Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Անի Մխիթարյան) Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատական նիստն էր՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի:
Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը հստակեցրեց հայցի պահանջները եւ հիմքերը: Նրա խոսքերով՝ «Զրպարտություն է, որ Սուրիկ Խաչատրյանը Արեւիկ Միրզոյանի վրա է կրակել եւ այն, որ նա եղել է Սուրիկ Խաչատրյանի սիրուհին: Զրպարտություն է նաեւ այն, որ ծանր վիրավորել է Անուշավան Առուշանյանին»:
Սամվել Հարությունյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը ճշտեց՝ միայն այդքա՞նն եք համարում զրպարտություն, մնացածը չե՞ք համարում, որ զրպարտել է՝ Մարտին Զիլֆուղարյանը պատասխանեց. «Այո»:
Հարցին՝ դուք հերքո՞ւմ եք, որ Անուշավան Առուշանյանին հասցվել է հրազենային վնասվածք՝ Մարտին Զիլֆուղարյանը պատասխանեց, որ եթե եղել է հրազենային վնասվածք, դրա հետ ոչ մի կապ չունի Սուրիկ Խաչատրյանը, հետեւաբար ոճրագործության մասին խոսք լինել չի կարող:
Կարդացեք նաև
Հայցադիմումում նշված դրվագն ունի նաեւ շարունակություն, որ նրան տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչերը մտնում են հիվանդանոց եւ կրակում նաեւ ռենտգենի կաբինետում: Ուստի Մուշեղ Շուշանյանը հարցրեց սրանից հրաժարվո՞ւմ եք: Հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց՝ «Այդպիսի բանդա եղել է, թե չի եղել՝ մենք դրա մասին չգիտենք: Եղել է դա, թե չի եղել՝ մենք դա չենք ուզում ոչ հաստատենք, ոչ հերքենք: Մենք բանդան նույնպես զրպարտչական փաստ ենք համարում»:
Մուշեղ Շուշանյանը հորդորեց հակասական պատասխանների փոխարեն վերջնական եւ հստակ պատասխան տալ, թե որն է հանդիսանում հայցադիմումի հիմքը:
Ըստ Մարտին Զիլֆուղարյանի, պետք է ապացուցվի՝ Սուրիկ Խաչատրյանն իրո՞ք կրակել է Արեւիկ Միրզոյանի վրա, ունի՞ բանդա, կրակե՞լ է նա Անուշավան Առուշանյանի վրա:
Մուշեղ Շուշանյանը գտնում է, որ պետք է ապացուցվեն այլ հանգամանքներ՝ արդյոք հրազենային վնասվածք է հասցվել Արեւիկ Միրզոյանին եւ Անուշավան Առուշանյանին եւ արդյոք հայցվոր Սուրիկ Խաչատրյանի անունը այդ դեպքերի հետ առնչություն ունենալու իմաստով շոշափվե՞լ է, հիվանդանոցի ռենտգենի կաբինետում կրակոցներ արձակվե՞լ են, թե՞ ոչ, հայցվորի վերաբերյալ անցած տարիների ընթացքում եղե՞լ են հրապարակումներ, որոնցում նա մեղադրվել է Արեւիկ Միրզոյանին եւ Անուշավան Առուշանյանին հրազենային վնասվածքներ հասցնելու համար, թե՞ ոչ:
Մարտին Զիլֆուղարյանն ասաց, որ հիմնականում սա իր համար ընդունելի է, բայց ընդունելի չէ, որ պետք է ուսումնասիրեն՝ Սուրիկ Խաչատրյանի անունը շոշափվե՞լ է այդ գործերում. «Ցանկացած մարդ կարող է նրա հասցեին ցանկացած բան ասի, դա չի նշանակում, որ դա իրականությանը համապատասխանում է: Պետք է ապացուցել՝ եղե՞լ է նման փաստ, թե՞ ոչ»:
Մուշեղ Շուշանյանի դիտարկմամբ՝ պետք է պարզեն՝ Սուրիկ Խաչատրյանը եղե՞լ է կասկածյալ այդ գործերով, ինչի հետ չհամաձայնեց հայցվորի ներկայացուցիչը՝ ասելով, որ հարյուրավոր կասկածյալներ կարող են լինել, կարող է մեկը միտումնավոր գործի ընթացքը շեղելու համար կարող է նրա անունն է տվել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ