Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. «Երբ որ մենք մեր արտաքին քաղաքականությունը հանձնում ենք գրողներին՝ ձախողվում ենք»

Հոկտեմբեր 24,2013 16:30

«Ես, համենայն դեպս, այդպիսի նամակ չէի գրի»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վ. Պուտինին ուղղված բաց նամակին, հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը. «Ընդհանրապես պատմությունը էմոցիաներ, հուզումներ չի սիրում, նա ունի ռեալ թվեր, ռեալ փաստեր: Գյուլիստանի պայմանագիրը, ինչպես գիտեք, 19-րդ դարի սկզբին է կնքվել: Եվ, բնականաբար, չի կարելի 21-րդ դարում մտածել այնպես, ինչպես մտածել են 19-րդ դարում: Շատ բան է փոխվել, և անհրաժեշտ է հաշվի առնել այսօրվա աշխարհաքաղաքական խնդիրները: Այսօր մտածել, թե ռուսական սահմանը կարող է առաջ շարժվել, ես լուրջ չեմ համարում: Մենք նույնիսկ չենք էլ մտածում` Ռուսաստանին դա պե՞տք է արդյոք»,- ընդգծեց Ա. Վիրաբյանը:

Բանախոսը նկատեց նաև, որ սովորաբար պատմաբանը և ընդհանրապես հետազոտողը վերցնում է այնպիսի փաստեր, որոնք իրեն ձեռնտու են. «Ինչպես են, օրինակ, ադրբեջանցիները, թուրքերը իրենց ձեռնտու փաստերը վերցնում, մենք նույնպես հաճախ խուսափում ենք շատ փաստերից: Եվ դա բնական է: Բայց օբյեկտիվ ուսումնասիրելու համար պատմաբանն առաջին հերթին պետք է վերցնի այն փաստերը, որոնք իրեն ձեռնտու չեն, դրանք քննարկի, ներկայացնի»,-ասաց նա:

Վերադառնալով Զորի Բալայանի նամակին` Ամատունի Վիրաբյանը նկատեց, որ այդ նամակն իրեն Ա. Բակունցի ստեղծագործությունն («Նամակ Ռուսաց թագավորին») է հիշեցնում և հավելեց. «Մեր խնդիրն այն է, որ մեզանից յուրաքանչյուրն ուզում է միաժամանակ զբաղվել ամեն ինչով, բայց այդպես չի կարելի. քաղաքագետը պետք է զբաղվի քաղաքականությամբ, գրողը` գրականությամբ և այլն: Մենք շատ ենք սիրում մեկս մյուսի գործը անել:

Ես կարծում եմ, որ 19-րդ դարում տեղի ունեցածի և ներկայի հետ աղերս տեսնելը միայն ռոմանտիզմ է, իսկ գրողները չեն կարող պրագմատիկ լինել, նրանք ռոմանտիկ են, դրա համար էլ մեր այն գրողները, որոնք փորձել են քաղաքականությամբ զբաղվել, ձախողվել են` Լևոն Շանթ, Ավետիս Ահարոնյան և ուրիշներ: Երբ որ մենք մեր արտաքին քաղաքականությունը հանձնում ենք գրողներին, ձախողվում ենք, ոչնչի չենք հասնում»:

Հարցին, թե արդյոք նամակը Զ. Բալայանի նախաձեռնությո՞ւնն է, Ա. Վիրաբյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` մեզ դեռևս հայտնի չէ` այդ նամակը Բալայանի սեփական նախաձեռնությունն է, թե իշխանությունների խնդրանքը, բայց կարծում եմ` պատահական չէ այն հանգամանքը, որ նամակը գրվել է Մաքսային միությանը անդամակցելու մասին ՀՀ նախագահի որոշումից հետո»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vigen Tsatryan says:

    Զորին իր գործն է անում,դուք քաղաքական ձախողման պատասխանատուներին ուղղեք առկա հարցերը:Ճիշտ էլ նկատել եք թե ինչին ինչ հաջորդեց:Դրան ավելացրեք Լուկաշենկոյի ասածը ՀՀ-ի ՄՄ մտնելու մասին և պարզ կդառնա թե ինչու գրվեց նամակը:Նամակի քարկոծմամբ պատճառները չենք վերացնի:Ազգովին աշխատել է պետք:Նոր արհավիրք է հասունանում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031