Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն՝ Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին, Մոսկվան՝ եվրասիական խառնաշփոթում

Հոկտեմբեր 24,2013 14:42

Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը ԵՄ-ն կքննարկի արդեն Վիլնյուսի համաժողովից հետո՝ «Ազատություն» ռ/կ-ի մոլդովական ծառայությանը տված հարցազրույցում Քիշնեւում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը: «Որոշումը, որ կայացվեց Հայաստանի կողմից, բխում էր այդ երկրին բնորոշ շատ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրողություններից: Դրա հետ մեկտեղ պետք է ընդգծել, որ նրանք չեն լքել Արեւելյան գործընկերության ծրագիրը: Այն պահից, երբ կայացվեց ՄՄ-ին անդամակցելու որոշումը, Հայաստանից այցելությունների իսկական տեղատարափ սկսվեց, եւ մեզ շարունակ ասում էին՝ «իրականում մենք չէինք ցանկանում լքել գործընթացը, մենք ցանկանում էինք հնարավորինս առաջ շարժվել, սակայն եղել են որոշակի ճնշումներ»,- նշել է Բիլդտը: «Վիլնյուսից հետո արդեն մենք կդիտարկենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այդ համագործակցությունը, իհարկե, չի լինի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում: Համագործակցության այլ ձեւերն, իհարկե, կզարգացնենք»,- պարզաբանել է նա:

Օրերս հատուկ «Առավոտ»-ին տրամադրած հոդվածում Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ  Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հիմնական ուղերձ փոխանցեցին այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի Արեւելյան գործընկերության ներուժն ամբողջությամբ օգտագործվի՝ «դրան հասնելու համար մենք համատեղ արժեքների հանդեպ մեր գործընկեր երկրների առավել ուժեղ հանձնառության կարիքն ունենք», ինչպես նաեւ՝ հասարակության բոլոր հատվածների ջանքերի կենտրոնացումը:

Վիլնյուսի գագաթնաժողովը վստահաբար որոշ երկրների համար ձեռքբերումների մեկնարկի գագաթնաժողով կլինի: Եվրոպական՝ համամարդկային արժեքների համակարգը, դրան հասնելու բարեփոխումների օրակարգը կտանեն այդ երկրները դեպի եվրոպական ինտեգրացիա, ինչին էլ՝ ազատ Եվրոպա ունենալու տեսլականին ձգտում են ԵՄ երկրները:

Իսկ ո՞ւր է պատրաստվում Հայաստանը…

Վերջին օրերին ՀՀ իշխանությունների հայտարարությունները դարձյալ արձանագրում էին պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը բանակցությունների սեղանին է, այսինքն՝ ՀՀ իշխանությունների համար այն օրակարգային է: Թեեւ եվրոպացի պաշտոնյաները հասկացնում են, որ Ասոցացման համաձայնագրի վերաշարադրման գործընթացն ընդունելի չեն համարում, հստակ է, որ այնուամենայնիվ, ինչ-որ նոր ձեւաչափ գտնվելու է՝ անկախ այն բանից, թե նոր փաստաթուղթը ինչ անվանում կունենա: Սա, իհարկե, դժվար է լինելու պատկերացնել, քանի դեռ պարզ չէ՝ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրությամբ որքան է խորանալու եվրասիական ինտեգրացիայի գործընթացի մեջ: Մի գործընթաց, որից անգամ անդամ պետությունները «գլուխ չեն հանում»:

Մինսկում այսօր ծրագրված է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական հանդիպումը, որի ընթացքում ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրման հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ Մաքսային միությանը միանալու Ղրղըզստանի պատրաստակամությունը: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» գրել էր նախօրեին, որ Ղազախստանում կարծում են, թե արագ ինտեգրացիոն տեմպը վնաս կհասցնի Միասնական տնտեսական տարածքի լիարժեք գործունեությանը: Նշվել էր նաեւ, որ ՄՄ-ում ստեղծված իրավիճակը այնքան էլ պարզ չէ: Ղազախստանի Համաշխարհային տնտեսական քաղաքականության ինստիտուտի տնօրեն Սուլթան Ակիմբեկովի խոսքով՝ ՄՄ-ում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել այն պատճառով, որ դրա ստեղծման հարցում շատ են շտապել, եւ բազմաթիվ փաստաթղթեր մնացել են թերի մշակված: «Այսօր մենք բախվում ենք հենց այդ խնդրին: Օրինակ՝ առկա են դժվարություններ՝ կապված ռուսական շուկայում ղազախական ապրանքների հասանելիության հետ: Ռուսաստանից Ղազախստան կարելի է բերել ցանկացած ապրանք, իսկ Ղազախստանից Ռուսաստան՝ հեշտ չէ»,- նշել էր Ակիմբեկովը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը օրերս նկատել էր. «Ղազախստանը զբաղեցնում է ՌԴ-ի շուկայի միայն 7 տոկոսը, այդ իսկ պատճառով հայտնվում ենք պարտվողականության իրավիճակում»: Նրա համոզմամբ՝ սկզբում ՄՄ երկրների միջեւ առեւտուրը մեծացել է, եւ այժմ ղազախական շուկայում կան ռուսական եւ բելառուսական ապրանքներ, սակայն Ղազախստանն իր ապրանքները վաճառում է ավելի քիչ, քան ՄՄ գործընկերները: Նազարբաեւի խոսքով՝ առեւտրի նման դեֆիցիտը վտանգավոր է իրենց համար:

Այսինքն՝ Մաքսային միությունն, իրականում, անդամ երկրներին մի կողմից՝ զրկում է ինքնուրույն արտաքին առեւտրային քաղաքականություն վարելու հնարավորությունից, մյուս կողմից՝ ներքին շուկայում գների բարձրացման վտանգ կա, իսկ այս պայմաններում ՄՄ ընդլայնման հարցում շտապողականությունը ուղղակի անհասկանալի է եւ ոչ պատճառաբանված:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    այսի՞քն: ինչ է, վախ կա, որ ռուսական ապրանքները կողողեն հայկական շուկան, իսկ հայկականը չի կարող գնալ Ռուսաստան՞, քանի որ ռուսները կխոչընդոտեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031