Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ հայ կվտարվի Եվրոպայից ռեադմիսիայի պայմանագրի արդյունքում

Հոկտեմբեր 25,2013 10:43

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից երեկ խորհրդարանում «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե Հայաստանը հաշվարկե՞լ է այն ռիսկերը, որ կարող են լինել ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրման դեպքում, որքա՞ն մարդու կարող է դա վերաբերել, նաև` թե Հայաստանը պատրա՞ստ է ընդունել նրանց: «Պատրաստի և ոչ պատրաստի խնդիր չկա: Եթե որևիցե մի երկրի տարածքում ապօրինի բնակվող օտարերկրացի կա, ապա միջազգային պրակտիկայի համաձայն` տվյալ երկիրն օր առաջ ձգտում է այդ անձից ազատվել` ուղարկելով իր երկիր: Մեր երկիրը քաղաքացուն չի էլ կարող չընդունել, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի անօտարելի, բացարձակ իրավունք ունի»,- ասաց Եգանյանը` շարունակելով. «Սա Հայաստանի համար նոր գործընթաց չի, Հայաստանը ԵՄ պետություններից գրեթե կեսի հետ արդեն իսկ ստորագրել է ռեադմիսիայի երկկողմանի պայմանագիր: 13 պետությունների հետ ունենք ստորագրած և 10 տարի կիրառում ենք: Արդյոք որևիցե հետևանքներ, Հայաստանի համար ինչ-որ պրոբլեմներ դուք նկատե՞լ եք, մենք չենք նկատել:

Շատերին թվում է, թե սա լինելու է այն խողովակը, որ մեր բազմահազար քաղաքացիները միանգամից էնտեղից գալու են: Դա էդպես չի: Օրինակ` անցյալ տարի մենք ստացել ենք ընդամենը 32 հայց 13 երկրների հետ ունեցած պայմանագրի պայմաններում: Այս պայմանագիրն ավելի շատ տեխնիկական հարցեր է լուծում:

Համաձայնագիրը կա, չկա, գործընթացը տեղի է ունենալու: Այս համաձայնագիրն ընթացակարգերն է սահմանում ընդամենը` ով ում դիմի»:

Միգրացիոն ծառայության պետը օրինակ բերեց վերջերս Ֆրանսիայից արտաքսված ուսանող Խաչիկ Խաչատրյանի դեպքը` նշելով, որ Ֆրանսիայի հետ ռեադմիսիայի պայմանագիր չկա, սակայն երիտասարդին արտաքսեցին:

«Հիշենք նաև անցյալ տարի Անտոնյանների դեպքը, երբ Շվեդիայում 11 տարի մնալուց հետո արտաքսվեցին Հայաստան, քանի որ քաղաքացիության հարցն այդպես էլ չէր լուծվել: Եթե նախկինում հնարավորություն կար տեղափոխվել եվրոպական այլ երկիր և այնտեղ ևս ապաստանի հայց ներկայացնել, հիմա այլևս այդ հնարավորությունը չկա: Գնաց ուրիշ երկիր, էնտեղ էլի անլեգալ ապրելու է: Դրա համար գնալուց առաջ տասը չափեք, մեկ կտրեք: Կասկածելի ինֆորմացիայի հիման վրա ճամպրուկներ մի հավաքեք, առավել ևս մի վաճառեք ձեր ունեցած-չունեցածը»,- խորհուրդ տվեց միգրացիոն ծառայության պետը:

Մյուս կողմից` Հայաստան արտաքսված ապօրինի միգրանտի համար Հայաստանում պետական աջակցություն նախատեսված չէ: Մարդիկ, ովքեր տուն-տեղ վաճառելով հեռացել են Հայաստանից, այստեղ վերադառնալով անգամ ժամանակավոր կացարան չեն ունենա պետության հովանավորությամբ: Փոխարենը այստեղ հետ վերադարձածների ինտեգրման որոշակի ծրագրեր են իրականացնում հենց այդ ԵՄ երկրները:

Ցավալի է նաև, որ ՀՀ քաղաքացիները գերադասում են ապրել եվրոպական ճամբարներում առանց կարգավիճակի, քան վերադառնալ Հայաստան:

Մարինե Խառատյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031