Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատախազության կադրային փոփոխությունները պայմանավորված չեն յուրայիններով կամ օտարներով

Հոկտեմբեր 24,2013 19:15

Կարևորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, հանրության առջև սեփական գործողությունների հաշվետվողականությամբ հանդես գալու ժողովրդավարական սկզբունքի ապահովումը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը, միաժամանակ, տարատեսակ մեկնաբանություններն ու երբեմն նաև շահարկումները` հայտնում ենք հետևյալը.

Ողջունելի է, որ գերատեսչական ներքին փոփոխությունները արժանանում են զանգվածային լրատվամիջոցների և հասարակության լայն զանգվածների ուշադրությանը: Դատախազության նկատմամբ դրսևորած նման ուշադրությունը հույս ունենք, որ պայմանավորված է հանցավորության դեմ պայքարում, օրինականության ապահովման, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության գործում հասարակական գիտակցության մեջ դատախազության դերի առանձնահատուկ կարևորության ընկալումով:

Մամուլում հրապարակված մեկնաբանությունների, ինչպես նաև անհարկի շահարկումների, թե դատախազությունում «կադրային ջարդ է», և այլն, որ իբրև թե կադրային փոփոխություններն ընդհանուր առմամբ պայմանավորված են անձնական մոտիվներով, անհիմն են, քանի որ.

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն Ազգային Ժողովում, պատգամավորների հետ հանդիպումների, և ՀՀ գլխավոր դատախազությունում, առաջին իսկ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ինքը չի առաջնորդվելու յուրայիններ կամ օտարներ սկզբունքով. բոլորն իր համար յուրային են: Միաժամանակ, պարոն Գ.Կոստանյանը, համակարգի աշխատակիցներին առաջադրեց նոր պայմաններ, նոր մոտեցումներ` պահանջով, որ առաջադրված պայմանները կատարվեն, լինեն շիտակ, ունենան մասնագիտական բարձր պատրաստվածություն, և ցանկացած մարդ, ով ազնիվ ու աշխատասեր է, միշտ առանց որևէ խոչընդոտի կշարունակի իր պաշտոնավարումը, իսկ այդ սկզբունքներին չհամապատասխանող մարդը կզրկվի իր պաշտոնից:

Ցանկանում ենք հատուկ շեշտել, որ մինչ այս, ՀՀ դատախազության համակարգում կատարված փոփոխությունները որևէ կապ չունեն ՀՀ գլխավոր դատախազի առաջադրած պայմանների կատարման հետ: Պարոն Գ.Կոստանյանը դեռևս դատախազության որևէ պաշտոնյայի չի ազատել իր զբաղեցրած պաշտոնից:

Բոլոր պաշտոնաթող աշխատակիցներն ազատվել են` իրենց անձնական դիմումների համաձայն: Նրանցից շատերը, զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, հստակ ներկայացրել են աշխատանքից ազատվելու պատճառները, այն է՝ երկարամյա կենսաթոշակի անցնելու, հանգստի գնալու, առողջական վիճակի կամ այլ աշխատանքով զբաղվելու ցանկությամբ:

Կասկածի տակ առնել դատախազական աշխատանքի երկարամյա վաստակ ու պետական բազում պարգևներ ստացած մարդկանց հայտարարությունները, կարծում ենք` կոռեկտ չէ:

Կադրային փոփոխություններում անձնական դրդապատճառների բացակայության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի կողմից այսօր ղեկավար պաշտոններում նշանակվող դատախազները ևս նույն համակարգի երկարամյա աշխատողներ են: Հրապարակային արձագանքները նոր նշանակված դատախազների պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշների վերաբերյալ, որը միմիայն դրական է, ուղղակի վկայությունն է, որ ինքնանպատակ կամ այլ սուբյեկտիվ պատճառներով փոփոխություններ դատախազության համակարգում չեն կատարվում:

Այսուհետ, երբ որևէ դատախազ, ով աշխատանքից կազատվի ոչ թե սեփական դիմումի համաձայն, այլ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, կամ կենթարկվի այլ կարգապահական տույժի, հանրությունը պատշաճ կիրազեկվի` հեռացման պատճառների և ստացած կարգապահական տույժերի մասին:

 

ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031