Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուն քաշքշուկների մեջ է

Հոկտեմբեր 24,2013 14:29

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա 23 շենքի 9 բնակարանի բնակիչ Թելման Արիստակեսյանը 2010 թվականից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում՝ տղայի տանը, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել: Ռուսաստանում ստացել է քաղաքացիություն եւ նաեւ բուժվել այնտեղ: ՌԴ-ում է ստացել 2011 եւ 2012 թվականների թոշակը, սակայն չի ստացել 2010-ինը:  Այս տարի Արմավիր վերադառնալուց հետո դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի բաժին, որպեսզի ստանա չստացած 2010 թվականի կենսաթոշակը:

«Արմավիրի սոցապում աշխատակցուհին՝ Ալվարդը, կոմպյուտերով նայելուց հետո ինձ պատասխանեց, որ ես 420.000 դրամ ունեմ ստանալու, բայց քանի որ մարտ ամսվա ցուցակներն արդեն ուղարկել էին, ասաց՝ եկեք հաջորդ ամսին, որպեսզի գրենք ցուցակում ձեր կենսաթոշակը: Ապրիլ ամսին գնացել եմ, նորից առանց պատասխանի հետ են վերադարձրել»,- «Առավոտին» գրած նամակում պատմում է Թ. Արիստակեսյանը:

Թելման Արիստակեսյանը եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում. «Բայց, ցավոք սրտի, ոչ ինձ լսեցին, ոչ էլ ներս թողեցին պարոն Պարոնյանի մոտ: Մինչեւ օրս քաշքշուկի մեջ եմ»,- ասում է քաղաքացին:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանն ասաց. «Երկու տարվա կենսաթոշակը քաղաքացին ստացել է Ռուսաստանի Դաշնությունում: ԱՊՀ երկրների հետ մենք ունենք միջպետական պայմանագրեր, ըստ որոնց՝ եթե այդ երկրներից մեկում, որը ստորագրել է այդ փաստաթղթի տակ, ՀՀ քաղաքացին ստանում է կենսաթոշակ, մնացած այլ պետություններում չի կարող ստանալ, այսինքն՝ ըստ ձեր տված տեղեկատվության, որ ինքը 2011-2012 թվականներին թոշակը ստացել է Ռուսաստանի Դաշնությունում, ինքը այդ տարիների թոշակը չի կարող ստանալ Հայաստանում»: Իսկ 2010 թվականի կենսաթոշակի մասին քաղաքացու այն պնդումը, որ Արմավիրի մարզում «սոցապաշխատողը» նշել է՝ նա կարող է ստանալ, պարոն Շահբեկյանը համարում է ոչ ճշգրիտ եւ անհնարին. «Այդ նամակում գրվածը որեւէ հիմք չի կարող հանդիսանալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քաղաքացին կարող է իր կենսաթոշակի իրավունքը վերականգնել, եթե փաստաթուղթ բերի ՌԴ-ի իր տարածքային սոցապբաժնից, որ ինքը այնտեղ որպես կենսաթոշակառու հաշվառված չէ: «Այն պահից սկսած, երբ իրավունքը վերականգնվում է, հետ ենք գնում մեկ տարի, եւ նա ստանում է այդ տարվա կենսաթոշակը, եթե այդ տարի ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք»,- պարզաբանեց Արամայիս Շահբեկյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031