«Ազատություն» ռադիոկայան. Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նոյեմբերի 1-2-ը Կիևում կայանալիք նիստի ժամանակ քննարկվելու է Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության գործունեության դադարեցման հարցը: Այդ մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
Պատվիրակության գործունեությունը դադարեցնելու համար Եվրանեսթի համանախագահներին է դիմել դրա ղեկավար և Վեհաժողովի փոխնախագահ Էլհան Սուլեյմանովը՝ դժգոհելով Ադրբեջանում այս ամիս անցկացված նախագահական ընտրությունների քննադատությունից, որ պարունակում է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը:
Միաժամանակ, Ադրբեջանը գոհ է Եվրախորհրդարանի բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մասից, որը, երկրի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևի խոսքերով, ցույց է տալիս, որ «միջազգային հանրությունը սատարում է տվյալ հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը և ճանաչում օկուպացման փաստը»: Նա նշել է նաև, թե Եվրախորհրդարանի բանաձևում առաջին անգամ է ընդգծված ղարաբաղյան հակամարտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի հիման վրա կարգավորելու կարևորությունը:
Արման Հովհաննիսյան