Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականներն ըմբռնում են գտել Եվրոպայում

Հոկտեմբեր 24,2013 14:40

Էդուարդ Շարմազանովը`  Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձեւի մասին

«Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որեւէ հղում չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին: Կատարյալ աբսուրդ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ, մինչեւ զինադադարի կնքումն ընդունված բանաձեւերի հետ: Դա որեւէ կերպ չի կարող օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը, քանզի դրանց նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն է եղել, այլ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչն էլ եղել է 1993 թվականին: Այսօր այդ բանաձեւերն արդիական լինել չեն կարող, ու հենց դրանից ելնելով է, որ Մինսկի խմբի կամ համանախագահ երկրների որեւէ փաստաթղթում այդ բանաձեւերին հղում չի արվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ քվեարկության դրված բանաձեւին, որում հակասական դրույթներ կան ԼՂ խնդրի կարգավորման մասով: Մեր զրուցակիցը նկատում է, որ որքան էլ հղում կատարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, այդ բանաձեւերն էլ ընդունում են, որ հարցի կարգավորման հիմք են հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած հիմնարար սկզբունքները եւ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որոնք շատ հստակ են: Հիշեցնենք, որ բանաձեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Լաքվիլլայում արված հայտարարությանը հղում անելու հետ մեկտեղ կա եւս մեկ պարբերություն, որում հղում է արվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունած բանաձեւին: Հիշեցնենք նաեւ, որ Լաքվիլլայի հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում էր, որ խնդիրը պետք է լուծվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա. դրա մասին Հայաստանն անընդհատ է խոսել, իսկ Ադրբեջանը մերժել է ու մերժում է, ինչի ապացույցը նաեւ Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքն է: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունած բանաձեւը, որն Ադրբեջանն այս ողջ ընթացքում օգտագործում է դրոշակի պես, բացարձակ չի ենթարկվում Լաքվիլլայի հայտարարության տրամաբանությանը:
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրված բանաձեւի՝ Հայաստանի վերաբերյալ դրույթում ասվում է, որ Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Հայաստանում ժողովրդավարական չափորոշիչների ուղղությամբ արձանագրված առաջընթացը, եւ կոչ է արվում հավելյալ առաջընթաց ապահովել կառավարման համակարգի, արդարադատության ոլորտի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով բանաձեւի այս դրույթին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սա, փաստորեն, արձանագրում է, որ Հայաստանում այս տարիների ընթացքում ժողովրդավարությունը բավականին զարգացում է ապրել: Բնականաբար, մեր եվրոպացի գործընկերները եւս արձանագրում են այն քաղաքական բարեփոխումների արդյունավետ լինելը, որոնք իրականացրել է Հայաստանի իշխանությունը՝ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին»: Այն, որ բանաձեւում նշված է, որ Հայաստանին կոչ է արվում շարունակել համագործակցությունը Եվրոպական միության հետ, ինչին եվրոպացիները պատրաստ են, Շարմազանովն այսպես է մեկնաբանում. «Սա փաստում է, որ Հայաստանի քաղաքականությունը՝ շարունակել երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ, լիարժեք ըմբռնում է գտել Եվրոպայում: Այսինքն՝ բոլոր այն մեկնաբանությունները եւ տեսակետները, որ իբր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում դրվել է վերջակետ, եւ եվրոպացիները փակել են դռները Հայաստանի առջեւ, հօդս ցնդեցին»: Բանաձեւում ողջունվում է մեր երկրում իրականացվող կայուն մակրոտնտեսական քաղաքականությունը եւ տեղի ունեցող կառուցվածքային բարեփոխումները, ինչպես նաեւ եվրոպական հարեւանության քաղաքականության՝ Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի ուղղությամբ արձանագրված հավելյալ առաջընթացը: ՀՀԿ-ական փոխխոսնակը նկատում է, որ նաեւ եվրոպացիներն են արձանագրում այն իրողությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանությունները հասել են հաջողությունների: Լավ է, որ պարոն Շարմազանովը հեռու է այն կարծիքից, որ կոռուպցիան Հայաստանում ամբողջությամբ վերացվել է, բայց համամիտ է եվրոպացիների այն տեսակետին, որ կոռուպցիայի դեմ պայքարում հայաստանյան իշխանությունները հաջողությունների են հասել: Բանաձեւում այս երեք դրույթների առկայությունը մեր զրուցակիցը ուրախալի է համարում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031