Սյունիքի մարզում հովազի (կովկասյան ընձառյուծի) թվաքանակի ավելացում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնում չեն նկատել: Տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի խոսքով՝ Կարմիր գրքում գրանցված այս կենդանատեսակը, որն ավելի շատ հանդիպվում է Սյունիքի «Արեւիկ» ազգային պարկում, «Զանգեզուրի» արգելավայրում եւ «Շիկահողի» պետական արգելոցում, վերացման եզրին գտնվող կենդանատեսակներից է: Հովազները նաեւ շատ հաճախ շարժվում են դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը:
Կովկասյան ընձառյուծի հսկողությունն այսուհետ ավելի կխստացվի մարզում: Բնության համաշխարհային հիմնադրամը, որը 2002թ.-ից սկսած՝ ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակներում աջակցում է նաեւ Սյունիքի մարզին, այս անգամ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վայրի բնության պահպանության» ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ Սյունիքի տարածքային բաժնին նվիրաբերել է «Լադա Նիվա» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, որի օգնությամբ հնարավոր կլինի ավելի ուժեղացնել վերացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակի պահպանությունը: Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի խոսքով՝ մինչեւ օրս հովազի պահպանությունն իրականացվում էր հին մեքենաներով, իսկ նոր ամենագնաց մեքենայի տրամադրման պարագայում՝ հնարավոր կլինի ավելի խիստ հսկողություն իրականացնել եւ պահպանությունն ավելի արդյունավետ կազմակերպել:
«Ամենագնաց մեքենա ունենալով՝ մենք ավելի կխստացնենք պահպանությունը, ավելի հաճախակի կլինենք որսահանդակներում, արգելավայրերում, բնաշխարհում եւ հովազի պահպանության աշխատանքները պատշաճ կերպով կիրականացնենք: Հուսով ենք, որ գերմանացիների նվերն իր նպատակին կծառայի», – նշեց նա եւ հավելեց, որ իր պաշտոնավարման օրվանից մինչեւ օրս հովազի որս մարզում չի արձանագրվել:
Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակի որսն արգելվում է, իսկ ապօրինի որսի դեպքում տուգանքի չափը 3 մլն դրամ է կազմում, արգելոցային վայրերում՝ 15 մլն դրամ, քրեական գործի հարուցումն էլ անխուսափելի է:
Կարդացեք նաև
Վայրի կենդանատեսակներով հարուստ Սյունիքի մարզում վտանգված է նաեւ հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի գոյությունը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ