Մայրաքաղաքի մի շարք մանկապարտեզներում 2009 թվականին կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաների մազերում կապարի պարունակությունը շատ բարձր է: Այսօր «Էկոլուր» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ ասաց փորձագետ Սեյրան Մինասյանը, որն անձամբ է մասնակցել ուսումնասիրություններին: Ընդ որում, պարոն Մինասյանը վստահեցրեց, որ այս խնդրի մասին որոշ շահագրգիռ կողմեր չցանկացան բարձրաձայնել:
Ուշագրավն այն է, ինչպես ներկայացրեց փորձագետը, կապարի պարունակությունը 4 տարեկան այն երեխաների մոտ է բարձր, որոնք եղել են վճարովի, մասնավոր մանկապարտեզների սաներ, իսկ պատճառը` կապարի բարձր պարունակությամբ մանկական խաղալիքներն են:
Պարոն Մինասյանի համար նման կարծիք կազմելու հիմքը եղել է այն, որ այդ մանկապարտեզներում տարատեսակ բազմաթիվ խաղալիքներ են եղել. Իսկ խաղալիքների 90%-ը չինական արտադրության են, որոնք ներկրվում են կապարի մեծ պարունակությամբ ներկերով:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, գուցե այս վերջին 4 տարիների ընթացքում որեւէ բա՞ն է փոխվել, եւ այդ ուսումնասիրությունն արդեն հնացել է, պարոն Մինասյանն ասաց` ոչինչ չի փոխվել, քանի որ եւ այդ խաղալիքներն են շարունակվում ներկրվել եւ կապարի քանակությունը սահմանափակող համապատասխան նորմեր չեն մշակվել:
Պարոն Մինասյանի ներկայացմամբ` մեկ այլ հետազոտություն էլ կատարվել է Լոռու մարզի Ախթալայի եւ Ճոճկանի պոչամբարների արանքում գտնվող դեղձի 3 հեկտար այգիներում: Հետազոտությունից, որը կատարվել է 2011 թվականին, պարզվել է՝ 26 մետաղներից միայն կապարի քանակությունն է դեղձի մեջ բարձր եղել: Ընդ որում, այդ այգիները հիմնված են եղել բարեգործական հիմունքներով, որոնք Բաքվի փախստականների համար էին, եւ պայմանավորվածություն կար բերքը ստանալուց հետո, այն արտահանել, ինչը սակայն այլեւս չթույլատրվեց:
Մանրամասն` տեսանյութում
«Էկոլուրի» քննարկման մեկ այլ մասնակից «Խազեր» հասարակական կազմակերպության ղեկավար Ամալյա Համբարձումյանի ներկայացմամբ էլ`
կապարի պարունակությունը պարզելու համար ուսումնասիրվել են Հայաստան ներկրվող ներկերը, որոնց մեծ մասի մեջ կապարի պարունակությունը գերազանցել է միջազգային նորմերին: Այդպիսի ներկերը հիմնականում ներկրվում են Արաբական էմիրություններից, Իրանից, Ռուսաստանից, Թուրքիայից: Իսկ կապարը, ըստ տիկին Համբարձումյանի, առաջին հերթին վտանգավոր է երեխաների եւ հղիների համար:
Մասնագետի ներկայացմամբ` հետազոտության արդյունքներն ուղարկվել են առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարություններ, որտեղից պատասխանել են` համապատասխան նորմեր չկան ոլորտը վերահսկելու համար: Իսկ ստանդարտների ազգային ինստիտուտից էլ վստահեցրել են, որ նույնիսկ մաքսային վերահսկողություն չի կատարվում: Բացի այս, մեծ ցանկության դեպքում էլ համապատասխան մարմինները չեն կարող որեւէ սուբյեկտի պատասխանատվության ենթարկել` նորմատիվների բացակայության պատճառով:
Մանրամասն` տեսանյութում
Քննարկման մասնակիցների ներկայացմամբ` կապարի գերազանցումն օրգանիզմում կարող է առաջացնել մտավոր հետամնացություն, երիկամների, լյարդի, նյարդային համակարգի եւ այլ օրգանների խնդիրներ: Ընդ որում, այս ծանր մետաղը երկար տարիներ կարող է մնալ մարդու օրգանիզմում եւ շրջակա միջավայրում:
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանն էլ ասաց, որ կապարն օգտագործվում է պլաստմասսե, փայտե եւ երկաթե իրերի երեսպատման համար, նման իրերի մաշվելուց հետո է կապարի վտանգավորությունն ավելանում:
Տիկին Գրիգորյանի ներկայացմամբ` կապար են պարունակում կոսմետիկ միջոցները, լվացքի մի շարք պարագաներ, մալուխները, ակումլյատորների արտադրության մեջ է շատ կիրառվում: Նման ապրանքները շրջակա միջավայրը կապարի պարունակությամբ վտանգում են:
Քննարկմանը ներկա առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ դեռեւս տարիներ առաջ կառավարության որոշմամբ իրենց լիազորությունների սահմանները բավականին փոքրացել են, ուստի իրենք չեն կարող որտեղ ցանկանան գնան ստուգումներ կատարեն, բայց նաեւ վստահեցրեց, որ համալիր եւ մանրակրկիտ հետազոտություն է հարկավոր` կապարի քանակությունն ու տարածվածությունը հստակ պարզելու համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ