Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ չէ, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը, այլ արտահայտվում է ՄՄ-ի խաղի կանոնների և միությունում որոշում կայացնելու մեխանիզմների հստակեցման համար: Մեկնաբանելով Լուկաշենկոյի հայտարարությունը, որ Հայաստանին ՄՄ ընդունելու համար անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը՝ «Ռեգնում» լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանության հարցերով խորհրդի նախագահ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսի խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:
«Նա հավանաբար Մաքսային միության փոքր երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի, դիրքորոշումն արտահայտում է այնպես, որ եթե ստեղծվում է իրավահավասար երկրների միություն, ապա այս կամ այն պետությանը կազմակերպության մեջ ընդգրկելու համար, լինի դա Հայաստանը, թե Ղրղզստանը, պետք է հաշվի առնել ՄՄ-ի մյուս երկրների կարծիքը ևս: Այսինքն, չպետք է այնպես լինի, որ կազմակերպությունում առանցքային որոշումները կայացնի իշխող մեկ պետություն (Ռուսաստանը), իսկ մյուս անդամները կանգնեն փաստի առաջ: Այս պահին, երբ հստակեցված չեն ՄՄ-ում որոշումներ ընդունելու մեխանիզմները, Լուկաշենկոն միությունն ընդլայնելուն դեմ է արտահայտվում, այլ խոսքերով, ըստ Մինսկի տեսակետի, ընդլայնումը պետք է հետաձգել», – ասել է Լուկյանովը՝ ավելացնելով, որ ՄՄ-ին միանալու Երևանի որոշումը պարզապես առիթ էր խնդիրները հրապարակայնացնելու համար:
Լուկյանովը հիշեցրել է, որ Լուկաշենկոն խոսել է նաև ՄՄ-ում Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու մասին. «Կարծում եմ, հնարքն այն էր, որ Հայաստանի գործընկերը հարցրել է Լուկաշենկոյին Ղարաբաղի մասին, իսկ նա պատասխանել է՝ նկատի ունենալով Աբխազիան և Հարավային Օսեթիան», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ