Այսօր, ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, որը երեկ հարց էր բարձրացրել ուսուցիչների աշխատավարձերի մասին:
Այսօր էլ նա անդրադարձավ այդ հարցին՝ մտահոգություն հայտնելով, որ իրականում ուսուցչի աշխատավարձը, եթե նա քառասուն տարեկանից ցածր է, բարձրանալու է միայն 2000 դրամով՝ տաս հազար դրամից ութը գնալու է կուտակային համակարգին: Նա համաձայն չէր երեկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի ասածին, որ կուտակային համակարգին մուծված գումարն էլ է ուսուցչի գումարը. «Համաձայն չեմ, որ դա իր փողն է, պարզ չի, թե երեսուն-քառասուն տարի հետո էդ փողն ինչ կլինի, ինչ կդառնա, էլ չեմ ասում, որ կարող է մարդը այդքան չապրի էլ»:
Խոսելով աշխատավարձերի բարձրացման տարօրինակությունների մասին՝ այս քսան տարիների ընթացքում, նա հիշեց, որ 90-ականներին ընդունված օրենքով բարձրացվեց ղեկավար կազմի աշխատավարձը 30%-ով, իսկ մնացածինը՝ կրկնակի, եւ այնպես ստացվեց, որ պարոն Մարգարյանի քարտուղարուհին ավելի բարձր աշխատավարձ էր ստանում, քան այն ժամանակ վարչության պետի տեղակալ աշխատող Մարգարյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ներկայացված նախագծում «դիտավորություն կա», որով Սահմանադրությամբ սահմանված հիերարխիան չի պահպանվել՝ «Սահմանադրության հետ անհամաձայնություն կա, չեմ կարծում , որ ԱԺ նախագահը, երկրի երկրորդ դեմքը լինելով հանդերձ, վարչապետին հավասար պիտի լինի սանդղակում: Կարծում եմ, որ դիտավորյալ խախտում կա՝ պատգամավորի գործակիցը հավասարեցնելով մարզպետներին եւ փոխնախարարներին: Ազգային ժողովը երկրի համար ամենակարեւոր եւ լուրջ մարմինն է, որ ինքն է ձեւավորում կառավարություն, եւ ինքը չպիտի իր ձեւավորածին ստորադասվի»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ