ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը և Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանի կրիմինալ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Ենիկոլոպովը խոսեցին արդի հոգեբանության մարտահրավերների մասին:
«Հոգեբանությունը ժամանակ առ ժամանակ ճգնաժամ է ապրում, քանի որ այդ գիտության վերաբերյալ հետազոտությունները կատարվում են համալսարանների պատերի ներսում»,-ասաց Հրանտ Ավանեսյանը` հավելելով, որ մեր հոգեբաններին պակասում է գործնական պատրաստվածությունը եւ այդ բացը լրացնելու նպատակով էլ հոկտեմբերի 25-27 կկայանա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» չորրորդ միջազգային գիտաժողովը, որտեղ կլինեն նաև գործնական սեմինարներ:
Սերգեյ Ենիկոլոպովն էլ հաստատեց, որ գործնական պատրաստվածության խնդիր իսկապես կա և ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում: Նա նշեց, որ շատ կարևոր է` հոգեբանները հասկանան , օրինակ, հանցագործություն կատարելու, մարդ սպանելու մոտիվացիան: «Հոգեբանի աշխատանքը մարդուն օգնելն է, մանավանդ այն պարագայում, երբ անձն ինքնուրույն չի կարողանում «գլուխ հանել» իր ներաշխարհից»,- ասաց նա` հատկանշական համարելով, որ իր խորին համոզմամբ, հոգեբանությունը տղամարդու մասնագիտություն է:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ