Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց է մահացել 4-ամյա երեխայի Եհովայի վկա մայրը

Հոկտեմբեր 24,2013 14:32

Ավտովթարի՞ց, թե՞ այն պատճառով, որ  հրաժարվել է արյան փոխներարկումից

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր գյումրեցի   երիտասարդ  Կարեն Վխկրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, համաձայն որի՝  նա այս տարվա փետրվարի 17-ին  Շիրակացի փողոցի մայթի վրա վրաերթի  էր ենթարկել  իրենց հարեւաններին՝ ամուսիններ Նաիրի ու Թերեզա Ուղուրլյաններին,  ու փախուստի դիմել: Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված  42-ամյա Թերեզան դեպքից 4 օր անց մահացել էր: Սակայն տիկնոջ մահը վիճաբանության  թեմա է դարձել դատարանում: Բանն այն է, որ դատաբժշկական փորձաքննության մեջ  նշվում է, որ մահը վրա է հասել այն պատճառով, որ նրան բավարար քանակությամբ արյուն չի ներարկվել: Նա,  հարելով Եհովայի վկա կրոնական համոզմանը, չի թույլատրել, որ իրեն արյուն ներարկեն: Մինչդեռ Թերեզայի հարազատները պնդում են, որ նա անգիտակից վիճակում է  եղել, այնպես որ՝ չէր կարող առարկել: Բացի այդ,  նրա ամուսնու՝ Նաիրիի համոզմամբ, ով եւս հիվանդանոց էր տեղափոխվել՝ վնասվածքներ ստանալով, բժիշկները արյան փոխներարկում չեն առաջարկել:

«Առավոտ»ի հետ զրույցում  Կարեն Վխրկյանի փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց. «ճիշտ է՝ անձը վրաերթի հետեւանքով ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, սակայն իմ պաշտպանյալը գտնում է, որ Թերեզա Ուղուրլյանի մահը պատճառական կապի մեջ չէ վրաերթի հետ: Անձը չէր մահանա, եթե թույլատրեր, որ իրեն արյուն փոխներարկեին: Ինչի՞ հիման վրա է իմ պաշտպանյալի նման հայտարարությունը: Նշեմ, որ գործում առկա են երկու փորձագիտական եզրակացություններ. առաջին փորձագիտական եզրակացությունը՝ թիվ 13-ը, որը կատարվել է Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննական կենտրոնի կողմից՝  Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, տվել  է հետեւյալ եզրակացությունը՝ Ուղուրլյանի մահը պայմանավորված է օրգանիզմի սուր սակավարյունությամբ, որը հետեւանք է մարմնի  վնասված, համակցված բաց եւ փակ վնասվածքների: Այսինքն՝ ստացվում է, որ մարդը ստացել է մարմնական վնասվածքներ, դրանք բազմաթիվ են, շարադրված են, որի հետեւանքով առաջացել է սակավարյունություն,  եւ մահը վրա է հասել: Քանի որ մահվան պատճառը հստակորեն  նշված չէր, մարմնական վնասվածքները  առանձին կարո՞ղ էին առաջացնել մահ՝ առանց սակավարյունության, թե՞ միայն սակավարյունությունն էր պատճառը, մեր միջնորդությամբ եւ քննիչի նախաձեռնությամբ նշանակվեց երկրորդ համալիր՝ թիվ 80 փորձաքննությունը»,- տեղեկացրեց Թամարա Յայլոյանը: Համալիր փորձաքննությունը  կատարվել է Երեւանում եւ ոչ միայն պատասխանել է այն հարցին, թե ո՞րն է մահվան պատճառը, այլեւ՝ առկա՞ էր բժշկական սխալ, թե՞ ոչ: «Բազմաթիվ անգամ նշվում է եզրակացության մեջ, որ հիվանդը հրաժարվել է արյան փոխներարկումից: Սա հիվանդության պատմությունից է՝ հիվանդի ընդհանուր վիճակը ծանր է, հիվանդը պոկել է կադետորը, կադետիրիզացիա հնարավոր չեղավ անցկացնել, հիվանդն ու ամուսինը հրաժարվում են արյան փոխներարկումից, եւ փակագծի մեջ ընթերցում ենք՝ Եհովայի վկաներ: Իսկ վերջում հետեւությունների մասն է, թե ինչից է վրա հասել մահը՝ Ուղուրլյանի նկատմամբ  կատարված  բուժումը համապատասխանում է դրված ախտորոշմանը, սակայն հիվանդին արյան եւ արյան փոխներարկիչներ ոչ լրիվ ծավալով ներարկում կատարելը բերել է հիվանդի վիճակի ծանրացման եւ մահվան: Իսկ պատճառը, թե ինչու չեն ներարկել, նշվում է, որ հիվանդն ու նրա ամուսինը հրաժարվում են»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ հիվանդությունը բարդացել  է,  եւ մահը վրա  է հասել արյուն չներարկելուց: Մինչդեռ տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆիկ Շիրոյանի համոզմամբ՝  այդ փորձաքննությունը կասկածելի է, անորոշ: «Սխալ է մեկնաբանվում, ճիշտ է, Թերեզա Ուղուրլյանը եղել է Եհովայի վկա, բայց հիվանդանոցում գտնվելու ժամանակ միայն իր հայրն է կողքին եղել,  եւ հայրն էլ էդ հավատքի ներկայացուցիչ չէ: Բացառված է, որ չթողներ աղջկան արյուն ներարկեին, եւ աչքի առաջ իր երեխան մահանար, դա բացառված է: Ուրիշ հարց, եթե նա էլ լիներ Եհովայի վկա, արդեն իրավիճակը մի քիչ այլ կլիներ: Թերեզան գիտակցություն չի ունեցել, հայրը գնացել է արյան փոխներարկման կայան,  բերել է արյան փոխներարկիչներ, մի անգամ  ներարկել են, երկրորդը չեն հասցրել ներարկել: Մենք բժշկին հրավիրեցինք  դատարան՝ որպես վկա, որպեսզի պարզաբանենք՝ կա՞ բժշկական սխալ, թե՞ ոչ: Եվ  եթե հիվանդը չի թողնում, որ արյուն ներարկեն՝ իրենք ի՞նչ  գործողությունների պետք է դիմեին: Եզրակացությունն էլ հակասական է. դատական բժիշկը մեկ տվել է, որ վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն, իսկ   14 կետից բաղկացած պատասխաններում միայն երկու կետում է  գրված, որ սակավարյունության հետեւանքով է, որը  բարդացրել է  վիճակը եւ բերել մահվան: Իսկ մյուս կետերում հարցի պատասխանը տված էր, որ ճիշտ է կատարվել. հակասական է: Ես կարծում եմ, որ Թերեզայի մահվան պատճառը հենց վրաերթն է: Երբ ընթերցում ենք դատաբժշկի եզրակացությունը, մարմնի վրա առողջ տեղ չի մնացել, փայծաղը նույն օրը հեռացրել են, կոտրվածքներ,  վնասվածքներ, կես մարդ է դարձել, մի կերպ հասցրել են հիվանդանոց, մի թեւը լրիվ ջախջախված է եղել, ու էդ պարագայում ինքը քաշեր արյան փոխներարկիչը անջատեր, դա բացառված է»,- ասաց Ռաֆիկ Շիրոյանը:

Շուտով դատարան կհրավիրվի Թերեզա Ուղուրլյանին բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկը, որպեսզի պարզվի, թե ինչ է իրականում կատարվել հիվանդանոցում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031