Հրանտ Դինքի սպանությունը դրդելու մեջ կասկածվող Էրհան Թունջելը, որին Թուրքիայի ոստիկանությունը հայտնաբերել էր հոկտեմբերի 23-ին, ձերբակալվել է հոկտեմբերի 24-ին Ստամբուլի դատարանի որոշմամբ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Թունջելը 38 օր գտնվում էր ընդհատակում, սակայն պնդում է, որ նա ոչ թե փախուստի մեջ էր, այլ նախապատրաստվում էր իր դատական պաշտպանությանը:
«Սա իմ երկրին ծառայելու գինն է»,- ասել է Թունջելը լրագրողներին, երբ ոստիկանությունը նրան տանում էր մեկուսարան:
«Պատիվ է ձերբակալվել նույն օրը, երբ կախաղան էին հանել Ադնան Մենդերեսին», – նկատի ունենալով Թուրքիայի նախկին վարչապետին, որին մահապատժի էին ենթարկել 1960թ. ռազմական հեղաշրջումից հետո՝ ասել է Թունջելը:
Կարդացեք նաև
Թունջելին բռնել են նույն օրը, երբ նա «Դեյլի Սթար» թերթին հարցազրույց էր տվել, որում ասել էր, որ կհանձնվի 15 օրվա ընթացքում և նշել էր, որ Թուրքիայի ժանդարմերիան մեծ դեր ունի Դինքի սպանության մեջ:
«Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի 2007թ. սպանությունից առաջ Թունջելը Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչն էր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ