Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնկացել է նաև ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծելով հայ–ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Քաղաքապետը նաև վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում ստորագրվելիք նոր թարմացված համաձայնագիրը էլ ավելի կնպաստի կոնկրետ ոլորտներում երկու համայնքների միջև ներկայիս համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը ։
«Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչի մասին փաստում են նաև մեր փոխայցերը: Օրեր առաջ Վալանսում Հայ–ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համաժողովի ընթացքում գոհունակությամբ արձանագրեցի, որ Մարսելի հետ մեր համագործակցության ձևաչափը հաջողված ու հեռանկարային է։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մարսելի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող աջակցության և ուշադրության համար, ինչը մեզ համար շատ կարևոր է: 2012-ին մեր երկու քաղաքների բարեկամության և համագործակցության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Մարսել կատարած մեր այցի ընթացքում տպավորված էինք Ձեր քաղաքով և ջերմ ընդունելությամբ: Վստահ եմ, որ Դուք ևս Երևանից Մարսել կվերադառնաք լավ տպավորություններով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաև այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Երևանը մեր լավագույն գործընկերն է, և մեզ համար իսկապես կարևոր է համագործակցության ընդլայնումը: Սրտանց ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ի դեպ, այսօր արդեն հասցրել եմ շրջել Երևանում և պետք է հաճույքով արձանագրեմ, որ հնամյա պատմությամբ Ձեր իսկապես շատ գեղեցիկ քաղաքը, իրոք հաճելի տպավորություն է թողնում: Իմ նախորդ այցից հետո Երևանը շատ է փոխվել ու փոխվել է դեպի լավը: Այն այսօր զարգացած քաղաք է, ու այդ ամենում ես տեսա հենց Ձեր սրտացավությունն ու ջանքերը, պարոն քաղաքապետ, ինչի համար և՛ շնորհավորում եմ, և՛ շնորհակալ եմ»,-նշել է Ժան-Կլոդ Գոդենը և հավելել, որ ստորագրվելիք համագործակցության նոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի էլ ավելի խորացնելու և ամրապնդելու երկու քաղաքների գործընկերային հարաբերությունները:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն