Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավո՞ր, թե՞ պարտադրված կադրային ջարդ ՀՀ դատախազությունում

Հոկտեմբեր 24,2013 15:26

ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը մեկ ամիս չկա, ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը, հոկտեմբերի 7-ին խորհրդակցություն էր հրավիրել: Քննարկվել են դատախազության գործունեության կազմակերպմանն ու դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր ու մշակվել կանոններ:

Գեւորգ Կոստանյանն իր ելույթում անդրադառնալով համակարգի աշխատողների`դատախազների աշխատանքին, նշել է՝ ով աշխատի անկաշառ` կխրախուսվի, իսկ հակառակ պարագայում տվյալ աշխատակցի աշխատանքը կլինի անհամատեղելի դատախազությունում, ինչպես նաեւ կաշառակերությունը կդիտվի որպես հանցագործություն եւ Գեւորգ Կոստանյանը դա կընկալի իբրեւ անձնական վիրավորանք:

Գեւորգ Կոստանյանը նաեւ նշել է, որ դատախազները քննարկումների ժամանակ ոչ մի դեպքում չպետք է ասեն, թե իրենք «տարվա դատախազ» են, կամ`«իմ պրակտիկայում նման բան չկա…»: Ըստ նրա` յուրաքանչյուր դատախազ պատասխան կտա իր որոշումների, գործողությունների եւ անգործության համար:

Գեւորգ Կոստանյանը արգելել է բամբասանքները, խարդավանքները, դրանց հետագա օգտագործումը ԶԼՄ-ների կողմից, իբրեւ «ՀՀ դատախազությանը մոտ կանգնած աղբյուր»:

Գեւորգ Կոստանյանը նշել է նաեւ այն, որ պետք է բացառել աշխատանքից ուշանալը, աշխատանքային ժամին ծառայողական պարտականությունների հետ չկապված տարբեր աշխատասենյակներ հաճախելը, զրուցելը:

Գեւորգ Կոստանյանի հնչեցրած ելույթի ու կանոնների վերաբերյալ ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանի հարցին, թե ինչպիսին պետք է լինի աշխատանքային ռեժիմը` Գեւորգ Կոստանյանը պատասխանել է. «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող եւ ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարն աշխատավայրում մնում են մինչեւ ՀՀ գլխավոր դատախազի հեռանալը: ՀՀ դատախազության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզերի, Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների աշխատաժամանակի ավարտը ժամը 20:00-ն է, իսկ մյուս դատախազների աշխատաժամանակի հարցը որոշում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, կամ դատախազությունը ղեկավարող դատախազը…»:

Խորհրդակցության ավարտին որոշվել է հավանություն տալ վերը նշված կանոններին, իսկ այն անձինք, ովքեր չեն կարող իրենց աշխատանքը կազմակերպել դրանց շրջանակներում, ապա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում կարող են պաշտոնից ազատման վերաբերյալ դիմում ներկայացնել:

Xorhrdakcutyun-1

xorhrdakcutyun-2Գեւորգ Կոստանյանի ստանձնած ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հետո, դեռ մեկ ամիս չանցած, արդեն իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են համակարգի լավագույն կադրերը, որոնք առնվազն 20 տարի ոլորտի լավագույն մասնագետներն են եղել:

Այս օրերին աշխատանքից ազատվել են`ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը, Արմավիրի մարզի դատախազ Ա. Սինանյանը, ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Պ.Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գ. Խաչիկյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Ջ. Ֆարխոյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հ. Զաքոյանը, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Վ. Բարսեղյանը, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գ. Արշակյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ. Երեմյանը, եւ դեռ որոշներն էլ պատրաստվում են ազատմանը:

Հավելենք, որ չնայած Գեւորգ Կոստանյանը աշխատաժամանակի ավարտը սահմանել է մինչեւ ժամը 20:00-ն, բայց համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, որը սահմանում է աշխատաժամանակի տեւողությունը`այն չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից: Դատախազությունում լրացուցիչ աշխատելու առիթով դժգոհությունների ալիք կա, որոշ աշխատակիցներ, որոնց աշխատավարձը չի գերազանցում 60 հազար դրամը, աշխատանքը չկորցնելու համար նույնիսկ շաբաթ օրն են ստիպված լինում ներկայանալ աշխատանքի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. h0par says:

    ես ուղղակի զարմացած եմ թե ում եք դուք անվանում լավագույն մասնագետների, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ թաղված էին կաշառակերության մեջ: Հիմա հայտնվել է մի ՄԱՐԴ, ԳԵՒՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ անուն ազգանունով, ով ուզում է այս փտած համակարգը կենսունակ դարձնի եւ ծառայեցնի իր բուն նպատակներին, իսկ դուք իներցիայի համաձայն մածունը սեւ եք տսնում:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Գեւորգ Կոստանյան անուն ազգանունով մարդը զինդատախազի իր կարյեյան ավարտեց Լիսկայի հանցագործությունը պարտակելով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031