«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է ասել պարոն Լուկաշենկոն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը`անդրադառնալով Բելառուսի նախագահի այն հայտարարությանը, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը:
Լրագրողներից մեկի`ինչո՞ւ Արևելյան գործընկերության ներկայացուցիչները հասան Վրաստան, բայց Հայաստան չեկան հարցին, փոխնախարարը պատասխանեց, որ դա ընդամենը օրակարգերի խնդիր է եղել, այլ խնդիր չի եղել:
Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության միջև հակասությունների վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ կան տարբեր նորմերի համապատասխանեցման հարցեր, որոնք ինչ-որ չափով համընկնում են, ինչ-որ չափով կարող են տարբերվել, և այս առումով մենք պետք է ավելի ուշադիր լինենք մեր հանձնառություններում, որպեսզի չստեղծենք անհամապատասխանություն նորմերի և ստանդարտների ինտեգրացիոն այն ուղղության մեջ, որի մեջ մենք այսօր ներգրավված ենք:
Զոհրաբ Մնացականյանը եղել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ հիմնական բանակցողը: Լրագրողները հետաքրքրեցին ինչո՞ւ ինքը չընդդիմացավ, երբ հայտարարվեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: «Այսինքն` դուք ի՞նչ նկատի ունեք: Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարն եմ, ես աշխատում եմ Հայաստանի կառավարության համար և երկրի համար»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչո՞ւ էին բանակցում չորս տարի, եթե պետք է Հայաստանը Մաքսային միությանը միանալու որոշում կայացներ`պատասխանեց. «Հայաստանը և Եվրամիությունն ունեն հարաբերություններ, որոնք ունեն իրավական հիմքեր: Այդ իրավական հիմքերն այսօր համագործակցության և գործընկերության պայմանագրերն են, այդ հիմքերը կարիք են ունենում նորոգման:Մենք զարգացնում ենք այդ հարաբերությունները, խորությունը, թե ինչքանով կարողանանք առաջ գնալ… դա շարունակական գործ է լինելու: Այո, Ասոցացման պայմանագիրը մեզ տալիս էր մեկ հնարավորություն գնալու ինչ-որ մի ավելի խորը ուղղությամբ, մենք որքանով կկարողանանք պահպանել խորությունը… Մենք ունենք Վիլնյուս և ունենք կյանք Վիլնյուսից հետո»,- ասաց նա:
Փոխնախարարը նկատեց, որ Եվրամիության հետ ունենք շարունակական երկխոսություն եւ հարաբերությունները չեն ընդհատվել: Ասաց, որ ունենք բավականին ծավալուն օրակարգ ու պետք է այսօր անդրադառնալ մեր հարաբերությունների իրավական հիմքերի վերանայմանը, որովհետև մենք այսօր գործում ենք Գործընկերության և համագործակցության պայմանագրի շրջանակներում, որը կարիք ունի նորոգման: Հայաստանյան կողմը նախատեսում է անդրադառնալ դրան մինչեւ վիլնյուսյան գագաթաժողովը, բայց նաև Վիլնյուսից հետո այս ամենը շարունակական աշխատանք է լինելու:
Զոհրաբ Մնացականյանը վստահ է, որ երկկողմ քաղաքական երկխոսության մեջ մենք կկարողանանք ձևավորել մի օրակարգ, որ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններում լինի հստակ մակարդակ և որակ: Թե ինչ փաստաթուղթ կստորագրվի Վիլնյուսում, փոխնախարարն ասաց, որ հիմա չի ուզում մեկնաբանել մի գործընթաց, որը դեռ համաձայնեցման փուլում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ