Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյանն առաջարկեց, որ ԱԳՆ-ն մտածի ազգային արժանապատվության մասին

Հոկտեմբեր 24,2013 20:04

ԱԺ-ում այսօր քննարկվում էր 2012թ. դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ի և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը, որը արդեն իսկ վավերացվել է Եվրախորհրդարանի կողմից՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում երկար քննարկումներից հետո:

Համաձայնագիրը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրապ Մնացականյանը, ով ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ գլխավոր բանակցողներից է: Եվրոպական երկրների վիզաներ ստանալը ավելի հեշտ ընթացակարգով անցնելու վերաբերյալ այս համաձայնագիրը ԱԺ կողմից հաստատվելուց հետո մուտքի արտոնագրի համար ներկայիս 60 եվրոյի չափ վճարը կդառնա 35 եվրո, իսկ որոշ խմբերի համար ընդհանրապես անվճար կլինի: Կհեշտացվի պաշտոնական պատվիրակության անդամների, ուսանողների, գիտնականների, բուժման համար Եվրոպա մեկնող անձանց եւ այլ խմբերի վիզաների տրամադրումը:

ԱԳ փոխնախարարին մի շարք պատգամավորներ հարցեր տվեցին, այդ թվում ՀՀԿ խմբակցությունից Հայկ Բաբուխանյանը, որը հետաքրքրվեց, թե այդ ինչու պիտի եվրոպացիները շվշվացնելով գան Հայաստան, առանց վիզայի (հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրների քաղաքացիները 2013թ. հունվարի 1-ից Հայաստան կարող են գալ առանց վիզայի), իսկ հայաստանցիները պիտի վիզա ստանան՝ ԵՄ մեկնելու համար, այդ ի՞նչ անհավասարություն է: Եվ առաջարկեց, որ ԱԳՆ-ն մտածի ազգային արժանապատվության մասին ու ավելացրեց՝ «իսկ ո՞վ ասեց, որ այնտեղից միայն բարի նպատակներով են գալիս այստեղ: Քանի՞ հոգի է այնտեղից գալիս աղանդավորական խմբեր ստեղծում, քանի՞ հոգի է գալիս մեր պատկերացումները վնասող, այնպես չի, որ մենակ մեր քաղաքացիներն են, որ գնալու են իրենց վնաս հասցնեն»:

ԱԳ փոխնախարարին միայն մնում էր այս բացահայտիչ գնահատականներին ի պատասխան ինչ-որ բաներ ասել տուրիզմի զարգացման եւ այլնի մասին…

Ի դեպ, փոխնախարարը այն հարցին, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Վիլնյուսում, պատասխանեց,  որ նորոգվելու է պայմանագիրը, բայց ինքը չի ուզում առաջ ընկնել եւ ասել, թե ինչ անուն կունենա այդ նորոգումը եւ գուցե ունենա այն անունը, որը գրված է:

Այսօր քննարկվեց նաեւ Հայաստանի և ԵՄ երկրների միջև կնքված առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա)  համաձայնագիրը:

Այս համաձայնագիրը կանոնակարգելու է Եվրոպայում ապօրինի բնակվող հայաստանցիների հետվերադարձը Հայաստան, ինչպես նաեւ՝ տեսականորեն, նաեւ հակառակը՝ Հայաստանում անօրինական կերպով բնակվող եվրոպացիների վերադարձը ԵՄ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031