Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլիստանի պայմանագրի դերակատարությունն ու Կրիվոպուսկովի «անցյալը»

Հոկտեմբեր 24,2013 16:03

«Այսօր մեզանում փորձեր են արվում պատմությունը խեղաթյուրել, տարբեր փաստեր ներկայացնել չափազանցված և այլն: ՌԴ-ից բացի՝ միայն երկու երկրներ են, որ պատմությունը ներկայացրել են առանց աղավաղումների. դրանք ՀՀ-ն ու Բելառուսն են»,-այսօր Սլավոնական համալսարանում կազմակերպված «Գյուլիստանի հաշտության պայմանագիրը 1813-2013թթ-ի պատմական զուգահեռներում» թեմայով կլոր սեղանի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:

Հարցին՝ արդյոք Վլադիմիր Կրիվոպուսկովը նույն Կրիվոպուսկո՞վն է, ով 1990-ից եղել է Ղարաբաղի ինքնավար մարզում խորհրդային ներքին գործերի նախարարության օպերատիվ–հետաքննչական խմբի անդամ, պարոն Կրիվոպուսկովը դրական պատասխան տվեց:
Հաջորդ ճշտող հարցին ի պատասխան՝ արդյոք այդ խումբը զբաղվե՞լ է անձնագրային ռեժիմի ստուգմա՞բ, պարոն Կրիվոպուսկովը խորհուրդ տվեց կարդալ իր հեղինակած «Ապստամբ Ղարաբաղ» վերնագրով գիրքը ու ասաց, որ ինքը նման գործով չի զբաղվել:
Նույն հարցի կապակցությամբ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այն, որ դա ճշմարտություն է, կարող են ապացուցել բոլոր այն մարդիկ, ում անունը գրքում կա: Երբ սկսել է անձնագրային ռեժիմը այդ պահին Կրիվոպուսկովը Արցախից հետ կանչված էր, մնացյալը պիտի լինի լրագրողական ուսումնասիրություն, և եթե գտնենք այն փաստերը, որոնք դատապարտելի են՝ ես լինելու եմ Ձեզ հետ»:
Խոսելով Գյուլիստանի պայմանագրի ներկայիս դերակատարության մասին՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց. «Ռուսաստանն ունի պարտավորություններ»: Շարունակելով միտքը՝ նա նշեց. «Խորհրդային տարիներին կար մի բանաձև, հայ ժողովրդի ազատագրական ձգտումները օբյեկտիվորեն համընկնում էին ռուսականի հետ: Ես այս բանաձևը կկիրառեի նաև այսօր: Գործածել ազատագրում եզրույթն այստեղ սխալ է: Գյուլիստանի պայմանագիրն այնքանով կարող է դերակատարություն ունենալ, որ մենք պիտի մեր ռազմավարական դաշնակցին հիշեցնենք, որ 1921-ը մեզ համար անընդունելի է՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Մենք ՌԴ օգնությունն ենք ակնկալում ղարաբաղյան հարցում և Մինսկի խմբի գործընթացում Ռուսաստանն ավելի ակտիվ դերակատարություն պիտի ունենա»:
ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը, մեկնաբանելով Զորի Բալայանի նամակը, նշեց. «Նրա հիմնական նպատակն էր ցույց տալ, որ պատմական և իրավական տեսանկյունից Ադրբեջան հասկացություն այս տարածաշրջանում չի եղել և այսքանով հանդերձ դուք նրանց արտոնություն եք տալիս՝ ելնելով շահադիտական նպատակներից: Իսկ որևէ տողատակի մեկնաբանություն, երբ ուզում են տեսնել, որ Զորի Բալայանը ուզում է Արցախը միացնել ՌԴ-ին, կոչվում է ռուսերեն ասած бред сивой кобылы»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031