Բաց նամակ Իտալիայի նախագահին եւ վարչապետին
… Ես չեմ հասկանում Զորի Բալայանին: Անկեղծորեն եմ ասում: Ասա, այ տնաշեն, նամակն էլ պիտի իմանաս՝ ում ես գրում, ինչու եւ ինչքան… Ախր, արժե՞ քսանչգիտեմքանի էջանոց նամակ գրել մի հարցի մասին, որը մենք լուծել ենք մեր իսկ զենքի ուժով: Այն դեպքում, երբ ունենք չլուծված խնդիրներ լիքը… Ախր չի կարելի, չէ՞, էդքան փոշիացնել մեր ազգային ակնկալիքները: Գրելուց միանգամից մեծ բռներ, էլի: Արեւմտյան Հայաստանը դեռ հեծում է թուրքական լծի տակ, նա Պուտինի՞ն է նամակ գրում:
Ես առաջարկում եմ խնդիրն ավելի գլոբալ դնել եւ դիմել Իտալիայի նախագահին ու վարչապետին: Իհարկե, ես պ. Բալայանի նման քսանչգիտեմքանի էջանոց նամակ չեմ գրելու, որովհետեւ ես սիրում եմ կարճ գրել: Իսկ կարճ գրելը, ինչպես գիտեք, տաղանդի քույրն է: Ավելի ճիշտ՝ ստորեւ ներկայացվողը բուն նամակն էլ չէ, սա գաղափարի առաջարկն է: Կարծում եմ՝ լավ մշակելուց հետո պ. Բալայանը կարող է այն դարձնել առնվազն երեսունչգիտեմքանի էջ (այ, թե տեղը կլինի էդ իտալացիներին, թող տանջվեն կարդան):
Եվ այսպես.
Կարդացեք նաև
«Իտալիայի նախագահ, Նորին գերազանցություն Ջորջո Նապոլիտանոյին (Giorgio Napolitano),
Իտալիայի վարչապետ, Նորին գերազանցություն Էնրիկո Լետային (Enrico Letta),
Մեծարգո պարոնայք,
ինչպես հաստատ տեղյակ եք պատմությունից, իսկ եթե տեղյակ չեք՝ տեղեկացեք սույն նամակից, Քրիստոսի ծննդից հետո 387 թվականին Հռոմեական կայսրությունը եւ Սասանյան Պարսկաստանը համաձայնագիր ստորագրեցին, որով բաժանեցին Մեծ Հայքը: Մեր երկրի Արեւելյան աշխարհներն անցան Պարսկաստանին, իսկ Արեւմտյան աշխարհները՝ Հռոմեական կայսրությանը: Մեծ Հայքի արեւմտյան հատվածը, ասեմ ձեզ իմանաք, Հռոմեական կայսրության, հետագայում նաեւ՝ Բյուզանդական կայսրության իշխանության ներքո լավ էլ զարգանում ու բարգավաճում էր երկար տարիներ, այնքան, որ 9-11-րդ դարերում, արդեն Հռոմեական կայսրության իրավահաջորդ Բյուզանդիայի գերիշխանության ներքո կարողացավ վերականգնել թագավորությունը՝ ի դեմս Բագրատունիների:
Սակայն Հռոմեական, ապաեւ Բյուզանդական կայսրության անկումից հետո արեւելքից եկած բաշիբոզուկները բուն հայկական հողերի վրա ստեղծեցին օսմանյան կայսրությունը, որը դարերի ընթացքում կեղեքում ու կոտորում էր հայ ժողովրդին եւ իր արյունարբու առաքելությունը ավարտին հասցրեց 1915 թվականի ցեղասպանությամբ, որի ընթացքում մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին եւ ոչնչացվեցին: Հայ տարրը վերացավ պատմական հայկական աշխարհներից, իսկ հայկական բնակավայրերը բնակեցվեցին թուրքերով ու քրդերով:
Հարկ է, համենայնդեպս, նշել, որ այլ էր Արեւելյան Հայաստանի ճակատագիրը: Պարսկական տիրապետության տակ երկար հեծելուց հետո նրա մի մասը հետագայում անցավ Ռուսական կայսրության գերակայությանը («օրհնվի էդ սհաթը»՝ կասեր մեր մեծ լուսավորիչը), եւ հյուսիսից եկող բարերար քամու ազդեցության տակ հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքի մեկ տասներորդում կարողացավ ստեղծել նոր պետություն: Սակայն ստալինյան դավադրությամբ դրա մի մասը՝ պատմական Արցախն անցավ արեւելյան թուրքերի տիրապետության տակ (սա թողնենք, քանզի այդ հարցով ես արդեն դիմել եմ ռուսական կայսրերի փառքի իսկական իրավահաջորդ, մեծատառով մարդ եւ ժողովուրդների մեծ հայր ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին (երիցս փառք այդ անվանը):
Ներողություն, լիրիկական զեղում էր:
Շարունակեմ. մեզ եւ, համոզված եմ, նաեւ ձեզ համար մնացել է մի բարդ թնջուկ. Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, եւ դա դեռ հերիք չէ, չի ուզում մեզ վերադարձնել մեր պատմական հայրենիքը:
Քանի որ Քծհ 387 թվականի համաձայնագիրը Հռոմեական կայսրության եւ Սասանյան Պարսկաստանի միջեւ կնքվել է հավերժական ժամանակների համար, իսկ ձեր ղեկավարած Իտալիայի Հանրապետությունը իրական ժառանգորդն է Հռոմեական հզոր կայսրության, դուք էլ՝ Հռոմեական կայսրերի արժանի հետնորդները, առաջարկում եմ փառքով պսակել ձեր անունները եւ վերականգնել պատմական արդարությունը: Հենց ձեր երկրի շահերից է բխում, որ դուք, դաշնակցած Հռոմեական կայսրության փլատակներից հառնած մնացած պետությունների (Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա եւ այլն) հետ եւ նրանց գլուխը անցած՝ ազատարար զորքերը մտցնեք ներկայիս Թուրքիայի տարածք, հետ գրավեք նախկին կայսրությանը պատկանող բոլոր հողերը այդ մարդակերներից, հաստատեք այնտեղ ձեր գերիշխանությունը… Դե, իսկ հետո մենք կբանակցենք ձեզ հետ՝ բուն հայկական հողերը մեզ վերադարձնելու պայմանների շուրջ: Կարծում եմ՝ դուք լիովին ըմբռնեցիք ձեր շահը այս դարակազմիկ պլանում… Այսօր պանթուրքիզմը վնասում է առաջին հերթին հենց Իտալիայի շահերին, հասկացեք ձեր շահը, դա ես եմ ասում, ես, որ ճամփորդել եմ հազարավոր ծովերով…
Մի կորցրեք պատմական պահը:
Viva l՚Italia:
Համենայնդեպս՝ նաեւ «Слава России»:
Հարգանքներով՝
Զ. Բ.»:
Այ, սա կլիներ «ռազմախ»… Թե չէ՝ մենակ Գյուլիստանով հարցը չի լուծվում, ա՜յ բալա:
Անկեղծո՛րեն եմ ասում…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարգելի պ–ն Հարությունյան, ուշադրությամբ կարդացի Ձեր առաջարկը ուղղված ամեմայն հայոց հրապարակախոսին։ Ես կառաջարկեի’, որ պ–ն Բալայանը հաշվի առնելով այն անժխտելի փաստը, որ մինչև Ամերիկայի հայտնաբերումը Կոլոմբոսի կողմից, այդ ջրերում գնալ–գալ են ունեցել հայկական նավերը ( գրել գրել ա) մի նամակ էլ գրի Օբամային։ Քանի որ մենք ագահ ժողովուրդ չենք խնդրենք՛ որ Գլենդելը միանա Հայաստանի հանրապետությանը, հետագայում ՄՄ կամ նորոստեղծ Հռոմեական կայսրությանը միանլու հեռանկարով։
պ–ն Բալայան քեզ տեսնենք՛սկսի գրելը։
Արդեն անհամություն ա դառնում այս թեման… և բոլոր “սրամտողները” կարծես մրցում են, թե այս չարչրքված և իրականում ոչ մի կարևորություն չունեցող նամակի վրա ով ավելի հզոր “փոստ” կբռնի, տողատակում էլ հարցնելով մեզ, թե իբր` լավն էր չէ?… բայց ինչպես կասեր մեծն կոկորդիլոս Գենան` НЕТ, НЕ ЗДОРОВО… И ДАЖЕ ОЧЕНЬ ГЛУПО!!!!
Շատ էլ լավն էր, ДАЖЕ ОЧЕНЬ ЗДОРОВО …