ՀԱյսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին, նախ նկատեց, որ կառավարության կողմից մարտավարական սխալ էր գործազրկության նպաստները կտրելուն առնչվող օրինագիծը ժամանակային առումով համընկեցնելը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ, որովհետեւ կամ թե ակամա զուգորդումների տեղիք է տալիս:
Պարոն Մանուկյանը նաեւ կրկնեց մինչ այդ իր արտահայտած միտքը, որ աշխատավարձերի բարձրացումից մոտ տաս ամիս առաջ այդ մասին հայտարարելը անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի՝ «Բարձրացումը պետք է լինի շատ արագ եւ միանգամից, որպեսզի գնաճը մեղմվի»: Ապա նկատեց, որ սոցծրագրերի մեջ մտնող խոցելի շերտերի համար՝ գործազուրկներ, թոշակառուներ, հաշմանդամներ, բեռն ավելանալու է, քանի որ գների թանկացման եւ գնաճի հետ կապված նրանց 15% թոշակների բարձրացումը համարժեք չէ:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը այդուհետեւ բերեց մի շարք թվային տվյալներ, որոնցով ապացուցում էր, որ կառավարությունն ամեն ինչ անում է բյուջեն լցնողներին քչացնելու համար. «Եթե բյուջեն լցնող չունենաս՝ չես կարող մտածել աշխատավարձ բարձրացնելու մասին: Պետք է բամբակի մեջ պահել ՓՄՁ-ներին, որոնք լցնում են բյուջեն, իսկ ձեր քաղաքականությունը հակառակն է անում: «Ամերիայի» տվյալներով՝ միայն այս տարի մինչեւ տաս, մինչեւ հիսուն եւ մինչեւ 250 աշխատող ունեցողների գործունեությունը 41% անկում է գրանցել: Այդ հիմնարկները կամ փակվել են կամ վատ արդյունքներ են ունեցել: Ապրանքաշրջանառությունը 20%-ով է պակասել մինչեւ 5 աշխատող ունեցող ձեռնարկություններում: Ասածս այն է, որ դուք չեք հետեւում, խեղճացնում եք, ճնշում եք բյուջեն լցնող հիմնարկները»:
Կարդացեք նաև
Նա նաեւ բերեց արտագաղթի մասին խոսող թվեր: Մասնավորապես, ասաց, թե ռուսական ծառայությունների տվյալներով վերջին ինը ամիսներին Վերին Լարսի սահմանով Հայաստանից դուրս է եկել 160 հազար ՀՀ քաղաքացի, իսկ այդ ճանապարհով գնում է ամենաաղքատ խավը, որը ինքնաթիռի տոմս գնելու փող չունի: Դուք դուրս եք մղում արտադրություն կազմակերպողին, բյուջեն լցնողին»:
Ապա բերեց հարկային քաղաքականության վերաբերյալ տվյալներ, մինչ այդ հայտարարելով, որ կառավարությանը ինքը կարող է «թվերով ջարդել»:
«Տեսեք, թե դուք քանի անգամ եք փոխում հարկային օրենքները: Հինգ տարվա ընթացքում 42 անգամ շահութահարկ եք փոխել, ստուգումների մասին օրենքը՝ 43 անգամ, չեն դիմանում, բիզնեսը չի դիմանում, հասկանո՞ւմ եք, ավելացված արժեքի հարկի մասին օրենքը՝ 64 անգամ, տուրքերի մասին օրենքը՝ 140 անգամ… ինչի՞ համար, ինչի՞ եք ջարդում բիզնեսը… ՀԴՄ-ների մասին օրենքը տաս անգամ եք փոխել, եւ վերջինը՝ օրենքով ամեն տնտեսվարող սուբյեկտ, թեկուզ երկու, թեկուզ հինգ աշխատող ունեցող, պետք է 370 հազար դրամ տա եւ առնի նոր ՀԴՄ սարք, որի միջոցով ինֆորմացիան օնլայն մտնի հարկայինի կայք: Եթե փոքր եւ գերփոքր ձեռնարկությունները նման մուծում անեն, իսկ չեն կարող չանել, այդ նոր սարքերը ձեռք բերեն, դա նշանակում է իրենց տարեկան շահույթի 20-40%-ը տան էդ սարքին: Ո՞նց ես ասում քո եկամուտի կեսը տուր՝ նոր սարքը առ, որ ի՞նչ… արդեն երեք-չորս անգամ էդ սարքը փոխել եք, որ ի՞նչ… ինչի՞ եք ջարդում ձեզ սնողին, ձեզ հարկ տվողին»
Պարոն Մանուկյանն այդուհետ ամփոփեց. «Այս օրենքը որ բերել եք՝ հարց չի լուծում: Այս օրենքով՝ ներքեւի շերտերը մնում են նույն վիճակին, ընդամենը 5000 դրամ է ավելանում, իսկ վերեւի շերտի վիճակը բարելավվում է: Խորանում է տարբերությունը, սոցիալական լարվածությունը շատ է մեծանում, արտագաղթը կմեծանա, բա ինչ կանի»:
Նա էլ զերծ չմնաց «կրեատիվ» լուծում առաջարկելուց՝ պատգամավորներին տարաբաժանելու առումով եւ կատակեց՝ «Պատգամավոր էլ կա, պատգամավոր էլ, եկեք բիզնես ունեցողներին զրո գործակից տանք, աշխատավարձով ապրողներին 10-15 գործակից»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ