Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը լուրջ չի վերաբերվում Զարուհի Փոստանջյանի`«Այ Լյովիկ, էլի թռար» արտահայտությանը

Հոկտեմբեր 24,2013 14:26

«Այ Լյովիկ, էլի թռար: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»,- երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած միջազգային պատվիրակությունների ձեւավորման նոր կարգի առիթով տեղի ունեցած քննարկման ժամանակ՝ ըստ «168 ժամի»՝ ասել էր Զարուհի Փոստանջյանը` դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին:

Այսօր խորհրդարանում պատասխանելով այս առիթով մի քանի լրագրողների հարցերին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ լուրջ չի վերաբերվում Փոստանջյանի խոսքերին. «Դա հիմարություն է, և ես նեղվելու ոչինչ չունեմ, որևէ խնդիր չկա։ Ես երբեք որևէ ընդդիմադիր գործչի հետ հրապարակային բանավեճի մեջ չեմ մտել և չեմ էլ մտնելու։ Մեր թիրախը մշտապես եղել են իշխանությունները, և ես չեմ շեղվելու այդ գծից, ով էլ փորձի ինձ ներքաշել բանավեճերի մեջ: Ես, որպես ընդդիմադիր գործընկեր, միայն մի խորհուրդ ունեմ Զարուհուն՝ չստանձնել իմ ինքնակոչ խոսնակի դերը և իմ փոխարեն իմ դիրքորոշումները չհայտնել մամուլին»։

Հարցին՝ ԱԺ նախագահի որոշումը չե՞ք դիտարկում որպես խտրական վերաբերմունք ընդդիմության նկատմամբ, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ն կարող է իր այս քայլն արդարացնել մեծամասնություն լինելու հանգամանքով, բայց դա, իհարկե, արդարացի չէ, քանի որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են և Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունները ներկայացված են իրականությանը չհամապատասխանող թվաքանակով։

Որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները պետք է ներկայացված լինեն օտարերկրյա պատվիրակությունների կազմում՝ պրն Զուրաբյանն այլ կարծիք չի տեսնում, բայց խնդիրն այն է, որ վերջնական որոշումը միեւնույն է կայացնում է ԱԺ նախագահը։
Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտարարել էր, որ ՀԱԿ-ի՝ իր ընդդիմադիր գործընկերը չի պաշտպանել իրեն Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Լրագրողների խնդրանքով անդրադառնալով այդ հայտարարությանն էլ՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Քանի որ Հովիկ Աբրահամյանն արդեն կայացրել էր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացնելու որոշումն, իսկ խմբակցության ղեկավարներն ԱԺ նախագահի որոշման վրա ազդեցություն ունենալ չեն կարող, ուստի մենք հայտնել ենք միայն մեր կարծիքն ու դիտողությունները ԵԽԽՎ կանոնակարգի վերաբերյալ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031