Եվրախորհրդարանի հոկտեմբերի 23-ի նիստին ընդունած բանաձևում անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի նախագահական ընտրություններին:
«Կոնտակտ» լրատվականի փոխանցմամբ, բանաձևում ասվում է. «Հաշվի առնելով Եվրոպայի և Ադրբեջանի հարաբերությունների տնտեսական ներուժը՝ Եվրախորհրդարանը մտահոգված է երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների բացակայության հարցով:
Ադրբեջանից պահանջում է կատարել իր պարտավորություններն ու բավարարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ազատ խոսքի և հավաքների իրավունքը, իրենց իրավունքներից օգտվելու ընդդիմության հնարավորության ապահովումը:
Պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարել քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ հետապնդումները, որն անհրաժեշտ նախապայման է Ադրբեջանի հետ ցանկացած ռազմավարական գործընկերության համար:
Կարդացեք նաև
Ընդգծում է միջազգային չափանիշների բացակայությունը 2013թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, այդ թվում՝ թեկնածուների գրանցումը մերժելը և կոչ է անում վերջին ամիսներում ձերբակալված 14 ընդդիմադիր ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին անհապաղ և առանց նախապայմանի ազատ արձակել, այդ թվում՝ Թոֆիկ Յաղուբլուին և Իլգար Մամեդովին»:
«Կոնտակտ»-ը նշում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է բանաձևի միայն մի հատվածը, որտեղ խոսվում է Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ այս հատվածը բաց է թողել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ