատուկ պահպանվող տարածք լինելու մասին լրագրողի հարցը լսելով, առանց այդ տեղեկությունը հերքելու ասում է Այվազյանը։
Լրագրողի հարցին՝ դուք այդ տարածքը գնելիս գիտեի՞ք, որ այն բնության հատուկ պահպանվող տարածք է, Այվազյանն առանց կոնկրետ պատասխան տալու, ասում է. «Ես կարող եմ դա վաղը եւեթ վերադարձնել, եթե նախարարությունից (Վրաստանի բնապահպանության նախարարությունից– խմբ.) գրություն գա։ Փառք պետությանը, փառք կառավարությանը, վաղն էլ կվերադարձնեմ»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում