«Մենք պետք է կարողանանք տարբերել թացը չորից, գրողին չգրողից, գրականության արժեքները անարժեքությունից, պետք է կարողանանք գրողի արժեքը ներկայացնել հասարակությանը»,- այսօր «Իրատես de facto» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Անդրադառնալով հոկտեմբերի 20-ին կայացած ՀԳՄ համագումարին` Է. Միլիտոնյանն ասաց, որ թեև համագումարի ժամանակ եղել են կառուցողական ելույթներ, բայց ԳՄ որոշ անդամներ համագումարը խանգարելու հստակ միտում են ունեցել. «Որոշ ընկերներ` հարբած, որոշ ընկերներ`տասը տարի Միության կողմը չերևացած, հանկարծ հայտնվում են ու սկսում խանգարել համագումարը: 3-4 հոգի անընդհատ ոտքի վրա էին, անընդհատ խանգարում ու ղժղժում-վժվժում էին այսպես ասած` չբավարարված կապիկների պես: Չես հասկանում` ովքե՞ր են, ի՞նչ են ուզում: Այդ ինչպե՞ս եղավ, որ 90%-ը հանգիստ նստած հետևում էր, իսկ մի քանիսն անընդհատ մեջ էին ընկնում»:
Խոսելով հետագա անելիքների մասին` նորընտիր նախագահն ասաց. «Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք` սոցիալականից սկսած մինչև ստեղծագործական, որոնք փորձելու ենք լուծել, և ԳՄ-ի աշխատանքները բոլորիս ուժերի արդյունքն են լինելու:
Ամենակարևորը գրողի դերի բարձրացումն է հասարակության մեջ: Այնպես չէ, որ նա դեր չունի, և մենք պետք է զոռով բարձրացնենք: Չէ, մենք հրաշալի գրողներ ունենք, որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով, պարզապես, այս մասին ընթերցողները հաճախ չեն իմանում: Մեր նպատակը ԶԼՄ-ների հետ համատեղ աշխատանքն է: Վերջին երեք օրերի ընթացքում ես արդեն հասցրել եմ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել մի քանի լրատվամիջոցների հետ: Առաջնային խնդիր է տարբեր ձևաչափերով մեր գրողներին ներկայացնելու հնարավորություն ստեղծելը՝ գրական հանդիպումներ, նոր գրքեր, գրողի գործերի ընթերցանություն և այլն: Կլինեն տարբեր ձևաչափերով գրական հաղորդումներ: Ես նաև նկատել եմ, որ մամուլի որոշ օրգաններ սրտացավ են վերաբերվում գրողների աշխատանքներին: Եվ մենք չենք պարփակվի «Գարունի», «Նորքի», «Գրական թերթի» շրջանակներում, նպատակ ունենք շրջանակներն ընդլայնելու: Ես ընտրվելուց առաջ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ չպետք է մեկն աշխատի, իսկ մյուսները գնահատեն նրա արածը, բոլորն էլ կաշխատեն (ես ավելի շատ կաշխատեմ), և մեր գործունեության ծավալները կընդլայնենք:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե գրողներից շատերն այսօր սոցիալապես անապահով վիճակում են գտնվում, Է. Միլիտոնյանն ասաց, որ Գրողների միությունը պետությունից ընդհանրապես գումար չի ստանում և ի վիճակի չէ 400 գրողի սոցիալական հարցեր լուծելու. «Իսկ ինչ կարողանում է անել, անում է: «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրում ենք ընդգրկված, վերջերս սոցիալական փաթեթի մեջ մտցնելու առաջարկ եմ ներկայացրել կառավարությանը, և շուտով կքննարկվի այդ հարցը: Գրողների միությունը ֆինանսավորված օֆիս չէ, այն գրողների մի միավորում է, որն ունի իր աշխատակազմը և կազմակերպում է որոշակի միջոցառումներ ու հանդիպումներ»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը և ավելացրեց, որ ակնկալում է ունևոր մարդկանց աջակցությունը ՀԳՄ-ին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պարոն Միլիտոնյանին շնորհավորում եմ Հայաստանի Գրողների միության նախագահ ընտրվելու համար: Հարգանքով` Աշոտ Բաբայան