Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ով պատգամավոր է դառնում, ասում են՝ քաղաքական գործիչ»

Հոկտեմբեր 25,2013 10:39

Հատվածներ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

 – Քաղաքականությունն ու առհասարակ կյանքն այսօր անհնար է պատկերացնել առանց մամուլի (ԶԼՄների): Բայց նկատե՞լ եք, որ ամենաշատը մամուլի հետ գզվռտոցի մեջ են քաղաքական գործիչները։ Հենց մի վատ բան են անում, անմիջապես միջոցներ են ձեռք առնում, որ մամուլի բերանը չընկնի: Ինչո՞ւ են այդքան խուսափում մամուլից։

– Իրական, լուրջ քաղաքական գործիչը չպիտի խուսափի ԶԼՄ-ներից ու լրագրողներից։ Բայց մյուս կողմից էլ՝ ով, օրինակ, պատգամավոր է դառնում, ասում են՝ քաղաքական գործիչ: Նա քաղաքական գործիչ չէ, այլ հանգամանքների բերումով քաղաքականությամբ զբաղվող անձ։ Քաղաքական գործիչը… դա պատմություն է, տարիներ են պետք, որ քաղաքական գործիչ ձեւավորվի։

Մեր թիմում ես փորձում եմ ապահովել այն մոտեցումը, որ մամուլից չվախենան եւ չխուսափեն։ ԱԺ բոլոր լրագրողներն էլ գիտեն, որ մեր խմբակցությունում, իմ աշխատասենյակում փակ դռներ չկան մամուլի համար։ Դա մենք անում ենք ոչ թե այն նպատակով, որ մամուլով հայտնի անձնավորություն դառնանք, այլ ըմբռնումով, թե մամուլի ու մամուլի մշակի համար որքան կարեւոր է ինֆորմացիա ստանալը։

Իմ շատ գործընկերների ես հորդորում եմ՝ ոչինչ, եթե տվյալ հարցի մասին տեղեկացված չեք այդ պահին, հանգիստ խոստովանեք դա, դրանում ամոթ բան չկա, բայց լրագրողից մի խուսափեք։ Ես համոզված եմ, որ լրագրողների հետ շփումները մեծապես նպաստում են, որ պատգամավորներն անընդհատ ինֆորմացվելու պահանջ զգան, աշխատեն իրենց ունեցած ինֆորմացիայի վրա։

Եղավ մի շրջան, այսօր էլ դա նկատվում է, որ մի տեսակ քամահրական վերաբերմունք կար մամուլի հրապարակումների նկատմամբ, ինչ ուզում են՝ թող գրեն։ Ես դրանում, ճիշտ է, մամուլի մեղքն էլ եմ տեսնում, բայց մամուլին մեղադրել չէի ցանկանա։ Պատճառներն ավելի լուրջ են։ Վերցնենք թեկուզ այն սոցիալական վիճակը, որի մեջ են այսօր լրատվամիջոցներն ու լրագրողները եւ ընդհանրապես երկիրը։ Բայց, փառք Աստծո, ես տեսնում եմ, որ կա դեպի լավը ընթացք։ Դա նշանակում է, որ մեր երկրում մամուլի եւ ԶԼՄ-ների կայանալու ռեալ հիմքերը կան։ Իսկ մամուլը հասարակությանն ուղղորդող, կազմակերպող, առաջ տանող մեծ ուժ է։

Եթե ամփոփեմ, պիտի ասեմ, որ քաղաքական գործիչ, պատգամավոր, լրագրող՝ բոլորը գործընկերային հարաբերությունների մեջ են։ Շատ էլ՝ մի լրագրող իմ մասին մի բան գրի, որ իմ դուրը չգա։ Կարծիք է, թող այդ կարծիքն էլ շոշափվի։ Վերջին հաշվով, ոչ ոք չի կարող ասել՝ հասարակությունն իր մասին մամուլում հրապարակված գովասանքի՞ց, թե՞ քննադատությունից ավելի լավ կարծիք կկազմի։ Քաղաքական գործիչներն ու քաղաքականությամբ զբաղվողները հասարակությանը տեսանելի են դառնում մամուլով։ Եթե մամուլ չկա՝ մենք էլ չկանք, եթե մենք չկանք՝ քաղաքական մամուլ էլ չկա։ Նաեւ այս պատճառով եմ ասում, որ մենք գործընկերներ ենք:

Պարոն Սահակյան, մի հայտնի մարդ լրատվամիջոցներին գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ մեղադրեց։

– Ես կարծում եմ, որ գաղջ մթնոլորտ, այո, կա։ Հենց միայն այն պատճառով, որ ամեն ինչ սեւի եւ սպիտակի հարաբերությամբ ենք տեսնում։ Ես դա ամբողջությամբ մամուլին չէի վերագրի։ Գաղջության համար եւ մամուլն է մեղավոր, եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը, եւ հասարակության

պատրաստվածության մակարդակը, եւ մեկս մյուսի մեջ միայն վատը տեսնելու անբացատրելի ցանկությունը։ Մամուլը չի կարող այս վիճակից պոկվել, շատ առաջ գնալ։ Բայց մամուլին առանձին մեղադրել գաղջություն սփռելու մեջ, ես չեմ կարող, կարող եմ մամուլին մեղադրել սխալներով գրելու, ստորակետները չդնելու մեջ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031