ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, ելույթ ունենալով «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ իր ելույթը սկսեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին կատարած հսկայածավալ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով:
Նա, անդրադառնալով մինչեւ այդ հնչած ելույթներին, որոնցում փորձ էր արվում տրամաբանություն փնտրել աշխատավարձերի միասնական համակարգում գործակիցների համադրման մեջ, գործակիցների կռվի մեջ՝ նախարարը ինչո՞ւ է պատգամավորից շատ ստանում, ասաց, որ ինքը կողմ է, որ պատգամավորները եւ նախարարներն ընդհանրապես անվճար աշխատեն, ինչպես հին Հռոմում էր, որտեղ պետության համար աշխատանքը համարվում էր մեծ պատիվ եւ չէր վարձատրվում:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե մեծամասնական պատգամավորները ավելի շատ պետք է ստանան, քան համամասնականները, ինչի մասին հարց էր բարձրացրել պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով, որ մեծամասնականները մեծ ծախսեր են անում՝ մարզեր գնալու, ընտրողների հետ հանդիպելու եւ այլնի համար, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ այդ տարաբաժանումը ճաշակի հարց է. «Ճաշակի հարց է: Ընդհանրապես բոլորը հավասար են, բայց կան ավելի հավասարներ կամ ամենահավասարներ: Կարելի է տարաբաժանել ոչ թե մեծամասնականի եւ համամասնականի, այլ ավելի կրեատիվ լինել, եւ ասենք, ընդդիմադիրներին ավելի շատ աշխատավարձ տալ, քան իշխանամետներին, կամ կին պատգամավորներին ավելի շատ, քան տղամարդ պատգամավորներին՝ խախտելով գենդերային հավասարությունը: Կամ երիտասարդ եւ հոգով երիտասարդներին ավելի շատ, քան մյուսներին»… Այս «կրեատիվ» ցանկը թվարկելիս պատգամավորին հուշեցին եւ նա բարձրաձայնեց մեկ այլ տարաբաժանում եւս՝ «վիսկի սիրողներ եւ չսիրողներ, մարզերից եկածներ եւ չեկածներ եւ այլն…»:
Կատակելուց հետո պատգամավորն ասաց, որ կողմ է այն առաջարկին, որ մինչ քվեարկությունը պետք է ԱԺ-ում աշխատանքային խմբով աշխատել այս նախագծի վրա, քանի որ «լավ փաթեթ է»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ