Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարները

Հոկտեմբեր 25,2013 00:02

Հոկտեմբերի 24-ին Նորարար փորձառարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ Եվրասիա համագործակցության հիմնադրամի  (ԵՀՀ) կազմակերպված հանրային քննարկումը, որի թեման էր Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարները: Բանախոսներն էին «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ու լրագրող Քրիստինե Խանումյանը ԼՂՀ-ից և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանը ՀՀ-ից: Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձան նաև Զորի Բալայանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին:

Քրիստինե Խանումյանի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեն ասում բանակցությունների մասին ճշմարտությունը, և այդպիսով նա ապրում է միֆերով. «Ես վստահ եմ, եթե ժողովուրդը իմանա հիմա ի՞նչ են քննարկում շոկի մեջ կընկնի, որովհետև իրենք, իրականում, ոչ մի տեղեկություն չունեն, գումարած դրան նրան՝ հասցնում են այն վիճակի, որ ինքն էլ  բնազդային մակարդակով ձգտում է հավատալ այդ միֆերին, որ իր խղճի առաջ, իր երեխաների առաջ խնդիր չունենա»: Լրագրողն համարում է, որ այդ ամենի պատճառով է Ռուսաստանի դաշնությանը միանալու հարցը ծագել: Քրիստինե Խանումյանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հասարակությունը դեռ պատրաստ չէ հակամարտության լուծմանը, քանի որ մեկուսացված է և ունի տեղեկության պակաս. «Պետության իմիտացիան հասցրել է ժողովրդին այն վիճակին, որ բնակչության զգալի մասն ընդունակ չէ կատարել ճիշտ ընտրություն կամ հասկանալ, թե ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը. ո՞րն է ճիշտ, ո՞րն է սխալ»:

Գեղամ Բաղդասարյանը քննարկման ընթացքում սահմանեց «ժողովրդավարություն» հասկացությունը և դրա բացակայությունը համարեց արտագաղթի հիմնական պատճառ՝ «Ժողովրդավարությունը արժանապատիվ ապրելու հնարավորությունն է, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում տեղի է ունենում արտագաղթ: Պարոն Բաղդասարյանի խոսքերով ղարաբաղյան իշխանությունը նոր հեքիաթ է հորինել՝ անվանելով այն անմիջական ժողովրդավարություն. «Նրանք այսպես են բացատրում՝ ցանկացած մարդ կարող է զանգել նախագահին և ասել, ասենք, մեր գյուղում այսպիսի խնդիր կա, զավեշտի աստիճանը պատկերացրեք: Ու այս հեքիաթը տարածվում է բոլոր ոլորտներում»:

Իսկ Գևորգ Տեր-Գաբրիելյանը հավանական է համարում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության հաստատումը, քանի որ մարդիկ ազատ են և կարող են անել այն, ինչ ուզում են.

«Օրինակ՝ եթե այսօր Երևանում բնակչության, ասենք, 55 տոկոսը, կամ նույնիսկ 30 տոկոսը երեկոյան հեռուստացույց չմիացնի, հեռուստացույցը կվերանա: Այսինքն՝ մարդն ազատ է իր որոշումների մեջ, որոշումն իր ձեռքերում է: Եթե վաղը մարդիկ դուրս գան և ասեն՝ «մենք չենք ուզում անմիջական ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր իմացած ժողովրդավարությունը», իրենք դա կարող են անել»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031