«Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 25/01-57734 գրության, Ծառայությանը տրամադրված թիվ 1325322 եւ 325326 տեղեկանքների՝ Վալերիկ Հարությունյանի հայրը՝ Սերգեյ Եղիշի Հարությունյանը, 2003 թվականի հուլիսի 16-ին ստացել է ՀՀ քաղաքացու AF սերիայի թիվ 0710312 անձնագիրը, իսկ մայրը՝ Օֆելյա Ստեփանի Հարությունյանը, 2003 թվականի հուլիսի 9-ին ստացել է ՀՀ քաղաքացու AF սերիայի թիվ 0710297 անձնագիրը։ Ծնողների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ Վալերիկ Հարությունյանը եղել է մինչեւ 18 տարեկան»,- գրում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը՝ դադարեցնելով Վալերիկի փախստականի կարգավիճակը:
Վալերիկն իր իրավունքները վերականգնելու համար դիմել էր Հայաստանի վարչական դատարան, որտեղ նախագահող դատավոր Կարեն Ավետիսյանը մերժել էր նրա՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու մասով հայցը եւ ՄՊԾ-ի կայացրած որոշումը թողել էր անփոփոխ: Քանի որ դատարանը միակ պետական մարմինն է, որը կարող էր միջամտել Վալերիկի իրավունքները վերականգնելու հարցում, այդ իսկ պատճառով Վալերիկը վարչական դատարանի վճիռը բողոքարկել է Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանում: Նախագահող դատավոր Արա Բաբայանի եւ դատավորներ Աշոտ Սարգսյանի, Հովսեփ Բեդեւյանի ներկայությամբ լսվեց վերաքննիչ բողոքը: Դատաքննությանը ներկա էր հայցվոր Վալերիկի՝ դատարանում ներկայացուցիչ՝ Աշխեն Եսայանը, իսկ պատասխանող կողմ Միգրացիոն ծառայությունը ներկա չէր նիստին եւ ինչպես միշտ, այս անգամ եւս, դատարանին ներկայացրել էր գրություն, որ գործը լսվի առանց իրենց ներկայության: Նույնիսկ Վալերիկի բողոքին պատասխան չէր ուղարկվել ՄՊԾ-ի կողմից, որպեսզի ներկայացուցիչը կարողանար իր դիրքորոշումն արտահայտել: Դատավոր Արա Բաբայանի այն հարցին, թե քանի՞ տարեկան էր Վալերիկը, երբ նրա ծնողներն ընդունել են ՀՀ քաղաքացիություն, Աշխենը պատասխանեց. «Հայցվորն այդ պահին եղել է 15 տարեկան»:
Այդ հարցն ուղղակի չէր ուղղված, քանի որ ՄՊԾ-ն՝ դադարեցնելով Վալերիկի փախստականի կարգավիճակը, պատճառ էր բերել, որ նրա 18 տարին լրացած չի եղել, երբ նրա ծնողներն ընդունել են ՀՀ քաղաքացիություն, սակայն նույն այդ ՄՊԾ-ն իրար հակասող բազում որոշումներով օրենքը կիրառել է անհամաչափ ու սխալ ձեւակերպումներով: Նախ, փախստականներին բաժանել են երկու խմբի՝ մինչեւ 18 տարեկաններ եւ մինչեւ 14 տարեկաններ: Նա, ում ծնողը քաղաքացիություն է ընդունել մինչեւ իր՝ 14 տարին լրանալը, ՄՊԾ-ն դադարեցրել է փախստականի կարգավիճակը եւ «շնորհել» ՀՀ քաղաքացիություն: Եթե ուղղորդվենք ՄՊԾ-ի կիրառած օրենքներով, ապա տրամաբանական է, որ եթե ծառայությունը շեշտում է, թե երեխան չի կարող լինել փախստական, քանի որ նրա ծնողների քաղաքացիության ձեռքբերման ժամանակ եղել է մինչեւ 14 տարեկան, ապա այստեղից էլ հետեւություն, որ 14 տարեկաններից բարձր տարիք ունեցողները կարող են համարվել փախստականներ, սակայն ՄՊԾ-ն եւս մեկ խումբ է ստեղծել՝ մինչեւ 18 տարեկաններ: Ուշագրավն այն է, որ բոլոր փախստականների վրա պետք է կիրառվի մեկ օրենք, որն էլ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքն է եւ որին հաջորդում են կոնվենցիաները, սակայն բոլոր փախստականներին առանձին վերցված՝ կիրառվել են տարաբնույթ օրենքներ՝ նույնիսկ ուժը կորցրած «Փախստականների մասին» ՀՀ օրենքը:
Այդ ամենն էր, որ Աշխենն ապացուցում էր Հայաստանի վարչական դատարանում, որպեսզի կարողանա վերականգնել Վալերիկի իրավունքները, սակայն վարչական դատարանում նույնպես հաշվի չի առնվել ոչ մի փաստ եւ հիմա Աշխեն Եսայանը ներկայացնում էր ապացույցներ, որ Վալերիկի փախուստի փաստն առկա է, որ նա բռնագաղթված անձ է եւ փախստականի կարգավիճակ է ստացել 2003 թվականին՝ նախքան ծնողների քաղաքացիություն ընդունելը, ինչպես նաեւ 8 տարի շարունակ ունեցել է փախստականի անձը հաստատող բոլոր փաստաթղթերը:
Որքան անօրինության շղթան երկարում է, այնքան տուժում են զգալի թվով փախստականներ եւ արդյունքում ոչ մի միջամտություն չկա՝ արդարությունը վերականգնելու հարցում:
Առաջին հայացքից թվում է, թե միայն հասարակ անձնագրի խնդիր է, սակայն իրականում առանց այդ անձնագրի Վալերիկը չի կարողանա ազատ տեղաշարժվել ու բացի դա՝ նա դեռ պետք է դատի տար Ադրբեջանին, որպեսզի պահանջեր իրեն հասցրած ֆինանսական եւ բարոյական փոխհատուցումը: Այն պարագայում, երբ ՄՊԾ-ն ինչ-որ ծրագրերով, կազմակերպված պլաններով անհարմար վիճակի մեջ է դնում ՀՀ-ում գտնվող հայ փախստականներին, այդ ընթացքում Ադրբեջանն ուռճացնում է իր մոտ գտնվող փախստականների թիվը եւ դա դարձնում իր համար միջազգային պայքարի եզակի զենք:
Վալերիկի դեպքում եզակի զենք չկա: Նրա միակ հավատը դատարանն էր, որը, սակայն, նույնպես հիասթափեցրել է նրան, եւ նա նույնիսկ չի ակնկալում, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին նշանակված նրա վճռի հրապարակման օրը դատարանը կբավարարի նրա բողոքը՝ վերականգնելով արդարությունը:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ