Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի մահվան մասին երկու օր ուշացումով են հայտնել

Հոկտեմբեր 24,2013 14:25

Գեւորգ Կոծինյանի մահվան գործով երկրորդ անգամ վերաքննիչ բողոք է բերվել

Կրստեր սերժանտ Մարգար Դավթյանը, շարքայիններ Տարոն Սուվարյանը,  վարորդ Վահե Աղաջանյանը եւ Արմեն Ռաֆայելյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին երկարատեւ ազատազրկման: Գործի քննությունը շարունակվել էր ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, վերաքննիչ դատարանում երկրորդ անգամ կլսվի ամբաստանյալների բերած բողոքը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ Քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնի կողմից 08.02.2011թ. հարուցվել էր քրեական գործ:

Պարզվել էր, որ 2-րդ հրետանային դիվիզիոնի 4-րդ մարտկոցի ժամկետային զինծառայող, հաշվարկի հրամանատար, պաշտոնատար անձ համարվող, կոչումով կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը փետրվարի 6-ին, ժամը 18:30-ի սահմաններում, մինչ այդ ոգելից խմիչք օգտագործած վիճակում՝ Տարոն Սուվարյանի ծննդյան օրվա առթիվ,  չի դադարեցրել շարքայիններ Տարոն Սուվարյանի եւ Վահե Աղաջանյանի կողմից շարքային Գեւորգ Կոծինյանին ծեծի ենթարկելը:

Պատճառն իբր եղել է Գ. Կոծինյանի՝ զորանոցում ծխելը եւ իրենց հետ խոսելիս վերջինիս բնորոշ բարբառն օգտագործելը: Ծեծի հետեւանքով Կոծինյանը Մեխակավանի զինհոսպիտալ տեղափոխվելիս գիտակցության չգալով՝ մահացել է:

Տարոն Սուվարյանը դատարանում հայտնել էր, որ  2011թ. փետրվարի 6-ին՝ իր ծննդյան օրը, այն նշելու համար, ժամը 15. 00-ի սահմաններում, 2-րդ դիվիզիոնի 4-րդ մարտկոցի պահեստանոց է հրավիրել համածառայողներ Արշակ Ավետիսյանին, Դավիթ Էլբակյանին, Գագիկ Մելքոնյանին, Լենդրուշ Քոչարյանին, Արշակ Առաքելյանին եւ ճաշկերույթի ընթացքում օգտագործել են ալկոհոլային խմիչքներ:  2 շիշ կոնյակ նրան ուղարկել էին տանից եւ այդ ժամանակ օգտագործել են 1 շիշ կոնյակը եւ 1 շիշ օղի: Ըստ գործի նյութերի, ճաշկերույթի եւ ոգելից խմիչքները օգտագործելու ընթացքում իրենց տեսել է դիվիզիոնի պատասխանատու, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը եւ որեւէ դիտողություն չի արել: Այնուհետեւ, միջոցառումը շարունակելու նպատակով, ժամը 16.30-ի սահմաններում, նույն դիվիզիոնի 5-րդ մարտկոցի պահեստանոց է հրավիրել համածառայողներ Պետրոս Խաչատրյանին, Մարգար Դավթյանին, Հովհաննես Սարգսյանին, Վահե Աղաջանյանին, Արշակ Առաքելյանին եւ շարունակել են խնջույքը, որի ժամանակ օգտագործել են եւս 1 շիշ օղի եւ 1 շիշ կոնյակ: Այդ խնջույքին 10-15 րոպեով միացել է նաեւ ավագ լեյտենանտ Ա. Ռաֆայելյանը, որը չնայած ալկոհոլ չի օգտագործել, սակայն նրա ներկայությամբ բոլոր մյուս զինծառայողները օգտագործել են: Հարբած զինծառայողները գնացել են  զորանոց: Շարքային Գեւորգ Կոծինյանը զորանոցում տեղադրված վառարանից ծխախոտ է վառել եւ դուրս եկել զորանոցից՝ ծխելու: Նրա հետեւից դուրս է եկել կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, որից հետո ինքը եւ շարքային Վահե Աղաջանյանը: Ըստ գործի նյութերի, զորանոցի մուտքի դռան առջեւ Մ.Դավթյանը Գ. Կոծինյանին հարցրել է, թե ինչու է նա զորանոցում ծխել: Գ. Կոծինյանը պատասխանել է, որ չի ծխել, այլ միայն ծխախոտը վառել է վառարանից եւ դուրս եկել զորանոցից՝ դրսում ծխելու համար: Շարունակելով խոսակցությունը՝ Մարգար Դավթյանը հարցրել է Գեւորգ Կոծինյանին, թե արդյոք նա չգիտի՞, որ զորանոցում չեն ծխում, ինչին Գ. Կոծինյանը պատասխանել է՝ «ա, դե չեմ ծխել»: Վահե Աղաջանյանը «ա, դե-ն որն է» ասելով՝ քաշել է Գ. Կոծինյանի թշից ու մեկ անգամ ոտքով հարվածել նրա ոտքին: Գ. Կոծինյանը Վ. Աղաջանյանին ասել է, որ չհարվածի ու առաջարկել է Վ. Աղաջանյանին առանձնանալ՝ զրույցը շարունակելու համար: Եռյակը՝ Վահե Աղաջանյանը, Մարգար Դավթյանը եւ Գեւորգ Կոծինյանը գնացել են զորանոցի շենքի հետնամասում գտնվող տարածք, որտեղ Վ. Աղաջանյանը դարձյալ հարցրել է Գ. Կոծինյանին, թե՝ «ա, դե-ն որն» է: Գ.Կոծինյանը պատասխանել է, որ այդ արտահայտությունը իր մոտ սովորություն է: Վ. Աղաջանյանը ապտակել է Գ.Կոծինյանին: Հարբած շարքայինները սկսել են ձեռքերով եւ ոտքերով հարվածել Գ. Կոծինյանին:  Նույն օրը տեղեկանալով կատարվածի մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ցուցաբերելով իշխանության անգործություն՝ հրամկազմը այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, որի պատճառով դեպքի մասին հայտնի է դարձել միայն երկու օր անց՝  2011թ. փետրվարի 8-ին:

Մարգար Դավթյանը, Տարոն Սուվարյանը, Վահե Աղաջանյանը եւ Արմեն Ռաֆայելյանը ձերբակալվել էին փետրվարի 10-ին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջել էին  Մարգար Դավթյանից, Տարոն Սուվարյանից, Վահե Աղաջանյանից եւ Արմեն Ռաֆայելյանից, որ ոչ միայն նրանց դատապարտել կատարած հանցագործության համար, այլ համապարտության կարգով Կոծինյանի հուղարկավորության հետ կապված ծախսերի կապակցությամբ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ գումար բռնագանձել, իրավական օգնություն ստանալու նպատակով «Պոպուլեքս» ՍՊ  ընկերության հետ կնքված վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի  գինը՝ 450.000 դրամի չափով եւ Գեւորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման բարոյական վնասի փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից հօգուտ Բորիս Ադամյանի՝ հինգ միլիոն ՀՀ դրամի չափով բռնագանձել:  Ի դեպ, տեղեկացնենք, որ Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել էր համաներում դեռեւս 2011-ին:

Այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները Լոռու մարզի փաստաբաններ Կարեն Թումանյանն ու Էդմոն Մարուքյանն էին:

Տեղեկացանք, որ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 30-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031